> ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է

Նիկոլ ՓաշինյանՀեղինակ` Թագուհի Թովմասյան

«Ժողովուրդ» օրաթերթն այսուհետ կհասնի նաեւ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ` քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին: Վերջինս մեզ ուղարկված նամակում շնորհավորել է «Ժողովուրդ» թերթի հիմնադրման առիթով եւ իր «ջերմ բարեւները փոխանցել «Ժողովուրդ» օրաթերթի ժողովրդին»` լավագույն մաղթանքներով բարի երթ ցանկանալով մեր թերթին:

Լրատվամիջոցների կազմակերպած ակցիայի շրջանակներում մայիսի 28-ին ուղարկված մեր հարցերին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երեկ պատասխանել է, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

- Հայ ազգային կոնգրեսի շատ կողմնակիցներ շարունակում են պնդել, որ պետք է նստացույց սկսել, սակայն ՀՀ առաջին նախագահը չի գնում այդ քայլին: Ի՞նչ ես մտածում այդ կապակցությամբ:

- Մտածում եմ, որ թե՛ նստացույց պահանջողները, թե՛ առաջին նախագահը ճշգրիտ են գործում: Նստացույցը քաղաքական պայքարի գործիք է, ինչպես, օրինակ, անձրեւանոցը կենցաղում: Նստացույց առաջարկողները կամ պահանջողները իրենց դեմքին անձրեւի առաջին կաթիլները զգալով` առաջարկում են բացել անձրեւանոցներ` ելնելով այն կանխավարկածից, որ միեւնույն է, անձրեւը գալու է: Առաջին նախագահը առաջարկում է սպասել-տեսնել` անձրեւը գալո՞ւ է, թե՞ արեւ է բացվելու: Նաեւ գնահատել` դա անձրեւ՞ է լինելու, թե՞ հեղեղ. գուցե կարկո՞ւտ: Սա կարեւոր է, որովհետեւ եթե տեղումներ լինելու են, եւ` կարկուտի տեսքով, հնարավոր է անձրեւանոցը չօգնի եւ անհրաժեշտ լինի պատսպարվելու համար տաղավար կառուցել:

Նստացույց պահանջող ակտիվիստները գործում են զինվորի հերոսական խիզախությամբ, եւ դա պետք է ողջունել: Առաջին նախագահը գործում է առաջնորդի իմաստնությամբ եւ հանդարտությամբ, եւ դա պետք է ողջունել:
Այս երկու մոտեցումների համադրումն է, որ ապահովագրելու է ձախողումից եւ բերելու է հաղթանակի: Չի բացառվում, որ առաջիկայում ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ նստացույց անելը ճակատագրական սխալ դառնա Կոնգրեսի համար: Հակառակն էլ կարող է պատահել, եւ պետք է մտածել ոչ միայն նստացույցի մեջ մտնելու, այլեւ այդ վիճակի, ակցիայի հանգուցալուծման մասին: Այնպես որ, ցանկացած որոշում նշածս հարցերի մասին ամբողջական վերլուծություն եւ պատկերացում է պահանջում: Համոզված եմ` Կոնգրեսի ակտիվի եւ ղեկավարության բանավեճի արդյունքում ցանկացած հարցի շուրջ հնարավոր ամենաճիշտ որոշումը կկայացվի, ինչպես եղել է մինչեւ օրս: Այդօրինակ բանավեճի հնարավորությունը Կոնգրեսի հզորության կարեւորագույն գրավականն է:

- Ըստ քեզ` ո՞րն է այն սահմանը, որը կտարանջատի ՀԱԿ-իշխանություն հնարավոր երկխոսությունը գործարքից, եւ ի՞նչը թույլ չի տա ՀԱԿ-ի ընդդիմախոսներին անընդհատ շահարկել այդ հարցը:

- Ապօրինի իշխանությունը պետք է հեռանա, Հայաստանում պետք է հաստատվի օրինական իշխանություն: Սրան այլընտրանք չկա, որովհետեւ բոլորս համոզվել ենք, որ նույնիսկ հասարակական տրանսպորտի աշխատանքը, օրինակ, չի կարգավորվելու առանց ապօրինի իշխանության հեռացման, օրինական իշխանության հաստատման:

Սա է Հայաստանում ստեղծված վիճակի աբսուրդը. ի՞նչ կապ ունի հասարակական տրանսպորտի աշխատանքը իշխանության լեգիտիմության հետ:
Պարզվում է, ունի` այսօրվա Հայաստանում: Որովհետեւ երթուղային գծերի տերերը ընտրակեղծարարության մեխանիզմի անքակտելի մասն են, որովհետեւ նրանք են ընտրությունների օրը տեղամասեր տանում գնված կամ գերեվարված ընտրողներին: Գծատերերը դա անում են սեփական միջոցների հաշվին, եւ ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում պետք է ծախսված գումարները հետ բերելու հնարավորություններ ունենան: Եւ ահա` երկար տարիներ երեւանցի ուղեւորը երթեւեկում է կռացած, գրկված եւ հրված, հոտավետ եւ կիսասարքին երթուղայիններով. վերջիններիս հարուցած խցանումների պայմաններում:

Հիմա` երկխոսության մասին: Երկխոսությունը միմիայն նրա համար է, որ ապօրինի իշխանութան հեռացումը եւ նոր իշխանության ձեւավորումը լինի անցնցում: Վերջ: Ուրիշ նպատակ երխոսությունը չի կարող ունենալ: Ոչ թե որովհետեւ ես կամ որեւէ մեկը չի ուզում երկխոսության այլ նպատակ ձեւակերպել, այլ որովհետեւ երկխոսության որեւէ այլ թեմա իմաստ չունի:

Գործարքի մասին: Ուշադիր նայենք Հայ Ազգային Կոնգրեսի հարթակին. այնտեղ գտնվող այդ ո՞ր գործիչն է, որ ինքն իրենով, որպես անհատ կամ գործիչ ցանկության դեպքում չէր կարող գործարքի գնացած լինել իշխանության հետ: Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը, Ստեփան Դեմիրճյա՞նը, Արամ Սարգսյա՞նը, Արամ Մանուկյա՞նը:

Ներեցեք անհամեստությանս` ինձ էլ հիշատակեմ այդ դեպքում: Իշխանությունը վերջին տարիներին` սկսած 1998 թվականից, որեւէ ջանք խնայե՞լ է մեզ իր կողմը քաշելու համար: Մտածեք` ինչերի պատրաստ կլիներ իշխանությունը մեզ իր կողմնակիցը դարձնելու համար: Ի՞նչ է, նմա՞ն ենք «էշ ուտող, պոչի վրա խռովող» մարդկանց:

2007 թվականից անընդհատ լուրեր են տարածել ձեզ հայտնի շրջանները. Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրությունների շեմին հանելու է թեկնածությունը, Տեր-Պետրոսյանը հեռանալու է Հայաստանից, Տեր-Պետրոսյանը հեռանալու է քաղաքականությունից: Եւ ի՞նչ: Եւ այն, որ մեր ընթացքը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է. էսքան բան:

- Քո կարծիքով, ինչո՞ւ Սերժ Սարգսյանը մարտի 1-ից երեք տարի հետո հանկարծ որոշեց այն բացահայտելու անորոշ հրահանգ տալ եւ, առհասարակ, կատարել Հայ ազգային կոնգրեսի պահանջները:

- Իսկ ինչու նա ժամանակին խոստացավ քանդել ժողովրդի եւ իշխանության միջեւ առկա չհասկացվածության պատը եւ չքանդեց, ինչու «որոշեց» Հայաստանում մշակութային հեղափոխություն անել` «Արարատ» ալիք հայ մշակույթի ոստան ու բուրաստան բացելով եւ երկուսուկես տարի անց փակելով. ինչու մտավ ի սկզբանե ձախողված հայ-թուրքական հարաբերությունների ֆուտբոլային դիվանագիտության մեջ, ինչու խոստացավ Հայաստանում արդարություն հաստատել եւ չհաստատեց:

Ժամանակ է ձգում: Ինչի՞ համար: Համոզված եմ` ինքն էլ չգիտի: Սերժ Սարգսյանի ողբերգությունն այն է, որ նա առաքելության զգացողություն չունի: Նա հայտնվել է Հայաստանի թիվ 1 աշխատասենյակում եւ չգիտի ինչ անել: Առանց առաքելության զգացողության, առանց սեփական առաքելությունը պարզորոշ գիտակցելու հնարավոր չէ երկիր կառավարել: Խոսքը արդյունավետ կառավարման մասին է, պետական եւ ազգային առաջնորդության: Այս պայմաններում մնում է սպորտային հետաքրքրությունը` զրահապատ մոդեռն «Մերսեդեսը», միգալկաների ուղեկցությամբ տեղից տեղ մեկնելու հնարավորությունը, մարդկանց ճակատագրեր որոշելու անզուգական կայֆը… Սա Սերժ Սարգսյանի ողբերգությունն է, որ, համոզված եմ, չի հաղթահարվելու:

Եւ, ի դեպ, մի շտապեք. նա Հայ ազգային կոնգրեսի պահանջների մի մասն է կատարել: Մյուսները կկատարի կամ չի կատարի այնքանով, որքանով դա անհրաժեշտ է ժամանակ ձգելու համար…

- Կալանավայրը ի՞նչ նոր որակներ, բնավորության գծեր ու հատկանիշներ է քեզ մոտ ի հայտ բերել: Դու ազատատենչ մարդ ես…

- Շատ են ասում այն մասին, որ բանտում հնարավոր է լինել ազատ: Դա իսկապես այդպես է, բայց ի՞նչ է դա նշանակում: Ընդամենը հետեւյալը. լինել այնպիսին, ինչպիսին ե՛ս: Եթե սա հաջողվում է, ուրեմն հաղթել ես: Այս բանաձեւը խիստ զգալի է բանտում, բայց այդպես է նաեւ դրսում: Թե բանտում, թե դրսում կան «համակարգեր», որոնք ուզում են քեզ դարձնել այնպիսին, ինչպիսին իրենց հարմար է: Ինչպիսին իրենք են: Մարդկային ամենամեծ հարստությունը անհատականությունն է, ինքնությունն է, ես-ը:

Այնպես որ, բանտում որեւէ նոր հատկանիշ ձեռք չեմ բերել: Այնպիսին եմ, ինչպիսին եղել եմ: Գուցե բնավորության որոշ գծեր, որ դրսում քիչ են պետք եկել, այստեղ եմ ավելի հաճախ կիրառել: Բայց ուրվագիծս որեւէ փոփոխություն չի կրել: Ի դեպ, վերջին երկու տարիներին իմ շուրջ տեղի ունեցած իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում: Նրանց ներվայնացնում է այն, որ ընթերցողը այդպես էլ չզգաց տարբերությունը` ազատության մե՞ջ եմ ես, բանտո՞ւմ, թե՞ ընդհատակում:

- Այդտեղ` մեզանից բավականին հեռու կալանավայրում, լավ ու հետաքրքրիր մարդկանց հանդիպե՞լ ես:

- Հա, իհարկե: Ինչպես ՔԿՀ աշխատակիցների, այնպես էլ կալանավորված անձանց եւ դատապարտյալների մեջ եղել են մարդիկ, որոնց հետ հաճելի է եղել շփվելը: Ոմանց հետ մեծ հավանականությամբ ընկերություն կանենք` հնարավորություն դեպքում:

- Ի՞նչն ես ամենաշատը կարոտել Երեւանում: Երբ վերադառնաս, ո՞ւր կգնաս, ո՞ր փողոցով կքայլես եւ ո՞ւմ առաջինը կայցելես:

- Ամենաշատը կարոտել եմ Ազատության հրապարակը, Մաշտոց պողոտա, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Թումանյան փողոց… երթուղին: Առաջինը կացելեի «Հայկական ժամանակին»: Մյասնիկյանի արձանից հետո:

- «Երկրի հակառակ կողմում» շարքում կարծեմ գրել էիր, թե որոշ իրադարձություններ մտացածին են: Արդյոք դա վերաբերվո՞ւմ է նաեւ այն գլխին, երբ դու Տոկիոյի փողոցով ուզում էիր անցնել, ու մեկը քեզ ասաց` «ապե՛ր, հա՞յ ես»:

- Վարդանի մասին եք հարցնում… Հույս ունեմ` չեք նեղանա, եթե «Երկրի հակառակ կողմին» վերաբերվող որեւէ հարցի չպատասխանեմ: Դա առանձին խոսակցություն, թեմա է, որի ժամանակը, կարծում եմ, չի եկել:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , , , ,


  1. Aram
    Մայիս 28th, 2011 at 07:33 | #1

    MER APAGA NAXAGAHN AZATUTYAN MEJ E!!!
    KECCE NIKOL@!!!
    KECCE APAGA AZAT HAYASTAN@!!!

  1. No trackbacks yet.