> ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ «ՀԱՅԵԼԻ» ԱԿՈՒՄԲՈՒՄ:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈՒՆԻՍԻ 2-ԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԷՐ «ՀԱՅԵԼԻ» ԱԿՈՒՄԲՈՒՄ:

Նիկոլ ՓաշինյանԱ. Թովմասյան.-Բարև՛ ձեզ, շնորհակալ եմ, որ հրավերն ընդունեցիք, այսօր մեր հյուրն է Նիկոլ Փաշինյանը: Պրն Փոաշինյան, բոլորիս հետաքրքրում է Ձեր հետագա գործունեությունը, վստահ ենք, որ կշարունակեք խմբագրի աշխատանքը, նաև քաղաքական գործունեությունը, խնդրեմ:

Ն. Փաշինյան.- Իմ գործունեությունը, բնականաբար, որևէ փոփոխություն չի կրի, և  կարծում եմ` այս ընթացքում էլ որևէ փոփոխություն չի կրել: Ուրախ եմ, որ կարողացել եմ բանտում էլ զբաղվել նրանով, ինչով զբաղված եմ եղել ազատության մեջ: Եվ վերջին շրջանում, դուք տեղյակ եք, որ մասնավորապես իմ լրագրողական գործունեության հետ կապված որոշակի բարդություններ էին առաջացել, այդ բարդությունները մինչև վերջին պահն էլ գոյություն ունեին, բայց, այնուամենայնիվ, ես հարկ եմ համարում ընդգծել և շատ ուրախ եմ, որ վերջին շրջանում «Արթիկ» քրեակատարողական հիմնարում այդ բլոկադան ինչ-որ չափով որոշակի ժամանակաշրջանում հաջողվեց ճեղքել: Այդ գոծում շատ մեծ էր իմ լրագրող գործընկերների դերակատարումը, լրատվամիջոցների դերակատարոմը, և դա իսկապես շատ կարևոր էր: Ես ուզում եմ երախտագիտություն հայտնել իմ գործընկերներին, ովքեր հարկ համարեցին այդ հարցն ուշադրության կենտրոնում պահել, և մենք կարողացանք ստանալ որոշակի լուծումներ: Ուրախ եմ, որ տեսնում եմ բոլորիդ, ճիշտ է, այս ընթացքում լրագրողական կազմի որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, և ոչ բոլորն են ծանոթ, ուրախ եմ, որ բոլորիդ տեսնում եմ առողջ և հույս ունեմ՝ այսօր հետաքրքիր զրույց կունենանք:

Ռուզաննա Ստեփանյան, «Ազատություն».-Պրն Փաշինյան, Ձեր կարծիքով Սերժ Սարգսյանն ի վերջո կգնա՞ երկխոսության՝ նաև հաշվի առնելով կոնկրետ ձեր օրակարգը:

Ն. Փաշինյան.- Ես չէի ցանկանա մեկնաբանել Սերժ Սարգսյանի հնարավոր քայլերը, ՀԱԿ-ը` ընդդիմությունը, հստակ խնդիրներ է առաջադրել, և մենք բոլորս պետք է հասկանանք, որ քաղաքական հետագա զարգացումների տրամաբանությունը մեծապես կախված է այն արձագանքից, որ իշխանությունը կցուցաբերի այդ առաջարկների նկատմամբ: Կգնա՞ Սերժ Սարգսյանը նման քայլի, ՀԱԿ-ն ունի դրան համապատասխան արձագանք, չի գնա Սերժ Սարգսյանը նման քայլի, ՀԱԿ-ն ունի համապատասխան արձագանք:

Ա. Թովմասյան.-Ընդդիմության ղեկավար շարքերում տրամադրության փոփխություն նկատելի՞ է, թե՞ ոչ, եթե այո, Դուք ամբողջությամբ դա ողջունու՞մ եք, թե՞ ոչ:

Ն. Փաշինյան.- Եթե անկեղծ լինեմ, ինձ համար բանտում նաև անհասկանալի էր, թե, այնուամենայնիվ, որտեղից են բխում տրամադրությունների փոփոխության մասին խոսակցությունները, ռազմավարության կամ մարտավարության փոփոխության մասին խոսակցությունը: 2008-ին, երբ ՀԱԿ-ը ստեղծվում էր, երկխոսություն վարելու համար ուներ մեկ նախապայման իշխանության առաջ` քաղբանտարկյալների ազատ արձակումը: Այսինքն՝ քաղբանտարկյալների ազատ արձակման պարագայում ՀԱԿ-ն առանց իշխանության որևէ այլ նախապայմանի` պատրաստակամություն էր հայտնել ներքաղաքական համակարգային ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ գնալ երկխոսության: Այսինքն՝ այն ժամանակ կար երկխոսության մեկ նախապայման: 2011-ին նախապայմանները դարձան երեքը, այսինքն՝ եթե այսպես ենք նայում, այս ընթացքում ՀԱԿ-ի դիրքորոշումը ոչ թե մեղմացել,այլ կոշտացել է: Մեղմացում մեր քաղաքական դաշտում, իհարկե, եղել է, բայց դա եղել էիշխանության դիրքորոշման մեղմացում, ոչ թե ՀԱԿ-ի: Պրոցեսն ակնհայտ է, նույնիսկ եթե փորձենք դա հանրահաշվական վերլուծության ենթարկել, 2008 թ. ՀԱԿ-ն ուներ մի նախապայման, որ իշխանությունը չէր կատարում, 2011 թ. ՀԱԿ-ն ունեցավ երեք նախապայման, որ իշխանությունը կատարեց: Խնդրում եմ, ասեք՝ ու՞մ դիրքորոշումն է մեղմացել, ու՞մը՝ կոշտացել:

Ա. Թովմասյան.-Գոնե հռետորիկայի փոփոխություն ընդդիմության մոտ նկատելի է:

Ռուզաննա Ստեփանյան, «Ազատություն».-Ձեզ քննադատողներն ասում են, որ սկզբից պահանջում էիք Սերժ Սարգսյանի հրաժարական, այսօր և՛ Տեր-Պետրոսյանի, և մյուսների կոչերում չկա «Սերժ Սարգսյա՛ն, հեռացի՛ր» կարգախոսը:

Ն. Փաշինյան.- Շատ լավ, խնդիրը հետևյալի մասին է՝ մենք պահանջում էինք Սերժ Սարգսյանի հեռացումը 2008 թ.: Ի՞նչ մեխանիզմ կար դրա համար: Դրա համար կային մի քանի մեխանիզմներ. երկխոսությունը, բանակցությունն այդ մեխանիզմներից մեկն է, այսինքն՝ Սերժ Սարգսյանի՝ հրաժարական տալու հարցի հետ կապված… Այսինքն՝ մենք արտահերթ նախագահական ընտրությունների թեմայով ենք, չէ՞ երկխոսելու… Մենք բանակցությունների օրակարգ ենք առաջ քաշում արտահերթ նախագահական ընտրությունները, որոնք քաղաքական պրոցեում հնարավոր են երկու պարագայում, երբ կամ իմփիչմենք տեղի ունենա, կամ հրաժարական տեղի ունենա: Երբ մենք ասում ենք, որ երկխոսությունը տեղի է ունենալու արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների կարգախոսով, դա արդեն ենթադրում է, որ Սերժ Սարգսյանի հեռանալու պահանջն ուժի մեջ է, որովհետև եթե Սերժ Սարգսյանը չհեռանա, արտահերթ նախագահական ընտրություններն ինչպե՞ս են տեղի ունենալու:

Սիրանույշ Մուրադյան, «Հանրային ռադիո».-Դուք ասում եք՝ Ձեզ համար հասկանալի չէ, թե որտեղից է բխում մարտավարության փոփոխության մասին խոսակցությունը, բայց քանի դեռ Դուք ազատության մեջ չէիք, Կարապետ Ռուբինյանը հրապարակավ ասաց, որ ՀԱԿ-ի քաղաքական կուրսը փոփոխվել է, այսինքն՝ կոնկրետ իրենից առաջին հերթին դուրս եկավ քաղաքական կուրսի փոփոխության մասին թեման: Եվ կուզեի Ձեր կարծիքն իմանալ խորհրդարանական ընտրություններում տեղերի՝ խոսացած լինելու մասին:

Ն. Փաշինյան.-Առաջին հարցի վերաբերյալ՝ առանձին մարդկանց, անկախ այն բանից, թե նրանք որքան են հարգելի, նրանց սուբյեկտիվ ընկալումները դեռևս չեն նշանակում, որ իրականությունը համապատասխանում է այդ ընկալումներին: Այսինքն՝ յուրաքաչյուր իրավիճակ յուրաքանչյուրը կարող է մեկնաբանել յուրովի, բայց պետք է հաշվի առնել փաստերը: Կարապետ Ռուբինյանն այդպես է գնահատում իրավիճակը, բայց դա չի նշանակում, որ Կարապետ Ռուբինյանի բոլոր գնահատականները ճշգրիտ են և համապատասխանում են իրականությանը: Երկրորդ հարց ինչի՞ մասին էր:

Սիրանույշ Մուրադյան, «Հանրային ռադիո».-Որ երկխոսության մասին լուրերը շրջանառության մեջ են, որովհետև գործարք կա խորհրդարանական ընտրություններում տեղեր ունենալու վերաբերյալ:

Ն. Փաշինյան.- ՀԱԿ-ը երբեք չի գնա անպարկեշ գործարքների, ես դա ասում եմ միանշանակ, դա բացառված է: Ես ինքս համարում եմ, որ եթե ես երբևէ լինեմ (դա բացառված է, չի կարող), բայց եթե այդ հարցը Ձեզ այդքան հետաքրքրում է, եթե նման բան տեղի ունենա, դա նույնն է, թե մարդ խաչ քաշի իր ապրած ամբողջ կյանքի վրա: Նման բան տեղի ունենալ ուղղակի չի կարող, և ես սա ասում եմ ոչ միայն իմ, այլև ՀԱԿ-ի անունից:

Արմինե Գևորգյան, «Ռադիո Հայ».-Պրն Փաշինյան, հիմա ձեր օրակարգում քննարկվում են արտահերթ ընտրությունները, եթե արտահերթ ընտրություններ չլինեն, ՀԱԿ-ը կգնա՞ հերթական ընտրությունների:

Ն. Փաշինյան.- Այդ հարցն ընդհանրապես շատ են տալիս նաև համակիրների շրջանում, թե երբ… Կոնկրետ ժամկետների մասին է խոսքը, այդ հարցը ես հիշում եմ՝ սկսած այն պահից,երբ ես սկսել եմ քաղաքականության մեջ առաջին քայլերն անել: Քաղաքականության մեջ կարևորը բարձր նպատակներն են: Ինձ համար իմ քաղաքական գործունեության նպատակն այն Հայաստանն է, որտեղ իրականությունը, իրողությունները հարյուր տոկոսով համապատասխանում են այն սահմանումներին, որոնք առկա են ՀՀ-ի Սահմանադրությունում, և երբ ենթադրենք ինչ-որ ժամկետում այդ նպատակները չեն իրագործվում, դա չի նշանակում, թե դրանք դադարում են նպատակ լինելուց: Երբ մենք ասել ենք, որ պայքարելու ենք այդ նպատակի համար մինչև վերջ, մինչև վերջ՝ չի նշանակում մինչև սեպտեմբերի վերջ կամ դեկտեմբերի վերջ: Մինչև վերջ՝ նշանակում է պայքարել այնքան, մինչև այդ իրողությունները, հստակ նպատակներն իրագործվեն: Եվ ես ուզում եմ ևս մի մեկնաբանություն անել, թե ինչ նկատի ունեմ ազատ և երջանիկ Հայաստան ասելով. ես նկատի ունեմ հետևյալը, որ իշխանությունը ոչ միայն ձևավորվում է ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով, այլև գործող իշխանությունները հեռանում են ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով: Ես ասել եմ՝ եթե ՀԱԿ-ն առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրություններում գա իշխանության, երկրում հաստատվի խոսքի ազատություն, տնտեսական վիճակը բարելավվի, արտաքին քաղաքական ասպարեզում հաջողությունների հասնենք, ես չեմ համարի, թե ՀԱԿ-ը կատարել է իր քաղաքական և պատմական առաքելությունը: ՀԱԿ-ի պատմական և քաղաքական առաքելությունը կատարված կհամարեմ այն ժամանակ, երբ ՀԱԿ-ն ինչպես ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով եկել է իշխանության, այնպես էլ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով հեռանա իշխանությունից, այսինքն՝ ստեղծի օբյեկտիվ պայմաններ, որպեսզի իշխանության գան, կոպիտ ասած, իր քաղաքական հակառակորդները, եթե, իհարկե, քաղաքական հակառակորդները վայելում են ժողովրդի վստահությունը, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ նույնիսկ ամենալավ իշխանությունները չեն կարող անընդհատ ունենալ ժողովրդի վստահության քվեն: Գալիս են ժամանակներ, երբ իշխանության հակառակորդների փաստարկներն ավելի ծանրակշիռ են թվում ժողովրդին, և իմ քաղաքական գործունեության նպատակը հետևյալն է, որպեսզի Հայաստանում ձևավրովի իշխանություն՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով, որպեսզի Հայաստանում գործող իշխանությունները հեռանան ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով: Իմ երազած Հայաստանն այն է, երբ նախագահական ընտրությունների արդյունքում գործող նախագահն ընդունի իր պարտությունն ընտրություններում, զանգի և շնորհավորի իր ընդդիմադիր հակառակորդին՝ երկրի նախագահ ընտրվելու առիթով, և ինքն առաջինը հայտարարի, որ ինքը պարտվել է ընտրություններում, իսկ քաղաքական հակառակորդը՝ հաղթել:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.