> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Երբ տեղի է ունենում որեւէ հանցագործություն եւ դրանից հետո տեղի է ունենում մեկ ուրիշ հանցագործություն, եւ այս երկրորդ հանցագործության նպատակը առաջին հանցագործությունը թաքցնելն է, պարտակելը, դրա փաստական հանգամանքները խեղաթյուրելը, դժվար է հավատալ, որ առաջին` հիմնական հանցագործությունը հնարավոր կլինի բացահայտել` առանց բացահայտելու երկրորդը:

Հենց այսպիսի իրավիճակ է ստեղծվել 2008 թվականի մարտի 1-ի տասը սպանությունների բացահայտման շուրջ: Նախ տեղի է ունեցել մեկ հանցագործություն, որի հետեւանքով սպանվել է Հայաստանի Հանրապետության տասը քաղաքացի: Իրավապահ մարմինները, սակայն, այդ հանցագործությունը բացահայտելու փոխարեն ամեն ինչ արել են տեղի ունեցածի փաստական հանգամանքները խեղաթյուրելու, սպանությունների դեպքերը կոծկելու, մեղավորներին քրեական պատասխանատվությունից պաշտպանելու համար, այսինքն` կատարված հանցագործությունից հետո կատարել են երկրորդ հանցագործությունը: Խոսքը միայն Հատուկ քննչական ծառայության, դատախազության, ոստիկանության, ԱԱԾ-ի մասին չէ: Հանցավոր այս օղակում հատուկ նշանակություն են ստացել դատարանները, դատավորները, ովքեր իրենց դատավճիռներում այնպիսի ստեր են գրել, որ բանականության եւ բարոյականության որեւէ շրջանակի մեջ չեն տեղավորվում, որեւէ բացատրություն, կամ արդարացում ունենալ չեն կարող: Քաղբանտարկյալների դատավճիռներում հայտնվել են ձեւակերպումներ, «իրադարձությունների» նկարագրություններ, որոնք փաստական որեւէ նյութով, թեկուզ կեղծ` որեւէ ցուցմունքով, դատավարության ընթացքում հետազոտված որեւէ ապացույցով կամ վկայությամբ հիմնավորված չեն, դատաքննության ընթացքում խոսք անգամ չի եղել նման բաների մասին: Եւ ահա, երբ գիտակցում ենք այս ամենը, հասկանալի է դառնում, որ գործող իրավապահ համակարգից մարտիմեկյան սպանությունների բացահայտում ակնկալելը առնվազն միամտություն է, որովհետեւ այսօր մարտի 1-ի գործի «վերաքննությամբ» զբաղվող քննիչները, դատախազները, օպերատիվ աշխատակիցները սպանությունների բացահայտմանը հասնելու համար նախ պետք է բացահայտեն իրենց իսկ կատարած հանցագործությունները` մարտի 1-ի դեպքերն ընդհանրապես եւ սպանությունները մասնավորապես` կոծկելու, ապացույցները «կորցնելու», տեղի ունեցածին հստակ իրավական գնահատական տալուց խուսափելու մասով: Նման բան լինել, իհարկե, չի կարող, որովհետեւ այս մարդիկ շատ դեպքերում նույնիսկ սովորական հանցագործների արարքները չեն բացահայտում, իրենք իրենց արածները ո՞նց բացահայտեն: Բայց այստեղ կա մի նրբություն. այն ժամանակ, երբ կեղծ ու շինծու մեղադրանքներ էին առաջադրում քաղբանտարկյալներին, կոծկում էին մարտիմեկյան հանցագործությունը, իրենք իրենց արդարացնում էին մոտավորեպես հետեւյալ ձեւակերպմամբ. երեխա ենք պահում: Հիմա, երբ համառորեն չեն բացահայտում իրենք իրենց կոծկածը, այդ «արդարացումը» ավելի է սրվել` երեխա են պահում: Արա, այ անբարոյականներ, մարտի 1-ի զոհերը երեխա՞ չունեն, մարտի 1-ի զոհերը իրենք իսկ երեխա՞ չեն: Չկա, չի եղել եւ չի կարող լինել որեւէ արդարացում արյան հետ կապված, մարդու կյանքը խլելու հետ կապված որեւէ հանցագործության` բուն հանցագործությունը լինի դա, թե դրա կոծկումն ու պարտակումը: Որեւէ հանցագործ հույս չունենա, թե ժամանակն ու տարածությունը մեղմացնելու են իրենց պատիժը: Երբեք:

Արձանագրենք, այսուհանդերձ, որ մարտի 1-ի հետաքննության հետ կապված մենք լուրջ հաջողության ենք հասել: Այսօր պաշտոնական մակարդակով արձանագրված է, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերն ընդհանրապես եւ սպանությունները` մասնավորապես, բացահայտված չեն, մարտի 1-ի էջը փակված չէ: Պաշտոնական այս արձանագրումը, իսկապես, խոշոր հաջողություն է: Բայցեւայնպես, մենք պետք է հասկանանք, որ մարտիմեկյան հանցագործությունը բացահայտելու համար նախ պետք է բացահայտենք դրանից հետո տեղի ունեցած հանցագործությունը` իրականությունը խեղաթյուրելու, կոծկելու, պարտակելու, կեղծելու հանցագործությունը, որ կատարել է Հայաստանի իրավապահ համակարգը: Խնդիրը ահա` կեղծման, պարտակման, կոծկման հրաման տվողներին եւ կատարողներին մեկ առ մեկ բացահայտելն ու օրինական պատասխանատվության ենթարկելն է: Քանի դեռ սա տեղի չի ունեցել` դժվար է հավատալ, որ մարտիմեկյան որեւէ սպանություն ամբողջապես կբացահայտվի:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Հունիս 15th, 2011 at 02:24 | #1

    Նիկոլ ջան, քո գնահատականները մոտեցումները շատ ազնիվ մարդկանց հոգու,մտքերի և արժեքների արտահայտումն է…ավելացնեմ, քանի դեռ ազատւթյան մեջ գտնվող քաղբանտարկյալներ դատարանի որոշմամբ չեն ճանաչվել անմեղ, և պետությունը չի ճանաչել իր մեղավորությունը հանիրավի ազատազրկումների մեջ, մենք չենք կարող երաշխիք ունենալ թե նման հանցագործությունները չեն կրկնվի…

  1. No trackbacks yet.