> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԿՈՆԳՐԵՍԸ ՓՈԽԵՑ… ՎԱՐՉԱԽՄԲԻ՛ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

ԿՈՆԳՐԵՍԸ ՓՈԽԵՑ… ՎԱՐՉԱԽՄԲԻ՛ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Հետաքրքիր, շատ հետաքրքիր է հետեւել, թե ինչպես են ինչ-որ փորձագետներ, քաղաքական գործիչներ, դիտորդներ քննարկում այն հարցը, թե ինչու եւ ինչպես է Հայ ազգային կոնգրեսը «մեղմացրել իր դիրքորոշումը» ներքաղաքական հարցերում: Բանը հասել է այնտեղ, որ նույնիսկ Կոնգրեսին համակիր որոշ գործիչներ ներքաշվում են այսօրինակ խոսակցությունների մեջ եւ սկսում բացատրել, որ Կոնգրեսը «մեղմացրել է դիրքորոշումը»` հանուն պետության, Ղարաբաղի, ապագայի:
Որ Հայ ազգային կոնգրեսը միշտ էլ գործել է հանուն պետության, Ղարաբաղի եւ ապագայի` պարզ է եւ հասկանալի: Բայց, սիրելիներս, էդ ո՞վ է ասել, որ Կոնգրեսը մեղմացրել է իր դիրքորոշումները: Նման եզրակացության հիմքը Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությո՞ւնն է իշխանության հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին: Եթե այդպես է` «դիրքորոշման մեղմացման մասին» քննարկումը լավագույն դեպքում մոլորություն է, ավելի հավանականը նենգափոխման տարբերակն է:
Այսպես ասում եմ այն պարզ պատճառով, որ ՀԱԿ առաջնորդը եթե ոչ ամեն ելույթում, ապա գոնե մեկումեջ հստակ արձանագրել է իշխանության հետ երկխոսություն սկսելու պատրաստակամությունը` քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու պարագայում: Եւ ընթացիկ շրջանում, երբ գործող վարչախումբը ակնարկում է Կոնգրեսի դիրքորոշմանը համապատասխանող իրադրություն ստեղծելու իր հնարավոր պատրաստակամության մասին, հայտնի շրջանակների` վերը նշված մեկնաբանությունը ցնցող է` իր աղաղակող անիրականությամբ: Իրականությունը, ահա, բոլորովին այլ է, եւ դիրքորոշումը ոչ թե Կոնգրեսը, այլ կոալիցիոն իշխանությունն է մեղմացրել:
Այդ իշխանությունն է, որ աղաղակում էր մարտի 1-ի էջը փակված լինելու մասին: Հիմա փոխել է դիրքորոշումը, հրաժարվել է այդ դիրքորոշումից:
Այդ իշխանությունն է, որ բոլոր հնարավոր միջոցներով պարսպում էր Ազատության հրապարակը: Հիմա փոխել է դիրքորոշումը, հրաժարվել է այդ դիրքորոշումից:
Այդ իշխանությունն է, որ չէր նկատում, չնկատելու էր տալիս Սասուն Միքայելյանի ծայրահեղ ծանր առողջական վիճակը: Հիմա փոխել է դիրքորոշումը, հրաժարվել է այդ դիրքորոշումից:
Իսկ ի՞նչ է արել Կոնգրեսը. ինչպես պնդել, այնպես էլ պնդում է քաղաքական բանտարկյալների ազատ արձակման, արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների վրա: Երկխոսությունն էլ, ահա, նշված հարցերը հնարավորինս անցնցում լուծելու միջոց է: Այսպիսով ակնհայտ է դառնում, որ Կոնգրեսի դիրքորոշման մեղմացման մասին պնդումը ոչ այլ ինչ է, եթե ոչ իշխանական PR-ի արգասիք:
Սա հիմնավորապես ապացուցվում է Սերժ Սարգսյանի ապրիլի 27-ի հայտարարություններով: Լրագրողների հարցերին պատասխանելով, Սարգսյանը զարմանալի բաներ ասաց, մասնավորապես պնդելով, թե ընդդիմության հանրահավաքներում հնչող ելույթները այլեւս ուղղված չեն հասարակությունը պառակտելուն, ջարդելուն-փշրելուն: Սա դիրքորոշման փոփոխություն է, իշխանության դիրքորոշման թաքնված փոփոխություն, որովհետեւ հասարակությունը պառակտողի, ջարդող-փշրողի դերում ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունն է եղել այս ողջ ընթացքում: Ընդդիմությունն ընդամենը ասել է, որ չի պատրաստվում ընկրկել իշխանական սափրագլուխների եւ քիլլերների առաջ: Եւ տեր է եղել իր խոսքին:
Երբ Սերժ Սարգսյանն ասում է, որ ընդդիմության վերջին հանրահավաքների ընթացքում հասարակական կարգի կոպիտ խախտումներ չեն արձանագրվել, դա մի բան է նշանակում. ոստիկանությունը իրեն նորմալ է պահել, ԱԱԾ եւ ոստիկանության գործակալները բախումներ հրահրելու հրաման չեն ստացել: Եւ սա միմիայն այն պատճառով, որ վարչախումբը հասկացել է. Հայաստանը փոխվել է, Հայաստանը բարձրացել է, Հայաստանում հաստատվում է Քաղաքացու գերիշխանություն, եւ մարտի 1-ի կրկնության ցանկացած փորձ կվերածվի մարտի 2-ի:

Հ.Գ. Շատերի համար սենսացիոն էր Լեւոն Տեր-Պետրոսյանի 2011թ. ապրիլի 8-ի այն հայտարարությունը, թե Կոնգրեսը չի ապակայունացնելու իրավիճակը Հայաստանում, ցնցումներ չի հարուցելու` հանուն պետականության եւ Ղարաբաղի: Նրանց, ովքեր ցնցվել են ՀՀ առաջին նախագահի այս մոտեցումից` հիշեցնեմ: 2008թ. մայիսին, ուշադրություն դարձրեք` 2008թ. մայիսին, Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի եւ Ղարաբաղի դեմ, ինքը իր բոլոր համախոհներին կոչ կանի դադարեցնել քաղաքական պայքարը եւ նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին: Նույնիսկ առանց քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու նախապայմանի:

Հ.Գ.-2 2011թ. ապրիլի 28-ի նախաշեմին Հայ ազգային կոնգրեսը, Հայաստանի հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ մոտ էին հետագա պայքարի մարտավարության եւ ռազմավարության փոփոխությանը: Իշխանությունը, սակայն, վերանայելով իր նախկին կարծր դիրքորոշումը` գոնե առժամանակ վերացրեց նման անհրաժեշտությունը: Մնացածը կերեւա առաջիկայում:

Հ.Գ.-3 Շատերին դավադրություն էր թվացել այն, որ մարտի 17-ին եւ ապրիլի 8-ին ՀԱԿ-ը կարողացավ բանակցությունների արդյունքում մուտք գործել ոստիկաններով շղթայված Ազատության հրապարակ: Փաստորեն մոռացել ենք, որ 2008-ի ամռանը, աշնանը Կոնգրեսը նույն ձեւով էր մուտք գործում Մատենադարանի հրապարակ, որը նույն ձեւով պարսպված էր ոստիկանական շարքերով: Այն ժամանակ էլ բանակցողները նույն մարդիկ էին` Լեւոն Զուրաբյանը եւ Սաշիկ Աֆյանը: Բայց այն ժամանակ դա դավադրություն չէր հռչակվում: Տեսնես ինչո՞ւ…
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. yervand karapetyan
    Մայիս 7th, 2011 at 18:12 | #1

    parza……..pastoren es el senc

  1. No trackbacks yet.