> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՄԱՐԴԻԿ, ԿԵՆՑԱՂ, ԲԱՐՔԵՐ…

ՄԱՐԴԻԿ, ԿԵՆՑԱՂ, ԲԱՐՔԵՐ…

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ եւ ավագ Իկեր Կասիլիասը Իսպանիայի` ֆուտբոլի արքայական գավաթը ստանալու համար բարձրացավ արքայական տրիբունա: Գավաթը նա պետք է ստանար Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսից: Բայց Կասիլիասը չշտապեց դա անել. նախ բարձրացավ թագավորի դիմաց գտնվող բազրիքին, հավասարակաշռությունը պահելու համար ձեռքը դրեց թագավորի ուսին, հենվեց նրա վրա: Կասիլիասի այդ ձեռքն, ի դեպ, քիչ առաջ ավարտված «Ռեալ» - «Բարսելոնա» խաղի ողջ ընթացքում դարպասապահական ձեռնոցների մեջ էր եղել:

Բազրիքի վրա կանգնած Կասիլիասի ծնկները գտնվում էին Խուան Կառլոսի դեմքի բարձրության վրա: Հետո Կասիլիասը ստացավ գավաթը. դեմքով շրջվեց դեպի խաղադաշտը` թագավորի դեմքի դիմաց ունենալով ազդրերը` Իսպանիայի դրոշի մեջ փաթաթված: Գավաթը մի քիչ թափահարելուց հետո այն ետ տվեց թագավորին, որ վերջինս այն պահի, մինչեւ ինքը, այսինքն` Կասիլիասը, իջնի: Իջնելիս ձեռքը նորից դրեց թագավորի ուսին: Իջավ, վերցրեց գավաթը, գնաց:

Այս ողջ ընթացքում հետեւում էի թագավորի դեմքի արտահայտությանը, փորձելով այդ արտահայտության մեջ որեւէ փոփոխություն տեսնել: Չտեսա, չկար: Նեղվելու, վիրավորվելու ոչ մի նշույլ, ոչ մի արտահայտություն: Չնայած հպատակը նրան «օգտագործել» էր որպես «բռնակ»` հենվելով նրա վրա, օգնականի տեղ էր դրել` նրան ստիպելով պահել գավաթը, բարձր էր կանգնել թագավորից` ի տես համայն աշխարհի: Վիրավորակա՞ն էր Կասիլիասի պահվածքը թագավորի համար, թե՞ ոչ, կարող էր որոշել միայն թագավորը: Բայց թագավորի դեմքի արտահայտությունը ակնհայտ դարձրեց. նրա միտքը նույնիսկ չի աշխատել այդ ուղղությամբ, նա ազատ է պայմանականություններից, տափակ պրոտոկոլներից:

Այսպիսին է 21-րդ լուսավոր դարը, որն ազատություն է տվել ոչ միայն հասարակ քաղաքացիներին, այլեւ թագավորներին: Տեղի ունեցածից նույնիսկ չնեղված թագավորը ազատ թագավորն է, ազատ թագավոր կարող է լինել ազատ երկրում: Ազատ թագավորը երկրի ազատության խորհրդանիշն է:

* * *

2001թ. աշնանային մի օր ջավախքցի դաշնակցական Պողոս Պողոսյանը եկել էր Երեւան: Նա Ջավախքի գյուղերից մեկի գյուղապետն էր, դե յուրե Վրաստանի քաղաքացի: Հաճախ չէ, որ հայտնվում էր Մայր հայրենիքի մայրաքաղաքում: Երեւան գալիս սիրում էր երեկոն անցկացնել «Առագաստ» սրճարանում. այս անգամ էլ նույնը արեց եւ շատ գոհ էր դրանից:

Այնպես էր ստացվել (բախտը բերել էր ուղղակի), որ մի քանի սեղան այնկողմ նստած էին Ռոբերտ Քոչարյանը եւ Շառլ Ազնավուրը: Քոչարյանը նախագահի պաշտոնում հայտնվել էր նաեւ ՀՅ Դաշնակցության համակողմանի աջակցության շնորհիվ: Այն դաշնակցության, որի անդամ էր նաեւ ինքը` Պողոս Պողոսյանը:

Շատ էր ասվում, որ Քոչարյանը ՀՅԴ գաղափարախոսության կրող է, այսինքն Պողոս Պողոսյանը կարող էր Ռոբերտ Քոչարյանին գաղափարական եղբայր համարել:

Իսկ Ազնավուրը` նա փաստացի ջավախքցի ծնողներից է սերում, ջավախքցի է փաստացի:

Պողոս Պողոսյանը հարազատ միջավայրում էր հայտնվել, էն էլ ինչպիսի՜ հարազատ միջավայրում: Տրամադրությունը միլիոն էր, միլիարդ, տրիլիոն: Երեկոն հրաշալի էր, անզուգական, անմոռանալի…

Եւ ահա, բավական երկար ջազ լսելուց հետո, պատվավոր հյուրերը վեր կացան հեռանալու: Պողոս Պողոսյանը հասկացավ, որ նրանք անցնելու են իր սեղանի կողքով: Սիրտը սկսեց արագ աշխատել. հռչակավոր անձանց ողջունելու ինչպիսի՜ հնարավորություն… Առջեւից քայլում էր Ազնավուրը: Ի՞նչ Ազնավուր. ամբողջ աշխարհը նրան Շառլ է ասում.

- Ողջույն Շառլ,- դուրս թռավ Պողոս Պողոսյանի բերանից: Շառլը ժպտաց եւ անցավ: Հիմա պետք է ողջունել Քոչարյանին: «Ողջույն Շառլ: Ողջույն պարոն Քոչարյան»: Չի հնչում: Համ էլ` էս հիասքանչ երեկոյի մեջ` արարողակարգի ետեւից չես ընկնի` գաղափարական եղբորդ ողջունելիս.

- Ողջույն Ռոբ,- սա ոչ թե ողջույն էր, այլ դատավճիռ, մահվան դատավճիռ: Իր` Պողոս Պողոսյանի մահվան դատավճիռը: Բայց ի՞նչ իմանար Պողոս Պողոսյանը:

* * *

ԱՄՆ Ռազմածովային նախարարի ընդունարանում զանգ հնչեց: Նախարարի օգնականը վերցրեց ընկալուչը.

- Ալո, բարեւ ձեզ: Ձեզ Ֆրենկն է անհանգստացնում. կարո՞ղ եմ խոսել նախարարի հետ:

- Ի՞նչ Ֆրենկ, ես ոչ մի Ֆրենկ չեմ ճանաչում,- զարմացած հակադարձեց ԱՄՆ Ռազմածովային նախարարի օգնականը:

- Դե Ֆրանկլինը, Դելանո Ռուզվելտ: Նախագահը: ԱՄՆ-ի,- հանգիստ բացատրում էր զանգահարողը` իրեն շարունակելով ներկայացնել այնքան, մինչեւ Ռազմածովային նախարարի օգնականը տեղը բերի:

* * *

Նրանց մենթալիտետը ուրիշ է, նրանք Արեւմուտք են, Եվրոպա, Ամերիկա: Իսկ թուրքը մնում թուրք: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն, օրինակ: Թերթերից, թուրքական թերթերից մեկը գրել էր, որ նա, այսինքն` Գյուլը, ազգությամբ հայ է: Սա նույնն է, եթե որեւէ թերթ որեւէ հայի մասին գրի, որ նա թուրք է: Ավելի մեծ վիրավորանք դժվար է, չէ՞, պատկերացնել: Գյուլը դատի տվեց իրեն հայ անվանած թերթին: Պահանջեց հերքել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը եւ իրեն բարոյական վնասի փոխհատուցում վճարել: Որքա՞ն: Մեկ թուրքական լիրա: Սիմվոլիկ:

Թուրքը մնում ա թուրք:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
22.04.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.