> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՍԿ ԴՈՒ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ԼԻՆԵԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ

ԻՍԿ ԴՈՒ ՊԱՏՐԱ՞ՍՏ ԵՍ ԼԻՆԵԼ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ

Հունիսի 10-ը նշանավոր օր դարձավ Երրորդ Հանրապետության պատմության մեջ. մեր երկրում այլեւս չկան քաղբանտարկյալներ: Այս վիճակը հնարավոր դարձավ մի պարզ պատճառով. մինչ բանտերը լցված էին քաղբանտարկյալներով, ազատության մեջ գտնվող տասնյակ ու հազարավոր քաղաքացիներ բարձրաձայն ու հրապարակային արձանագրեցին քաղբանտարկյալ դառնալու իրենց պատրաստակամությունը: Հասկանալի դարձավ, որ Հայաստանի բանտերը ի վիճակի չեն տեղավորել բոլոր ցանկացողներին, եւ բռնության մեքենան փշրվեց այս փաստի արձանագրումից:

Վերջին օրերին իմ հանդիպումների ընթացքում մարդիկ հաճախ այս հարցն են տալիս. արդյոք Հայաստանում նորի՞ց կլինեն քաղբանտարկյալներ: Այս հարցին պատասխանում եմ հետեւյալ կերպ. եթե Հայաստանում դարձյալ լինեն քաղբանտարկյալներ, այդ դերում կրկին մենք ենք լինելու, իսկ եթե մենք չլինենք այդ դերում, ուրեմն քաղբանտարկյալներ չեն լինի Հայաստանում: Երբեմն այս պատասխանը չի բավարարում մարդկանց, եւ նրանք նորանոր բացատրություններ են պահանջում, թե ի՞նչ է նշանակում ասվածը: Բառացի իմաստը հաճախ չի բավարարում նրանց: Ու երբ հավելյալ պարզաբանումների կարիք է զգացվում` տալիս եմ քաղաքական այսպիսի ձեւակերպում. երբ Հայ ազգային կոնգրեսը լինի իշխանության, Հայաստանում չեն լինի քաղաքական բանտարկյալներ, իսկ եթե Հայաստանում լինի քաղաքական բանտարկյալ ունենալու հակում ունեցող իշխանություն, քաղբանտարկյալի դերում կհայտնվենք նորից մենք` Հայ ազգային կոնգրեսի, Համաժողովրդական շարժման ակտիվիստներս: Սա կարելի է համարել աքսիոմ. գոնե ինձ համար այդպես է:

Ընթացիկ շրջանում նաեւ որոշակի գովեստի է արժանանում քաղբանտարկյալի տոկունությունը: Ոչ թե կոնկրետ անձի, այլ քաղբանտարկյալ տեսակի, մտածողության, իրավիճակի մեջ գտնվող մարդու տոկունությունը: Հենց այսօր, հենց այս փուլում պետք է արձանագրել, որ քաղբանտարկյալի տոկունությունը ինքնանպատակ չէ, եւ դա քաղաքական գործունեության, քաղաքացիական գործունեության տեսակ է: Ինչու՞ է քաղբանտարկյալը տոկուն, ինչո՞ւ տոկունությունը կորցնելուց հետո մարդը քաղբանտարկյալ չի կարող համարվել` բառիս բարձր իմաստով: Այն պարզ պատճառով, որ քաղբանտարկյալ լինելը մի տեսակ առաքելություն է: Քաղբանտարկյալը ինքն իրեն ի ցույց է դնում ուրիշներին, սեփական օրինակով ցուցանում է, որ առողջ, ազատ եւ երջանիկ հայրենիք ունենալու համար հարկավոր է պատրաստ լինել զոհողությունների, ինքնանվիրումի, տառապանքի: Ուրիշ ճանապարհ չկա: Այսօրվա Հայաստանը մեր համընդհանուր հարմարվողականության արգասիքն է: Մենք բոլորս որպես քաղաքացիներ հաճախ խուսափել ենք դժվարություններից, ընկրկել ենք սպառնալիքների ու բիրտ ուժի առաջ: Նահանջել են այնքան, որ մի օր, ի վերջո, սեփական կարծիքն արտահայտելու համար անհրաժեշտ է եղել մեծ ուժ ու համարձակություն, եւ այսպիսի ուժ ու համարձակություն ցուցաբերելը մեծ դժվարություն է եղել շատերի համար, անհաղթահարելի դժվարություն: Հենց նման իրավիճակն է պարարտ հող ստեղծում քաղբանտարկյալի ձեւավորման համար: Եւ լավ է, երբ այդպիսի եզրի հասած երկրում ի հայտ են գալիս քաղբանտարկյալներ, որովհետեւ այդ նրանք են, որ իրենք իրենց հարվածի տակ դնելով` մի ուղերձ են հղում հանրությանը, թե ժողովուրդ, հերիք նահանջենք, զիջենք, փախչենք մեր իրավունքներից: Ժամանակն է գրոհելու, եւ եթե այս պահին գրոհել չենք կարող, գոնե դադարեցնենք նահանջը, գոնե ամուր կանգնենք մեր ոտքերի վրա եւ սկսենք թեկուզ կաթիլ առ կաթիլ, քայլ առ քայլ հետ նվաճել մեր իրավունքները, մեր մարդկային եւ քաղաքացիական արժանապատվությունը:

Այսօր Հայաստանում այլեւս չկան քաղբանտարկյալներ, բայց եթե Հայաստանը մնա այնպիսին, ինչպիսին է, եւ Հայաստանում չլինեն քաղբանտարկյալներ, դա վատ բան կնշանակի բոլորիս համար: Քաղբանտարկյալներ չունենալու միակ ազնիվ ճանապարհը երկրի վերափոխումն է, երկիրը դուրս բերելն է հուսահատության այս փոսից: Եթե երկիրը շարունակի մնալ հուսալքության այս փոսում, եւ Հայաստանում չլինեն քաղբանտարկյալներ, դա վատ, շատ վատ բան կնշանակի մեր ապագայի համար:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Արման Հավատացյալ
    Հունիս 12th, 2011 at 22:08 | #1

    Հարգելի Նիկոլ, նախ թույլ տուր շնորհավորել քեզ հաղթանակիդ կապակցությամբ: Սա իրոք միայն քո հաղթանակը չէ, այլ մի ողջ բանակի հաղթանակը, որն ամեն ինչ արեց, որ բազմաթիվ քաղբանտարկյալներ, այդ թվում նաև դու, լինեք ազատության մեջ, վայելեք ընտանիքի հետ լինելու ջերմությունը, սիրելիների սերը, ընկերների ու զինակիցների ջերմ ձեռքսեղմումները և այլն: Անկախ այն բանից, թե ես կիսում եմ ձեր հայացքները, թե ոչ, ինձ համար անընդունելի է մարդուն իր քաղաքական հայացքների համար ազատությունից զրկելը: Ազատությունը Աստծո պարգևն է մարդուն, որը հավատում եմ, որ հիմա մեկ այլ լիությամբ ես վայելում:

    Սակայն ինձ վրա մի տեսակ սառը ջրի տպավորություն թողեց քո այս հայտարարությունը՝ “…մեր երկրում այլեւս չկան քաղբանտարկյալներ”:

    Անձամբ ես գիտեմ մեկին, ով ձերբակալվել է անմիջապես մարտի մեկի իրադարձություններից հետո, մինչև հիմա անազատության մեջ է և դեռ չի կարող վայելել իր ընտանիքի, ընկերների ու հարազատների սերն ու ջերմությունը:

    Արդյո՞ք նա միակն է: Եվ արդյո՞ք քեզանից նման հայտարարությանը տեղեկանալը, վիրավորական չի լինի նրա ու նրա ընտանիքի համար:

    Անձամբ ինձ համար շատ անհարմար էր քեզանից նման ապակողմնորոշող տեղեկություն ստանալը: Գուցե հաղթանակը եղածից ավելին ներկայացնելու հետևա՞նք էր սա…

  2. MM
    Հունիս 13th, 2011 at 05:09 | #2

    Paylun er, Nikol jan! Sranic el parz meknabanutyun!!!!!!!!!!!?!!!!!!!!!!!

  1. No trackbacks yet.