> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՓՈՒՍՏ ԿՐԱԿՈՑ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՀԵՏԵՎԻՑ

ՓՈՒՍՏ ԿՐԱԿՈՑ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ ՀԵՏԵՎԻՑ

«Հայ ազգային կոնգրեսի` որպես արտախորհրդարանական ընդդիմության բոլոր այն առաջարկները, որոնք, իրատեսական լինելով, կօգնեն մեր ժողովրդի հոգսերն օր առաջ թեթևացնելու գործին եւ կպահանջեն օրենսդրական լուծումներ, Հանրապետական կուսակցությունը պատրաստ է նրանց անունից դրանք հնչեցնելու ու պաշտպանելու Ազգային ժողովում»: Այս հայտարարությունը շաբաթվա սկզբում արեց Հանրապետական կուսակցության խոսնակը, ավելի ուշ նույնը կրկնեց Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը: Այդ առաջարկը, անկեղծ ասած, ինձ շատ հետաքրքրեց: Սա իսկապես դարակազմիկ մոտեցում էր, որովհետեւ իրադարձությունների նման զարգացման պարագայում Հայ ազգային կոնգրեսի պատկերացրած բանակցությունների կարիքը կարող էր եւ չլինել: Կոնգրեսը իրատեսական եւ օրենսդրական լուծումներ պահանջող իր առաջարկությունները կից գրությամբ ուղարկում է ԱԺ ՀՀԿ խմբակցություն, վերջինս էլ խորհրդարանում մեծամասնություն ունենալով, սեփական խոստման համաձայն, դրանք դնում է քննարկման, պաշտպանում է, այսինքն` քվեարկում է դրանց օգտին, եւ բոլոր հարցերը լուծվում են նույնիսկ առանց երկխոսության: Մնում է ընդամենը, որ Կոնգրեսը որոշի, թե ինչ առաջարկություններ է ներկայացնում: Չնայած` այստեղ էլ մտածելու շատ բան չկա: Չորրորդ դասարանի երեխան էլ գիտի, որ առաջին քայլերից մեկը պետք է լինի գործող ամուլ կառավարության լուծարումը եւ գործունակ կառավարության հաստատումը: Գործող կառավարությանը Հայ ազգային կոնգրեսի անունից անվստահություն հայտնելու համար Հանրապետականը խորհրդարանում ունի բավարար ձայներ: Բայց հենա-հենա ընդդիմություն-իշխանություն երկխոսության այս մոդելը սկսում էր աշխատել` Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարեցին, որ չեն գնա նման քայլի, այսինքն` ՀԱԿ-ի անունից անվստահություն չեն հայտնի կառավարությանը: Ստացվում է` ընդամենը մի քանի օր էր հարկավոր, որ հանրապետականները հրապարակային հրաժարվեին նույնքան հրապարակային տված իրենց խոստումից:

Բայց կառավարությանն անվստահություն հայտնելը միակ քայլը չէ, որ համապատասխանում է Հանրապետական կուսակցության սահմանած չափանիշներին: Կա ավելի կարեւոր քայլ, որ իրատեսական է, կօգնի մեր ժողովրդի հոգսերն օր առաջ թեթևացնելու գործին եւ պահանջում է օրենսդրական լուծում: Խոսքը Սերժ Սարգսյանին Բաղրամյան 26-ից հեռացնելու մասին է: Նման քայլի համար նույնպես խորհրդարանը ունի բավարար լիազորություններ, իշխող կոալիցիան ԱԺ-ում ունի բավարար ձայներ: Թվում է, թե այս պետականամետ առաջարկը կյանքի կոչելու համար հարկավոր էր ընդամենը, որ Հայ ազգային կոնգրեսը պաշտոնապես նման առաջարկ աներ: Բանը, սակայն, սրան չհասավ, որովհետեւ Հանրապետականները էս գլխից հայտարարեցին, որ Ս. Սարգսյանի իմպիչմենտի հարցն էլ չեն դնի քննարկման` նույնիսկ Հայ ազգային կոնգրեսի անունից: Իսկ գուցե գլխավոր դատախազին պաշտոնանկ անելու հա՞րց կհարուցեն: Պարզվեց` սա էլ չեն անի:

Այդ դեպքում ինչո՞ւ էին հայտարարում, թե պատրաստ են խորհրդարանում քննարկման դնել եւ պաշտպանել Կոնգրեսի առաջարկները: Կռուտիտ էին լինում, փորձում էին երկխոսության կապակցությամբ որդեգրել «դեմ ըլլալով` կողմ կըլլանք, կողմ ըլլալով դեմ» դիրքորոշումը: Համ ուզում են տապալել երկխոսությունը, համ էլ դուխ ու համարձակություն չունեն հայտարարելու, որ ոչ մի երկխոսության էլ չեն գնում: Հետո էլ ասում են, թե իրենք ուժեղ իշխանություն են: Ուժեղը ունենում է հստակ դիրքորոշում, եւ ոչ թե Շարմազանովի հետեւից կրակում է, հետո նորից թաքնվում Շարմազանովի հետեւում: Ուժեղը նա է, ով ասում է եւ տեր է իր ասածին, եւ ոչ թե է. Շարմազանովի եւ Կ. Կարապետյանի բերանով խոստանում է, Գ. Սահակյանի եւ Գ. Մելիքյանի բերանով հրաժարվում իր խոստումից:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. LEVON
    Հունիս 11th, 2011 at 00:54 | #1

    1+1+1+1+1+1+1+1+

  2. MM
    Հունիս 11th, 2011 at 13:16 | #2

    Nikol jan, chem uzum mtacel te serjikn e dranc hrahangel yeluytner unenal.. Aveli hakvac em ayn karciqin, vor nshvac andziq apaga mataxacunern en. serjikn @tenc baner sirum a…

  1. No trackbacks yet.