ԱՍԱ, ԽՈՍԱ, ԹՈՂ ՍՖԱԹԴ ԲԱՑՎԻ…
ՀՀԿ-ի կուսակցական ներկայացուցիչների խուսափողական արձագանքը ընդդիմության հետ երկխոսության հնարավորությանը` լրատվական-վերլուծական դաշտում արդեն իսկ սկսել է արժանանալ որոշ գնահատականների: Բանը հասել է այնտեղ, որ ոմանք դա բնորոշում են որպես Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ իշխանության տարած հաղթանակ: Այս առիթով թերեւս արժե հիշել հույն զորահրամանատար Պյուռոսի հայտնի արտահայտությունը, որ նա արել է իր տարած հերթական «հաղթանակից» հետո: «Եւս մեկ այսպիսի հաղթանակ, եւ մենք կորած ենք»,- ասել է մեծարգո Պյուռոսը, ահա այսպիսի դիպուկ կարգախոս ժառանգելով Հայաստանի գործող իշխանությանը:
Բայցեւայնպես, իրավիճակը հասկանալու համար պետք է պատասխանել մի քանի հարցի, եւ դրանցից առաջինը հետեւյալն է. ինչո՞ւ է իշխանությունը ակնարկում երկխոսությունից փախչելու իր մտադրության մասին: Պատճառները պարզ են. Հայ ազգային կոնգրեսը համակարգային ճգնաժամը հաղթահարելու իր տարբերակն է առաջարկում: Ըստ ՀԱԿ-ի` ճգնաժամի հաղթահարման միակ հնարավորությունը արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է: Իշխանությունը դեռ էն գլխից ասել էր, որ իր համար անընդունելի է այս տարբերակը: Կոնգրեսը սրան արձագանքել է շատ հանգիստ` առաջարկելով, որ իշխանությունը բանակցությունների սեղանի շուրջ հայտնվի սեփական օրակարգով, սեփական պատկերացումներով, եւ պարզաբանի, թե ուրիշ ինչպե՞ս է ուրեմն հնարավոր հաղթահարել Հայաստանում հաստատված համակարգային ճգնաժամը: Կոնգրեսը գիտե, իհարկե, որ իշխանությունը ճգնաժամի հաղթահարման ոչ մի ծրագիր էլ չունի, եւ բանակցություններից հրաժարվելուն միտված իր վերջին արձագանքներով դա խոստովանեց նաեւ իշխանությունը: Այսինքն, եթե իշխանությունը Կոնգրեսի հետ նստի բանակցությունների եւ չկարողանա տրամաբանական որեւէ այլընտրանք առաջարկել, ստիպված պիտի լինի ընդունել այն միակ առաջարկը, որ գոյություն ունի բանակցային սեղանի վրա: Եթե չընդունի` հրապարակային բանակցությունների ֆորմատը նույնիսկ լավատես իշխանամետներին կհամոզի, որ այսօր Հայաստանում հաստատված է անգործունակ, բոբիկ իշխանություն, որ հաջողություններ գրանցում է առայժմ միայն կոռուպցիայի թռիչքաձեւ զարգացման ոլորտում:
Հաջորդ հարցադրումը. իսկ ինչո՞ւ են երկխոսության այս փուլի մասին խոսում Է. Շարմազանովը եւ Գ. Սահակյանը: Չէ՞ որ մինչ այժմ մի այսպիսի ավանդույթ էր ձեւավորվել. ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ելույթ էր ունենում, դրան արձագանքում էր Սերժ Սարգսյանը` լրագրողների հետ զրույցում: Հիմա Սերժ Սարգսյանը որեւէ կերպ չի արձագանքում երկխոսությանն ուղղված` Կոնգրեսի քայլերին, այլ նախընտրում է ստվերում մնալ: Ինչու՞: Եթե նա հրաժարվում է երկխոսությունից, թող պարզ եւ հասկանալի ասի եւ իր վրա վերցնի տվյալ որոշման պատասխանատվությունը: Նման բան նա չի անում, եւ, «բնականաբար», նման գործելակերպը պետք է բնորոշվի որպես «հաղթական»: Դե, իհարկե, Էդուարդ Շարմազանովի եւ Գալուստ Սահակյանի հետեւում թաքնվելը այլ կերպ, քան հաղթանակի եւ դուխի բացառիկ դրսեւորում` դժվար է բնորոշել:
Հաջորդ հարցադրումը. 2008 թվականից ի վեր իշխանությունների քարոզչական հիմնական գիծը այն էր, որ Հայաստանում հաստատված ընդդիմությունը ծայրահեղական է, ջարդել-փշրելու, ուտել-ծամելու, ատել-չհանդուրժելու մոլեռանդ ջատագով: Բայց ինչպե՞ս է պատահում, որ «անհանդուրժող» ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ երկխոսությունը տեղի ունենա, իսկ «հանդուրժող» իշխանությունը ամեն ինչ անում է, որ ներքաղաքական տրամաբանությունը վերադառնա հակամարտության դաշտ: Պատասխանը շատ պարզ է. ընդդիմությանը աթոռամոլության, պաշտոնամոլության, իշխանատենչության մեջ մեղադրող վարչախումբը ձեռքբերում է համարում իր իշխանության մնալու թեկուզ մեկ օրը: Եթե վարչախումբը Հայաստանից օրական նույնիսկ մեկ միլիոն դոլար է քամում (որոշ փորձագետների կարծիքով` շատ ավելի շատ), իշխանության մնալու ամեն տասը օրը տասը միլիոն դոլար է: Ասել է, թե մեկ ամսում կարելի է 6-7 նոր շքեղ առանձնատուն գնել օֆշորային գոտիներում, որ ապրելու տեղ լինի Հայաստանում հանդուրժողականության մթնոլորտի հաստատումից հետո:
Հ.Գ. Նյութը պատրաստ էր հրապարակման, երբ նախորդ օրը Գ. Սահակյանի եւ Է. Շարմազանովի ասածը կրկնեց Ս. Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կ. Կարապետյանը: Արձանագրենք` Ազատության հրապարակի խնդրի մասին Ս. Սարգսյանը խոսել է անձամբ, մարտի 1-ի քննությունը վերսկսելու մասին խոսել է անձամբ, քաղբանտարկյալներին ազատ արձակելու մասին խոսել է անձամբ, իսկ միջազգային հանրության կողմից պատմական որակված երկխոսության մասին անձամբ չի խոսում: Ահա այսպիսի պատմական անպատասխանատվություն:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














Nikol jan, inchpes misht, qarer@ hatik-hatik sharum es irar vra, joxovrdakan lezvov asac, camum-dnum es beranner@… el inch en uzum. Mi qich uxexnerin zor(mi tara&anach mard vor &aren irenc mechic) tan, xeloq kgan erkxosutyan.
1+1+1+1+1+1+1+1
Nikol jan menak nenc areq vor es xexch joxovurdn chiastapvi,aranc et el anhuys aprum enk.ev uremn PAYQAR PAYQAR MINCHEV VERCH
Nikoli caveeee tanem