ԺԱՄԱՆԱԿՆ ԱՇԽԱՏՈՒՄ Է ԸՆԴԴԵՄ…
Կար ժամանակ, երբ «Հայլուրը» եւ պատասխանատու մյուս լրատվամիջոցները ձոն էին երգում իշխանություններին, ռեպորտաժներ պատրաստելով այն մասին, թե ինչպես են նրանք երկիրը օժտել երկնիշ տնտեսական աճերով, վագրի թռիչքներով, թե ինչպես է իշխանության այս կամ այն ներկայացուցիչը հոգ տանում երեխաների, ծերերի, հաշմանդամների, բանվորի, գյուղացու, ուղեւորի, ուսուցչի եւ աշակերտի մասին, ինչպես է վարչախումբը պայքարում կոռուպցիայի եւ տնտեսական անկման դեմ, ինչպիսի հաղթանակներ է տանում արտաքին քաղաքական ճակատներում, ինչպես է Ադրբեջանին պատին դեմ տալիս Ղարաբաղի հարցով բանակցություններում եւ ինչպես է ծաղկեցնում երկիրն ընդհանրապես:
Վերջին ամիսներին, սակայն, այս բոլոր քարոզչական թեմաները դուրս են մղվել եթերից` իշխանության գովքի իմաստով: Հիմա արդեն վարչախմբին գովերգելու նոր առիթ է բացվել. հայրենի եթերը ձոն է երգում իշխանություն-ընդդիմություն երկխոսությանը: Գովքի որոշակի չափաբաժին էլ ընդդիմությանն է հասնում: Միամտություն կլինի կարծել, թե քարոզչական այս վերջին հնարքը իշխանության իրական զգացումներն է արտահայտում: Այստեղ էլ գործ ունենք չոր հաշվարկի հետ. ընդդիմության հասցեին մինի դիֆերամբիկներ ձոնելով, իշխանությունը կոնկրետ խնդիր է լուծում. հանրությանը համոզել, թե ահա մենք եւ ընդդիմությունը սեղանի շուրջ ենք նստել, ախպեր ենք, կուզենք` կբանակցենք, կուզենք` թեյ ու սուրճ կխմենք, այնպես որ, դուք, սիրելի հեռուստադիտողներ, այսինքն` քաղաքացիներ, այսինքն` ժողովուրդ, հանգիստ նստեք ձեր տներում կամ էլ քրքրեք ինքներդ ձեզ` ընդդիմություն-իշխանություն գործարքի կասկածներով: Դուք անելիք չունեք: Վարչախումբն է այսպես ասում:
Իշխանական եթերով երկխոսության, ձեռքի հետ նաեւ` ընդդիմության այս գովքը հեռահար, նաեւ մոտակա մի նպատակ է հետապնդում. կասեցնել Հայաստանում երեքուկես տարի շարունակ ծավալվող քաղաքացիական զարթոնքը, հանրությանը կրկին նետել դեպրեսիայի, ապատիայի խորխորատներ, որ նա նորից իրեն դուրս զգա խաղից, կրկին վերագտնի «ինձնից ոչինչ կախված չէ» զգացողությունը:
Այս իրավիճակի ֆոնին, ահա, հարկ եմ համարում ընդգծել. բոլոր պարագաներում, միշտ եւ ամենուր երկխոսությունը լավ է կոնֆլիկտից: Եթե որեւէ հարց հնարավոր է լուծել երկխոսությամբ, չի կարելի այդ հարցը լուծել առճակատմամբ: Վերջին նախադասության մեջ առանցքայինը, սակայն, «լուծել» բառն է: Այս իմաստով, ահա, երկխոսության շուրջ անիմաստ էյֆորիան պետք է ուղղակի դադարեցնել: Մենք բոլորս, բոլորս պետք է հասկանանք, որ երկխոսությունը ցնցումներից խուսափելու շանս է, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ շանսը կօգտագործվի: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ եթե երկխոսությունը արդյունքներ չտա, մենք կրկին հանգելու ենք ցնցումային իրավիճակների: Սա կախված չէ որեւէ մեկի սուբյեկտիվ ցանկությունից, սա օբյեկտիվ իրողություն է, եւ ցանկացած քաղաքական սուբյեկտ, ով հաշվարկները այս գիտակցության վրա չի կառուցում, սովորական մոլորության մեջ է: Խոսքը տվյալ դեպում վերաբերվում է իշխանություններին: Հայաստանում համակարգային ճգնաժամը պետք է հաղթահարվի: Եւ որպեսզի երկխոսությունը ավելի մեծ պատուհաս չդառնա Հայաստանի գլխին, քան մինչ այժմ եղած պատուհասները` Կարթագենը պետք է կործանվի: Երկխոսության ճանապարհով: Ժամանակը սկսել է աշխատել, ու քանի դեռ հարցը լուծված չէ, ժամանակն աշխատում է ընդդեմ երկխոսության:
Հ.Գ. Հեռուստատեսային եթերում երկխոսության առիթով տոնախմբություն կազմակերպելով` քաղաքական մակարդակում իշխանությունն ակնհայտորեն գնում է երկխոսությունը վիժեցնելուն ուղղված քայլերի: Այսինքն, հիմքեր կան մտածելու, որ կրկին որոշել են ժամանակ ձգել: Ժամանակն, իհարկե, ունի ձգվելու հատկություն, բայց կտրվելու հատկություն` նույնպես:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














lav e havatum eink DZES!
ed nuyn bann a vor brnabarvor@ gna brnabaroxi het xosa
amot a inchi hamar er petk ed sax paykar@
eli hogevor haxtanak
klini mi or nyutakan haxtanak
P.S.
indzi hankarz serji mardu tex chdnek)