> ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2011թ., ՄԱՅԻՍԻ 31-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2011թ., ՄԱՅԻՍԻ 31-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

Սիրելի ժողովուրդ,

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.
Ես սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով, որովհետեւ մեր պայքարի այս տարիները ապացուցեցին, որ այս հրապարակում դավաճան չկա, այս հրապարակում կասկածող չկա, այս հրապարակում Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին է, ում պայքարը անկասելի է, ում հաղթանակը անխուսափելի է:

Եւ ուրեմն` Պայքար, պայքար մինչեւ վերջ:

Սիրելի ժողովուրդ.

Այս հրապարակում գտնվող յուրաքանչյուր ոք գիտե, որ մեր պայքարի վերջնական նպատակը Ազատ եւ Երջանիկ Հայաստանն է, այնպիսի Հայաստանը, որտեղ հաստատված իրականությունը ճշգրտորեն համապատասխանում է այն նկարագրությանը, որ առկա է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում:

Ամեն անգամ, սակայն, «ՊԱՅՔԱՐ, ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ» կարգախոսը վանկարկելիս մենք նկատի ենք ունենում ոչ միայն այդ վերջնական նպատակը, այլեւ այն հանգրվանային կետերը, մարտավարական նպատակները, որոնց նվաճումով մոտենում ենք վերջնական եւ գերագույն հաղթանակին: Մի դեպքում մարտավարական այդ նպատակը Ազատության հրապարակի վերանվաճումն էր, մյուս դեպքում քաղբանտարկյալների ազատ արձակումը, հարցեր, որ այս պահի դրությամբ գործնականում լուծված կարելի է համարել` ամբողջապես:

Այսօր ահա, ձեզ հայտնի իրադարձությունների բերումով մենք ստեղծել ենք քաղաքական մի նոր իրավիճակ, մտել ենք բոլորովին մի նոր փուլ, եւ այսօրվա հանրահավաքի գործառույթը ոչ միայն քաղբանտարկյալների ազատ արձակումը տոնելն է,այլեւ հստակ, վճռականորեն` ի լուր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, ի լուր համայն հայության, ի լուր միջազգային հանրության հայտարարելը, որ մենք սկսում ենք Հայաստանում նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների հասնելու, օրինական իշխանություն հաստատելու կոնկրետ գործընթաց, եւ ունենք բավարար կամք եւ վճռականություն քաղաքական այս նպատակի իրագործումը իրականություն դարձնելու համար:
Սիրելի ժողովուրդ.

Գործող վարչախմբի ներկայացուցիչները այսօր ավելի ու ավելի հաճախ են խոսում այն մասին, թե Հայաստանում իբր արտահերթ ընտրությունների նախադրյալներ չկան: Իշխանական փաստարկումները մերկապարանոց են: Արտահերթ ընտրությունների նախադրյալները բացակայում են այնպիսի երկրներում, որտեղ իշխանությունն ի վիճակի է կատարել սեփական գործառույթները` պետական իշխանության լավագույն ընկալումներին համապատասխան: Յուրաքանչյուր երկրի յուրաքանչյուր իշխանության թիվ մեկ գործառույթը քաղաքացիներին վստահություն ներշնչելն է սեփական ուժերի, սեփական ապագայի, հայրենիքի եւ ուրեմն սեփական երեխաների ապագայի նկատմամբ:
Հայաստանի գործող վարչախումբը գլխովին տապալել է այս գործը` Հայաստանի քաղաքացիներին հիմնավորապես զրկելով սեփական ապագահի նկատմամբ թեկուզ նվազագույն վստահությունից, Հայաստանի քաղաքացուն զրկելով հոգատար եւ զորեղ հայրենիք ունենալու զգացողությունից: Գործող վարչախումբը Հայաստանի քաղաքացուն զրկել է Հայաստանում կայուն եւ ապահով ապագա ունենալու երազանքից ու տեսլականից, նրան ստիպելով սեփական ապագան փնտրել ամենուր բացի սեփական հայրենիքից:

Արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների ավելի մեծ, ավելի խոսուն, ավելի հիմնավոր նախադրյալ հնարավոր չէ նույնիսկ պատկերացնել: Արտահերթ ընտրությունները միակ միջոցն են, որ հնարավորություն կտան վերականգնել քաղաքացու վստահությունը ոչ միայն իշխանության այլեւ սեփական ապագայի, սեփական ուժերի, պետականաստեղծ հնարավորությունների նկատմամբ: Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետությունում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումը ոչ թե որեւէ անձի, ուժի, խմբավորման քմահաճույք է, այլ Հայաստանի Հանրապետության կենսական շահերից բխող քաղաքական անհրաժեշտություն: Հայ ազգային կոնգրեսը, Համաժողովրդական շարժումը, մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ներդնել առավելագույն ջանքեր մեր Հայրենիքի` Հայաստանի Հանրապետության, նրա սերունդների առաջ ունեցած պարտավորությունը կատարելու եւ Հայաստանի Հանրապետությունը ավազակապետության զազրելի ճիրաններից ազատելու համար:

Այդ մասին քաղաքացիական մեր ուխտը մենք կնքել ենք հենց այս հրապարակում դեռեւս 2008 թվականի փետրվարի 21-ին, եւ այսօր այստեղ ենք ի նշանավորումն այն բանի, որ հավատարիմ ենք այդ ուխտին: Անցած տարիների մեր պայքարը ապացուցել է դա, ապացուցել է մեր հավատարմությունը Ազատ եւ Երջանիկ Հայաստանի իդեալներին:

Այնուամենայնիվ հենց հիմա, հենց այստեղ հարցնում եմ, հարց եմ տալիս բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ. հանուն Ազատության, Հանուն Արդարության, Հանուն Մարդու իրավունքների, Խոսքի ազատության, Հանուն Սահմանադրության, հանուն ժողովրդավարության, Հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող այս պայքարի շարքերում կանգնա՞ծ եք:

Մինչեւ վե՞րջ:

Մենք էլ ենք կանգնած` մինչեւ վերջ:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. մեր հայրենիքը ունի´ ապագա: Այդ ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը դու ես եւ այդ մեկ մարդը դու ես:

Եւ ուրեմն, կեցցե Ազատությունը
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,


  1. MM
    Հունիս 1st, 2011 at 04:59 | #1

    Apres Nikol jan!Cnundt shnorhavor , sireli yexbayr!!!!!!!!!!!!!!!!!!!Mer orhnanqner@ hasav Astcun!Du AZATUTYAN MECH ES!!!!!!!!!!!!!!!!!

  2. Anonymous
    Հոկտեմբեր 14th, 2013 at 18:10 | #2

    orhnanqner hayeren

  1. No trackbacks yet.