> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՍԵՐԺԻՑ ՔԱՇՎԱԾՆԵՐԸ

ՍԵՐԺԻՑ ՔԱՇՎԱԾՆԵՐԸ

Սերժ Սարգսյանը հասկանում է, անշուշտ, թե ընդդիմության հետ երկխոսելուց հրաժարումը ինչ վտանգներով է հղի իր ղեկավարած իշխանախմբի համար: Հասկանում է, որ նույնպիսի վտանգներով հղի է նաեւ ինքը` երկխոսությունը: Այս պարզ ու հասկանալի գիտակցումն է ահա ձեւավորում այն իներտ մոտեցումը, որ իշխանությունը ցուցաբերում է ընդդիմության հետ երկխոսություն սկսելու հարցի շուրջ: Վարչախումբն ակնհայտորեն չի ուզում երկխոսել` գիտակցելով դրա հնարավոր հետեւանքները իշխանական գործող բուրգի հետագա ճակատագրի համար: Չի էլ կարողանում հստակ հրաժարվել երկխոսությունից, գիտակցելով նաեւ այսպիսի մոտեցման հնարավոր հետեւանքները իշխանական գործող բուրգի հետագա ճակատագրի համար:

Այսպիսով, իշխանության տարբեր ներկայացուցիչներ տանջվում-չարչարվում, քրտնում-չորանում են այնպիսի ձեւակերպումներ հորինելու վրա, որ ստացվի, թե իշխանությունը չի հրաժարվում երկխոսությունից, բայց նաեւ բացառվի երկխոսությունը սկսելու որեւէ հնարավորություն: Դե յուրե ստացվի, որ պատրաստ են երկխոսության, դե ֆակտո` բոլորը հասկանան, որ իշխանությունը հրաժարվում է երկխոսությունից:

Ահա այս վախվորած մոտեցման արդյունքում են ծնվում Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ներկայացուցիչների հայտարարությունները: Նրանց ասածի իմաստը հետեւյալն է. իշխանությունները երկխոսության համար չեն պատրաստվում կոնկրետ պատվիրակություն կազմել:

- Եթե ընդդիմության հետ երկխոսության թեման վերաբերվում է օրենսդիր մարմնին, ընդդիմության ներկայացուցիչները թող գան ու երկխոսեն օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ:

- Եթե ընդդիմության հետ երկխոսության թեման վերաբերվում է կառավարությանը կամ առանձին նախարարությունների, թող ընդդիմության ներկայացուցիչները գան եւ երկխոսեն կառավարության կամ նախարարությունների ներկայացուցիչների հետ:

- Եթե թեման վերաբերվում է նախագահական նստավայրին, թող գան եւ երկխոսեն նախագահական նստավայրի ներկայացուցիչների հետ:

Այսպիսի բաներ են խոսում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Ինչը ուրեմն, նրանց ասածի մեջ ճիշտ չէ:
Խնդիրն այն է, ահա, որ ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը չի վերաբերվում եւ չի կարող վերաբերվել Ազգային ժողովին, կառավարությանը, որեւէ նախարարության կամ Սերժ Սարգսյանի աշխատակազմին: Ընդդիմություն-իշխանություն երկխոսությունը չի շոշափելու եւ չի կարող շոշափել օրենսդրական, ենթաօրենսդրական, գերատեսչական հարցեր: Երկխոսության սեղանին դրված է քաղաքական, բացառապես քաղաքական հարց, եւ ուրեմն ընդդիմության հետ երկխոսության մյուս կողմը պետք է լինի քաղաքական իշխանությունը: Ոչ թե օրենսդիր կամ գործադիր որեւէ մարմին, այլ քաղաքական իշխանությունը, որովհետեւ երկխոսության նպատակը մեկն է` հաղթահարել քաղաքական ճգնաժամը, որ 2008 թվականի մարտյան դեպքերից ի վեր չի հաղթահարվում:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կամ կառավարությունը, որեւէ խմբակցություն կամ նախարարություն չեն կարող ներկայացնել երկրի քաղաքական իշխանությունը: Մեր երկրում նման իրավասություն ունի միայն քաղաքական իշխանության գլուխը: Ու քանի որ այդ գլխի դերում այս պահին Սերժ Սարգսյանն է, ուրեմն երկխոսության հակառակ կողմը պետք է լինի հենց նա: Անձա՞մբ, թե՞ ոչ անձամբ: Սա մոտեցման հարց է: Եթե Սերժ Սարգսյանը նպատակահարմար է համարում անձամբ վարել բանակցությունները Հայ ազգային կոնգրեսի հինգ հոգանոց պատվիրակության հետ, որեւէ խնդիր չկա: Բայց եթե դա չի անում անձամբ, ուրեմն պետք է ասի, թե ում կամ ումոնց է լիազորում քաղաքական իշխանության անունից վարել այդ բանակցությունները: Անշուշտ, նման դերում կարող են լինել Կարեն Կարապետյանը, Տիգրան Սարգսյանը, Գալուստ Սահակյանը, Էդիկ Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը բայց ոչ թե այս պահին կառավարությունում, Բաղրամյան 26-ում, կամ ԱԺ-ում իրենց վարած պաշտոնների բերումով, այլ այն հանգամանքով, որ Սերժ Սարգսյանը ինքը հայտարարի, որ հենց այդ մարդկանց է լիազորում ընդդիմության հետ խոսել` քաղաքական իշխանության անունից: Նկատի ունեմ, տվյալ հարցի համատեքստում բանակցության մասնակցի` բանակցություններից դուրս ունեցած կարգավիճակը էական չէ, էականը այն կարգավիճակն է, որ նա ունի հենց երկխոսության գործընթացում: Իսկ նման կարգավիճակով որեւէ անձի կարող է օժտել միայն ինքը` Սերժ Սարգսյանը, ուրիշ ոչ ոք: Վերջինս, սակայն, այնքան է վախեցած երկխոսությունից, վախեցած է նաեւ դրանից ազնվորեն հրաժարվելու քայլի հնարավոր հետեւանքներից, որ Շարմազանովի եւ Սահակյանի բերանով բաներ է ասում, բայց իր մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը նույնիսկ կես բառ չի ասում հաստատելու համար, որ Շարմազանովն ու Սահակյանը ներկայացնում են Սերժ Սարգսյանի տեսակետը: Այսինքն, Սերժ Սարգսյանը իր անվճռականությամբ եւ վախվորածությամբ խեղճ Շարմազանովին եւ Սահակյանին դարձրեց ինքնակոչ: Բա սա անելո՞ւ բան է:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. LEVON
    Հունիս 15th, 2011 at 14:22 | #1

    1+1+1+1+1+1+1+1

  2. armo
    Հունիս 15th, 2011 at 21:24 | #2

    Erkxocel ishxnutyunneri het vor chverrtadrven animstem hamarum uxaki @ndimutyun@ ayspahin petqe katari ays qayl@ ishxanutyun@ kogtvi ays qaylic ev kxaxa tatron Nikol jan qo nkaragrac dzevov minchev kancni Kazani hertakan handipum@ ayntex el kvoroshvi myus qayla@ u ayspes qayl ar qayl minchev chlucvi mot jamanakners Xarabaxi harc@ xaxax kam razmakan tarberakov

  1. No trackbacks yet.