> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆՐԱՆՑ ԶԵՆՔԸ ՄԵՐ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է

ՆՐԱՆՑ ԶԵՆՔԸ ՄԵՐ ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է

Քաղաքացու սոցիալական ապահովությունն է այն սյունը, որի վրա կարող է հենվել իրապես զարգացած պետությունը: Եթե քաղաքացին սոցիալապես ապահով չէ, երկրի իրական զարգացման մասին խոսելն ավելորդ է նույնիսկ: Այստեղ, սակայն, փակ շղթա է ձեւավորվում` պետությունը զարգացած է այնքան, որքան սոցիալապես ապահովված է նրա քաղաքացին, քաղաքացին սոցիալապես ապահովված է այնքան, որքան զարգացած է պետությունը:
Այնուամենայնիվ, ինչպես լուծել քաղաքացու սոցիալական ապահովության հարցը Հայաստանում: Բնականաբար, այս ոլորտում էլ գոյություն չունեն մեկքայլանի, նույնիսկ երկու կամ երեքքայլանի կոմբինացիաներ: Սա չափազանց բարդ եւ բազմաշերտ ոլորտ է: Այնուամենայնիվ, Հայաստանում այդ գործը այն աստիճան է տապալված, որ նույնիսկ ամենապրիմիտիվ կանոնները չեն գործում, եւ մեր վիճակում ավելորդ չէ խոսել այս խորքային խնդրի մակերեսի մասին: Եւ ուրեմն, աղքատությունը հաղթահարելու, քաղաքացիների սոցիալական ապահովության մակարդակը բարձրացնելու համար պետության թիվ մեկ քայլը հետեւյալն է. ստեղծել այնպիսի պայմաններ, որ ցանկացած քաղաքացի, ով, ժողովրդական լեզվով ասած, ինքն իրեն, «իր գլուխը» կարող է պահել, դա անելու հնարավորություն ունենա: Այսօր Հայաստանում բնակչության հսկայական մասը աղքատ է: Այս մարդկանց մեջ վստահաբար մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր կարող էին իրենք իրենց համար աշխատատեղ ստեղծել, փոքր բիզնես` եւ ապահովել իրենց ընտանիքի սոցիալական կարիքները: Բայց չեն անում. ինչու՞: Որովհետեւ, Հայաստանում թեկուզ փոքր բիզնեսով զբաղվելու համար հարկավոր է նախ իշխանական հովանավորություն, քվոտա, դաբրո, իսկ սա ոչ բոլորը կարող են ստանալ: Իսկ նրանք, ովքեր ստանում են, այդ առիթը օգտագործում են, այսինքն` իրենց տանիքին «նայում եւ սիրաշահում են» այնպես, որ ոչ միայն իրենք գործելու հնարավորություն ունենան, այլեւ ուրիշները այդ նույն ոլորտում գործելու հնարավորություն չունենան: Ահա այսպես էլ ծագում են օլիգոպոլիաներն ու մոնոպոլիաները: Եթե երկրում կա որեւէ բանի մենաշնորհ, դա ինքնըստինքյան հանգեցնում է աղքատության եւ գործազրկության աճին:
Ենթադրենք, Հայաստանը ներկրում է 100 միավոր բանան, եւ այդ 100 միավոր բանանի ներկրման եւ սպառման հասույթը կազմում է 200 միավոր: Եթե բանանի ներկրման մենաշնորհը վերապահված է մեկ հոգու, 200 միավոր շահույթը, հասույթը բաժին է հասնում այդ մեկ հոգուն, եւ նրանից վեր` կոռուպցիոն սանդղակով: Հասկանալի է, որ գումարների հոսքը դեպի վեր չի նպաստում աղքատության կրճատմանը, այլ ստեղծում է մի վիճակ, որով արդեն երկար ժամանակ բնորոշվում է Հայաստանում առկա սոցիալական վիճակը. հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն ավելի են աղքատանում: Իսկ գումարների հոսքը դեպի ներքեւ ապահովելու համար հարկավոր է շատ պարզ մի քայլ անել` ստեղծել պայմաններ, որ վերը հիշատակված պայմանական 200 միավոր հասույթը, շահույթը բաշխվի առավել մեծ թվով մարդկանց միջեւ: Այսինքն` եթե բանանը ներկրեն հնարավորինս շատ ընկերություններ, կբացվեն այդ գործը համակարգող հնարավորինս շատ գրասենյակներ, այս համատեքստում կբացվեն առավել շատ աշխատատեղեր, ընկերությունների մրցակցությունը կհանգեցնի գների նվազման, մարդիկ ավելի քիչ փող կծախսեն բանան գնելու վրա, այսինքն` կառաջանա հավելյալ գումար, որը կծախսվի այլ ոլորտների վրա, նախկինում բանան գնելու հնարավորություն չունեցողները էժանացման պայմաններում արդեն իսկ բանան գնելու հնարավորություն կունենան, սա դրական կազդի նրանց առողջության ու աշխատունակության վրա եւ այլն, եւ այսպես շարունակ:
Ինչ խոսք, վերը նշվածը տնտեսական մեխանիզմի հիպերպրիմիտիվ նկարագրություն է: Նաեւ` այդ մեխանիզմի գործարկումը առաջացնում է այլ կարգի տնտեսական բարդություններ, որոնք նույնքան բարդ լուծումներ են պահանջում: Բայց հենց այս է ասածս, որ Հայաստանում զարգացման, աղքատության հաղթահարման նույնիսկ ամենապրիմիտիվ մեխանիզմները չեն գործում, առաջին քայլերը չեն արված, եւ անիմաստ է խոսել երկրորդ, երրորդ, չորրորդ քայլերի մասին: Գործող վարչախումբը տարիներով, տարիներով խոսում է աղքատության կրճատման, գործարարության խթանման մասին, բայց այս ուղղությամբ որեւէ արդյունավետ քայլ չի արվում: Ինչու՞. շատ պարզ մի պատճառով: Այս մեխանիզմի գործարկման համար հարկավոր է կազմաքանդել օլիգոպոլիաներն ու մոնոպոլիաները: Սա է մրցակցային դաշտ բացելու ճանապարհը: Բայց եթե գործող իշխանությունը օլիգոպոլիաներն ու մոնոպոլիաները կազմաքանդի, ու՞մ սափրագլուխներն են նրա համար կեղծելու ընտրությունները, ու՞մ քիլլերներն են արանքից հանելու անցանկալի մարդկանց, ո՞ւմ փողերով են ընտրակաշառք բաժանելու, «պետականամետ ընդդիմադիրներին» առնելու ու ծախելու: Գործող վարչախումբը չի կարող հաղթահարել աղքատությունը, որովհետեւ աղքատությունը այս իշխանության քաղաքական հենարանն է: Այս իշխանությունը մի խնդիր է հետապնդում, քաղաքացուն հասցնել մուրացկանի կարգավիճակի, որ երբ նրան, այդ մուրացկանի վիճակում հայտնված քաղաքացուն մի հաստագլուխ հինգ հազար դրամ ցույց տա, այդ հաստագլուխը, ահա, աստված թվա սովից ու հուսահատությունից հյուծված քաղաքացու աչքին: Ահա թե ինչու է այսօրվա Հայաստանն այդքան հարուստ «բարեգործ» հաստագլուխներով:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Hakob
    Հունիս 4th, 2011 at 19:30 | #1

    Gagoji nkare dreq es hodvatsi tak :)

  1. No trackbacks yet.