> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՉՎԱԽԵՆԱՔ ԵՎ ՉԿԱՍԿԱԾԵՔ

ՉՎԱԽԵՆԱՔ ԵՎ ՉԿԱՍԿԱԾԵՔ

Ստորեւ բերվող խմբագրականը պատրաստված է Հայ ազգային կոնգրեսի Դավիթաշենի համայնքային շտաբի բացման արարողության ժամանակ հեղինակի ունեցած ելույթի հիման վրա:

Հայ ազգային կոնգրեսի իմ ընկերները քաջալերում են ինձ, ասելով, թե նույնիսկ բանտից ոգեւորել եմ մարդկանց: Ուզում եմ ընդգծել հակառակը` Համաժողովրդական շարժման ակտիվիստները, Հայ ազգային կոնգրեսն են ինձ ոգեւորել, ուժ տվել, եւ եթե կարողացել եմ բանտում ինչ-որ բան անել, դա կարողացել եմ անել ՀՀ քաղաքացու, Համաժողովրդական շարժման ակտիվիստների, Հայ ազգային կոնգրեսի պայքարի շնորհիվ: Այս ժամանակաշրջանը բարդ է եղել ոչ միայն նրանց համար, ովքեր եղել են բանտում, այլեւ նրանց համար, ովքեր գտնվել են ազատության մեջ: Այս ժամանակաշրջանը չափազանց բարդ է եղել Հայ ազգային կոնգրեսի, նրա քաղաքական ղեկավարության համար, որովհետեւ թե քաղաքական շարժման, թե քաղբանտարկյալների ճակատագրի համար պատասխանատվությունը ընկած է եղել հենց Կոնգրեսի ղեկավարության վրա: Եւ այս ֆոնին շատ մարդիկ իշխանության, ավազակապետության, ապօրինության ու բեսպրեդելի դեմ պայքարելու փոխարեն` պայքար են ծավալել Հայ ազգային կոնգրեսի դեմ:

Հակակոնգրեսական այդ արշավը ունեցել է ինչպես սպասելի, այնպես էլ անսպասելի դրսեւորումներ: Եւ բանտում ինձ համար ակնհայտ է եղել, որ ցանկացած մարդ, անկախ անուն-ազգանունից, ով պայքարում է Հայ ազգային կոնգրեսի դեմ, պայքարում է քաղբանտարկյալների ազատության դեմ, պայքարում է անձամբ իմ ազատության դեմ: Գուցե դրսում գտնվողները այդ զուգահեռը չեն զգացել, բայց ես բանտում այդպես եմ ընկալել իրավիճակը:

Հիմա` ինչպիսի՞ն է քաղաքական իրավիճակի իմ գնահատականը: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ իշխանափոխությունը Հայաստանում մեկնարկել է, իշխանափոխությունը Հայաստանում ընթացքի մեջ է: Ոմանք դա անվանում են հեղափոխություն, ոմանք դա անվանում են իշխանափոխություն, ոմանք դա անվանում են սահմանադրական կարգի վերականգնում: Ինչպես կուզեք անվանեք` իշխանափոխություն, հեղափոխություն, թե սահմանադրական կարգի վերականգնում… Սրանից էությունը չի փոխվում, պրոցեսն ընթացքի մեջ է: «Процесс пошел»: Մյուս կողմից, ահա, դրա արագությունը, հեղափոխության վերջնական հաղթանակի ժամկետները կախված են մեզնից յուրաքանչյուրից:

Հայ ազգային կոնգրեսը Հայաստանով մեկ ունի բազմաթիվ շտաբներ, եւ այդպիսի ամեն շտաբ, ամեն շտաբի յուրաքանչյուր ակտիվիստ, ներգրավված ամեն քաղաքացի ինքն է որոշելու Հայաստանում իշխանափոխության ընթացքի արագությունը: Ձեզնից յուրաքանչյուրն իր ամենօրյա գործունեությամբ կամ արագացնելու է այդ պրոցեսը, կամ դանդաղեցնելու է այն: Քաղբանտարկյալների ազատությամբ իսկապես նոր փուլ բացվեց: Քաղբանտարկյալների ազատությունը, Ազատության հրապարակի վերանվաճումը, մարտի 1-ի քննության վերսկսումը մեր շատ լուրջ հաջողությունն է: Բայց եկեք կանգ չառնենք այդ հաջողության վրա, որովհետեւ եթե ուզում ենք Հայաստանում չլինեն քաղբանտարկյալներ, եթե ուզում ենք Ազատության հրապարակը չբռնազավթվի, եթե ուզում ենք նոր մարտիմեկեր չլինեն եւ բացահայտվեն 2008 մարտի 1-ի սպանությունները, դրա համար կա մեկ նախապայման, մեկ լուծում. ավազակապետությունը` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, պետք է հեռանա: Հայաստանը պետք է ազատվի ավազակապետությունից, Սերժ Սարգսյանից: Եւ ձեզ կոչ եմ անում. եթե ինչ-որ կասկածներ կան մեր մեջ, հաղթահարենք այդ կասկածները, համախմբվենք եւ ի վերջո լուծենք ավազակապետությունից ազատվելու խնդիրը, որը ոչ թե մեր անձնական քմահաճույքն է, այլ մեր սերունդների ապագայի հրամայական: Եկեք համախմբվենք եւ ենթարկվենք այդ հրամայականին:

Ամեն ինչ կախված է մեզանից. իշխանությունից այլեւս ոչ մի բան կախված չէ: Կգնա՞ իշխանությունը երկխոսության, դա արագացնելու է իշխանափոխության պրոցեսը, չի՞ գնա երկխոսության, դա արագացնելու է իշխանափոխության պրոցեսը, կստորագրի՞ Սերժ Սարգսյանը Կազանում ինչ-որ բան, դա արագացնելու է իշխանափոխության պրոցեսը, չի՞ ստորագրի Կազանում ինչ-որ բան, դա էլի արագացնելու է իշխանափոխության պրոցեսը: Քաղաքական պրոցեսը ամբողջությամբ գտնվում է մեր` ընդդիմության վերահսկողության ներքո, Հայ ազգային կոնգրեսի, ՀՀ քաղաքացու վերահսկողության ներքո:

Իշխանությունը գիտակցում է սա եւ ժամանակ առ ժամանակ ակտիվացնում է իր ոստիկաններին, սափրագլուխներին` իրավիճակը սեփական հսկողության տակ առնելու համար: Բայց մենք արդեն ցույց ենք տվել, ապացուցել ենք.

ոչ ոստիկանությամբ, ոչ բանակով, ոչ սափրագլուխներով, ոչ բանդիտներով մեր պայքարը հնարավոր չէ կասեցնել, մեզ հնարավոր չէ կանգնեցնել: Որեւէ ոստիկան, որեւէ ուժ չի կարող կանգնեցնել իշխանափոխության պրոցեսը: Իսկ եթե ընդդիմադիր որեւէ ակտիվիստ, որեւէ քաղաքացի ենթարկվի հետապնդման, հետապնդման մտավախություն ունի` թող իմանա. ցանկացած պահի, ցանկացած ժամի, օրվա մեջ 24 ժամ մենք իր կողքին ենք: Երբ դուք կունենաք կոնկրետ խնդիր, խնդրում եմ, մի փորձեք այդ պրոբլեմը թաքցնել, մի փորձեք այդ պրոբլեմը պարտակել` վախենալով ավելի մեծ պրոբլեմներից: Օրվա մեջ 24 ժամ ձեր կողքին ենք: Ով էլ լինի ձեզ ահաբեկել փորձողը` հանցագործ լինի, ոստիկան լինի, գեներալ լինի, ավտոմատով լինի, տանկով լինի` մենք ձեր կողքին ենք: Չվախենաք:

Նրանք են վախենում մեզանից, նրանք մեզնից վախենում են սկսած այն պահից, երբ համոզվեցին, ակնհայտ տեսան, որ մենք իրենցից չենք վախենում: Իսկ դա նրանք տեսել են շոշափելիորեն: Եթե նոր ապացույցների կարիք լինի, մենք այդ նոր ապացույցները նույնպես կընձեռենք: Իմացեք` նրանք վախենում են մեզանից եւ ճիշտ են անում, որ վախենում են, որովհետեւ նրանք վախենալու շատ բան ունեն, որովհետեւ այն դարաշրջանը, որ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի նմանների կողմից վերածվեց բեսպրեդելի եւ ամենաթողության դարաշրջանի, այդ դարաշրջանը Հայաստանում ավարտվում է: Այդ դարաշրջանի ավարտը բոլորով ենք կերտելու, եւ կերտելու ենք առաջիկա քաղաքական շրջանում: Մի կասկածեք, ես գիտեմ, որ չեք էլ կասկածում, բայց ամեն անգամ մենք բարձրաձայն պետք է արձանագրենք, որ չենք կասկածում մեր հաղթանակին, սեփական ձեռքերով կերտելու ենք այդ հաղթանակը եւ իրար շնորհավորելու ենք, Հայաստանին շնորհավորելու ենք այդ հաղթանակի կապակցությամբ:

Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.