> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԳՐՈՂԸ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ

ԳՐՈՂԸ ԵՎ ԻՐ ԺԱՄԱՆԱԿԸ

Երբ գրողը հայտարարում է, որ ինքը ոչինչ փոխել չի կարող, իմ աչքում նա դադարում է գրող լինել:

«Ես ի՞նչ կարող եմ անել», «Դա ինձնից կախված չէ», «Մենք էլ մյուսների նման շարքային մարդիկ ենք»,- հարցազրույցներում հայտարարում են ժամանակակից հայ գրողներից շատերը` հանրային կյանքի մասին խոսելիս, ապա եւ բողոքում, որ իրենց գրածը չեն ընթերցում, իրենց գրքերը չեն գնում: Իսկ ինչու պիտի Հայաստանի սովորական քաղաքացին գնի իր նման «սովորական» քաղաքացու գրած գիրքը: Որովհետեւ վերջինս իրենից գրագե՞տ է եւ կարողանում է գեղեցիկ նախադասություննե՞ր գրել, կամ, ի տարբերություն իրեն` գիտի Էրիխ Մարիա Ռեմարկի անո՞ւնը: Եւ ի՞նչ:

Ժամանակակից հայ գրողներից շատերը բավարարվում են արձանագրումով, որ գրականությունը տեքստ է: Գրականությունն, իհարկե, տեքստ է, բայց ամեն տեքստ չէ, որ գրականություն է: Գրականություն դառնալու համար տեքստը պետք է մի շարք չափանիշների համապատասխանի. այն պետք է լինի գեղագիտական, ունենա հասցեատեր` ի դեմս ընթերցողի եւ աշխարհը փոխելու ներքին առաքելություն:

Աշխարհ ասելով` եկեք հասկանանք նրա ցանկացած հատվածը եւ այդ հատվածներից յուրաքանչյուրի վրա գոյություն ունեցող ցանկացած իրավիճակ եւ հարաբերություն: Օրինակի համար` բնակելի շենք, սանդղահարթակ, հարեւաններ, սեր… Մեջբերածս ինքնաբուխ է, որեւէ կոնկրետ բան նկատի չունեմ հենց այս բառաշարքը մեջբերելիս: Նկատի ունեմ միայն, որ գրականությունը պետք է որեւէ բնակելի շենքի որեւէ սանդղահարթակում գտնվող որեւէ թվով բնակարաններում ապրող հարեւանների զգացմունքները, հարաբերությունները արձանագրելու եւ դրանք գնահատելու առաքելություն ունենա: Իսկ գնահատել` նշանակում է ընդգծել փոփոխության անհրաժեշտությունը եւ ուղենշել փոփոխության վեկտորը:

Այսպես է ձեւավորվել ժամանակակից քաղաքակրթությունը, կուլտուրան, էթիկան. գրականությունը արձանագրել է եւ փոփոխել, ապա` արձանագրել եւ գնահատել է փոփոխությունը: Սա էլ իր հերթին առաջ է բերել նոր փոփոխություններ: Պերմանենտ փոփոխությունների այս շղթան է, որ կոչվում է քաղաքակրթություն: Եւ եթե գնահատելու լինենք հայ դասական գրականությունը, պիտի արձանագրենք, որ դրա գագաթներում հայտնվել են այն հեղինակները, ում ստեղծած գրականությունը առավելագույնս համապատասխան է հենց այս չափանիշներին. Խորենացի, Նարեկացի, Աբովյան, Թումանյան, Չարենց, Մաթեւոսյան:
Սրանում է ժամանակակից հայ գրականության եւ ժամանակակից հայ իրականության մռայլությունը. իրականությունը ձեւակերպված չէ, գրականությունը չի հռչակել իրականությունը ձեւակերպելու իր առաքելությունը: Շատ գրողներ բարձրաձայնում են որեւէ բան փոխելու իրենց անընդունակության մասին, հենց այսպես արձանագրելով, որ իրենց ստեղծածը ոչ թե գրականություն է, այլ շարադրություն: Այդ գրվածքների մի մասը կարելի է 20 միավոր գնահատել 20 միավորանոց սանդղակով, բայց դրանով ընդգծվում է շարադրության շարադրություն լինելը եւ ոչ ավելին:

Երբ գրողը հայտարարում է, որ ոչինչ փոխել չի կարող, նշանակում է` ոչինչ փոխել չի կարող իր գրվածքը, իր թողարկած գիրքը: Այսպիսով բարձրաձայնում է իր ստեղծածը ընթերցելու անիմաստության մասին, վկայում է իր գրածի ցածր որակի մասին, խոստովանում է, որ վատ գիրք է գրել: Գրքերը գնահատվում են փոփոխություններ հարուցելու ընդունակությամբ: Լավագույնն, ըստ այդմ, ա՛յն գրքերն են, որ հնարավորինս մեծ ու պոզիտիվ փոփոխությունների անտեսանելի, բայց զգալի գործընթաց են հարուցում ընթերցողի գիտակցության մեջ եւ ի վերջո հանգեցնում տեսանելի փոփոխությունների: Հենց այս է պատճառը, որ մի հայացքով, կես բառից կամ դեմքի արտահայտությամբ կարդացած մարդուն կարելի է տարբերել չկարդացածից: Գիրքը, գրականությունը փոխում է մարդուն, եւ գրող կարող են կոչվել այն մարդիկ եւ գրականություն` այն մարդկանց ստեղծածը, որոնց մեջ աշխարհը փոխելու առաքելություն կա եւ այդ առաքելության գործնական գիտակցում: Այդ առաքելությունն իրագործելու համառություն եւ տաղանդ:
Կա՞ն արդյոք ժամանակակից Հայաստանում այսպիսի գրողներ: Այո, միանշանակ: Գիտի՞ արդյոք Հայաստանը այդ գրողների անունները, նրանց ստեղծագործությունների վերնագրերը. ոչ միշտ:

Այստեղ է ահա, որ ծագում է անհրաժեշտությունը այն երեւույթի, որ ընդունված է անվանել պետական մոտեցում:
Մեր պետությունն է, ահա, աշխարհի այն հատվածը (առնվազն), որ պիտի փորձի ավելի լավը դարձնել մեր ժամանակակից գրականությունը: Պետություն ասելով` չհասկանանք իշխանությունը. պետությունը քաղաքացին է, քաղաքացիների ամբողջություն ժողովուրդը, հողը, հայրենիքը, տարածքը, որտեղ նա ապրում է` ինքնիշխանության սկզբունքով: Քաղաքացու հարաբերությունները այլ քաղաքացու, մնացած բոլոր քաղաքացիների հետ, նրանց հարաբերությունները Հայրենիքի հետ. ահա գրականության կարգավորման ոլորտը: Գրականությունը պետք է խնդիրներ առաջադրի քաղաքացուն, ժողովրդին, պետությանը: Քաղաքացին պետք է խնդիրներ առաջադրի ժողովրդին, պետությանը, գրականությանը: Ժողովուրդը պետք է խնդիրներ առաջադրի քաղաքացուն, պետությանն ու գրականությանը: Պետությունը պետք է խնդիրներ առաջադրի քաղաքացուն, ժողովրդին, գրականությանը:
Հենց այս շղթան է բեկված Հայաստանում. արդյունքում ունենք խեղճ գրող եւ անօգնական գրականություն, խեղճ քաղաքացի եւ անօգնական ժողովուրդ, խեղճ հայրենիք եւ համարյա անօգնական պետություն:

Կկարողանանք այս օղակները հավաքել մեկ շղթայի մեջ` ուրեմն, կունենանք այն, ինչ երազում ենք ունենալ: Ես դա անվանում եմ Ազատ եւ Երջանիկ Հայաստան: Դուք կարող եք այլ կերպ անվանել, ինչպես ձեզ ավելի հաճելի է թվում: Սրանից, սակայն, էությունը չի փոխվում: Սա է, թերեւս, ամենակարեւորը:

Հ.Գ. Վերը բերված տեքստում գրականության, գրողի փոխարեն կարելի կլիներ գրել արվեստ, արվեստագետ, փիլիսոփայություն, փիլիսոփա: Գրականությունը, սակայն, հատուկ նշանակություն ունի. հիմնարար նշանակություն: Նախ` փիլիսոփայությունն էլ գրականություն է` ինչ-որ առումով: Եւ հետո` գրականությունն ընկած է բազմաթիվ արվեստների հիմքում. թատրոն, կինո, մասամբ` երաժշտություն: Քննարկվող հարցի համատեքստում, սակայն, պակաս կարեւոր չէ արվեստի մնացած ճյուղերի նշանակությունը` կերպարվեստ, ճարտարապետություն եւ այլն: Բուն տեքստում միայն գրականության վկայակոչումը միմիայն ասելիքը մատչելի դարձնելու նպատակ ունի, չնայած, կրկնեմ, գրականության դերը հիմնարար է:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.