> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԵՏ ՏՎԵՔ ՆԻԿՈԼԻ ՕՐԱԳԻՐԸ

ՀԵՏ ՏՎԵՔ ՆԻԿՈԼԻ ՕՐԱԳԻՐԸ

Հրայր Թովմասյան«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի անունից հետեւյալ գրությունը երեկ մուտքագրվել է ՀՀ արդարադատության նախարարության քարտուղարություն.

ՀՀ արդարադատության նախարար
Հրայր Թովմասյանին

Պարոն Թովմասյան.

Քաղբանտարկյալ լինելու բերումով 2009 թ. հուլիսի 1-ից 2011թ. մայիսի 27-ը գտնվել եմ անազատության մեջ: 2010 թվականի նոյեմբերի 30-ից 2011թ. մայիսի 27-ը գտնվել եմ «Արթիկ» ՔԿՀ-ում` մենախցում: 2010թ. դեկտեմբերից մինչեւ 2011թ. մայիս «Արթիկ» ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչներին եմ հանձնել ծրարված, նամականիշավորված նամակներ` ըստ հասցեի ուղարկելու համար: Հանձնված նամակներից 33-ը մինչեւ օրս էլ «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը չի ուղարկել ըստ ծրարների վրա նշված հասցեների: Այդ նամակները ինձ վերադարձնելու կամ ըստ հասցեի ուղարկելու` «Արթիկ» ՔԿՀ պետ Վ. Սարգսյանին ուղղված իմ բանավոր դիմումները արժանացել են մերժման, իսկ այս կապակցությամբ գրված դիմումները սահմանված կարգով չեն արձանագրվել համապատասխան մատյանում:

Բացի այս` ս/թ փետրվարի 24-ին իմ խցում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում առգրավվել են ինձ մոտ եղած բոլոր գրենական պիտույքները` թուղթ, գրիչ, նամականիշ, ծրար, ինչպես նաեւ «Արթիկ» ՔԿՀ-ում իմ վարած օրագիրը, որտեղ ես մանրամասն նկարագրել եմ իմ նամակագրությունը խոչընդոտելու բոլոր հանգամանքները, դրանում ներգրավված բոլոր անձանց, նրանց հետ ունեցած իմ զրույցները, ՔԿՀ-ում իմ նկատմամբ իրականացված ապօրինությունների այլ մանրամասներ: Ի հեճուկս իմ պահանջների` վերը նշված առարկաները առգրավելու արձանագրություն չի կազմվել, այսինքն` առգրավումը կատարվել է ապօրինի: Տվյալ խնդրի համատեքստում առանձնահատուկ կարեւորություն է ստանում իմ օրագիրը, որտեղ առկա են իմ նկատմամբ տեղի ունեցած աղաղակող ապօրինությունների ապացույցներ: Տեղյակ եմ պահում ձեզ, որ մտադիր եմ ինձ վերադարձվելուց հետո հրապարակել այդ օրագրում առկա գրությունները, ինչպես նաեւ ՔԿՀ վարչակազմին հանձնված ծրարներում առկա բոլոր նյութերը, որոնց մի մասը, ի դեպ, վերաբերում է անձամբ ձեր, ինչպես նաեւ ձեր ղեկավարության գործունեությանը: Ելնելով վերը նշվածից, միջնորդում եմ միջոցներ ձեռնարկել իմ նամակները ինձ վերադարձնելու կամ ըստ հասցեի ուղարկելու, ինչպես նաեւ ապօրինի առգրավված իմ օրագիրը ինձ վերադարձնելու համար:

Կանխավ շնորհակալություն
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխ. խմբագիր
15.06.2011թ.

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ վարչական դատարանում շարունակվում է Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հայցերի քննությունը: Այդ հայցերով Փաշինյանը բողոքարկում է «Նուբարաշեն» ՔԿՀ եւ «Կոշ» ՔԿՀ պետերի` իրեն տույժի ենթարկելու մասին 5 որոշումները եւ մտադիր է տվյալ գործերը դատարանում հետապնդել մինչեւ վերջ: «ՀԺ»-ի գլխավոր խմբագիրը կարծում է, որ չնայած ինքը արդեն ազատության մեջ է, իրեն տույժի ենթարկելու որոշումները ուժի մեջ չեն եւ մեծ հաշվով նշանակություն չունեն, այսուհանդերձ ՔԿՀ պետերի եւ կրիմինալի միջոցով իշխանության իրագործած ապօրինությունների բացահայտումը սկզբունքի հարց է:

Ի դեպ, այս օրերին նշված գործերով դատական նիստեր կան նշանակված «Արթիկ» ՔԿՀ-ում, որոնք հասկանալի պատճառներով տեղի չեն ունենում. ՔԿՀ-ն չի կարող իր տարածքում «օտար» դատավարություններ թույլ տալ: Ենթադրվում է, որ սույն գործերով դատաքննությունները կշարունակվեն արդեն Երեւանում, Վարչական դատարանի շենքում: Նիստերը, սակայն, առայժմ պաշտոնապես չեն տեղափոխվել Վարչական դատարանի շենք:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.