> ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > «ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ»

«ԲԱՑԱՌՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՈՐԵՎԷ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ»

nikol banner

«168 ժամ»-ի հարցազրույցը Նիկոլ Փաշինյանի հետ

Երեկ մենք ստացել ենք «Արթիկ» ՔՀԿ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին ուղղված մեր հարցերի պատասխանները, որոնք ամբողջությամբ ներկայացնում ենք մեր ընթերցողներին:

- Հարգելի Նիկոլ, ապրիլի սկզբին հայտնի դարձավ, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը որոշում է կայացրել առաջնահերթության կարգով քննել քո ներկայացրած հայցերը: Քո կարծիքով, այս որոշումը ՀՀ իշխանություններին կարո՞ղ է ստիպել առաջիկայում քեզ եւ մյուս քաղբանտարկյալներին ազատ արձակելու քաղաքական որոշում կայացնել` խուսափելով եվրոպական կառույցներում այս գործերի քննության կանխատեսելի խայտառակ ընթացքից:

- Իշխանությունների ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ իմ ազատ արձակել-չարձակելը որեւէ ազդեցություն չի ունենա ԵԴ-ում սպասվող պրոցեսների վրա։ Այսինքն` այն, ինչ ինձ հետ տեղի է ունեցել, արդեն տեղի է ունեցել, եւ իշխանությունն ակնարկում է, որ ԵԴ-ում որեւէ բան փոխելու համար ինձ ազատ արձակելն անիմաստ քայլ է։ Այնպես որ, եթե Ս. Սարգսյանի վարչակազմը ԵԴ-ի վրա ազդելու հնարավորություն ունենա, կնախընտրի դա անել առանց ինձ ազատ արձակելու։

Իմ դիմումներին նախապատվություն տալու ՄԻԵԴ որոշումը մեծ ուշադրության է արժանացել Հայաստանում, եւ որպես այդ գործով անցնող անձ` ինձ պատասխանատու եմ զգում ինձնից կախված ամենն անելու համար, որ ունենանք Հայաստանի հանրության համար վստահելի դատավճիռ, որը կարող է նախադեպ դառնալ մարտիմեկյան մյուս գործերի համար, որոնք սպասում են իրենց հերթին։ Ըստ ամենայնի` մարտիմեկյան գործերով ԵԴ առաջին դատավճիռն իմ գործով է լինելու, եւ հույս ունեմ, որ փաստաբան Վահե Գրիգորյանի հետ այս պրոցեսում կներկայանանք հավուր պատշաճի։ ՄԻԵԴ վճիռն ունենալու է հսկայական իրավաքաղաքական նշանակություն, եւ հույս ունեմ` այն կամրապնդի սեփական երկրում եվրոպական արժեքներին համապատասխանող կյանք եւ իրավունքներ ունենալու ՀՀ քաղաքացիների հավատը, կքաջալերի այդ նպատակին ուղղված նրանց ջանքերը։

- Ապրիլի 20-ին Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցության ընթացքում հնչած հայտարարությունը` Մարտի 1-ի գործի բացահայտմանը «նոր թափ» հաղորդելու վերաբերյալ, Հայ ազգային կոնգրեսը գնահատեց որպես իշխանություններին ներկայացված երեք հրատապ պահանջներից մեկի կատարում: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, քո կարծիքով` ե՞րբ իշխանությունները կկատարեն մյուս` ամենակարեւոր պահանջը` քեզ եւ մնացած քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ:

- Քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը քաղաքական հարց է, եւ հենց այդ պատճառով են նրանք կոչվում քաղբանտարկյալներ։ Քաղաքական բանտարկյալներ։

Իշխանության այն պնդումը, թե Հայաստանում քաղբանտարկյալ չկա, որովհետեւ այդպես հայտարարվող բոլոր անձինք դատապարտվել են Քրեական օրենսգրքի հոդվածներով, ուղղակի ծիծաղելի է։ Եթե դատարանն ապացուցված է համարել իմ մեղքը ՔՕ 225 հոդվածով, եթե մեղադրանքի կողմի ներկայացրած փաստերը բավարար է համարել 225 հոդվածով ինձ դատապարտելու համար, նույն հաջողությամբ կարող էր մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի ցանկացած այլ հոդվածով։ Եթե կարելի է առանց պատշաճ ապացույցների մարդուն մեղավոր ճանաչել Զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, ինչու չի կարելի այդ նույն մարդուն նույն կերպ մեղավոր ճանաչել գողության, կողոպուտի, խարդախության, թմրաբիզնեսի մեջ։ Իմ նկատմամբ նշված հոդվածներով, ՔՕ ցանկացած այլ հոդվածով կայացված մեղադրական դատավճիռը նույնքան «հիմնավոր» կլիներ, որքան այսօր ուժի մեջ գտնվող դատավճիռը։ Իշխանության տրամաբանությամբ ստացվում է, որ որեւէ մեկին քրեական մեղադրանք առաջադրելը բավարար է, որ նա քաղբանտարկյալ չհամարվի։ Ստալինը ո՞նց չի ֆայմել քաղբանտարկյալներին գողության-մողության հոդվածներով դատել։ Անդրեյ Սախարովին թող թմրաբիզնեսի մեղադրանք առաջադրեին, եւ նա կդադարեր քաղբանտարկյալ լինել։ Այսպես է ստացվում ՀՀ գործող վարչակազմի տրամաբանությամբ։

Ահա, ուրեմն. քաղբանտարկյալներին ազատ արձակման տեմպերն ու ծավալները կախված են բացառապես իշխանության նկատմամբ գործադրվող քաղաքական ճնշման ուժգնությունից եւ հետեւողականությունից։ Հետեւողականությունը հատուկ կարեւորություն ունի, որովհետեւ նույնիսկ ամենաուժեղ, բայց վաղանցիկ ճնշումը չի կարող արդյունավետ լինել։ Թույլ տվեք նաեւ ենթադրել, որ քաղբանտարկյալների մեջ կան անձինք, որոնց ազատ արձակումը թեկուզ մեկ օրով, թեկուզ հինգ ժամով, թեկուզ 15 վայրկյանով հետաձգելու համար իշխանությունն ամեն ինչ կանի։

- Վերջին շրջանում ամենաշատ քննարկվող թեման իշխանությունների եւ ՀԱԿ-ի միջեւ հնարավոր երկխոսության հնարավորությունն է, որի մասին քո կարծիքը բազմիցս արտահայտել ես` երկխոսություն հնարավոր է միայն արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ: Հերթական խորհրդարանական ընտրություններին մնացել է մեկ տարուց քիչ ժամանակ, եւ իշխանությունների քայլերն ակնհայտորեն ուղղված են ներքաղաքական զարգացումները հերթական ընտրությունների նախընտրական փուլ հասցնելուն: Եթե իշխանությունների հետ երկխոսությունը` միակ հնարավոր հարցի` արտահերթ ընտրությունների վերաբերյալ, այդուհանդերձ, տեղի չունենա, քո կարծիքով` որո՞նք պետք է լինեն ՀԱԿ-ի հետագա քայլերը: Հնարավոր համարո՞ւմ ես ՀԱԿ-ի կողմից հերթական խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու հնարավորությունը:

- Երկխոսությամբ թե առանց երկխոսության` Հայ ազգային կոնգրեսը Հայաստանի Հանրապետության եւ ժողովրդի առաջ ունի մեկ գլխավոր պարտավորություն. երկիրը ազատել ապօրինի իշխանություններից, իշխանության ձեւավորման բացառիկ իրավունքը վերադարձնել ժողովրդին, սա անել հնարավորինս անցնցում, բայցեւ` առանց սեթեւեթանքի։ Այս խնդրի լուծումն օր օրի առավել հրատապ է դառնում, որովհետեւ Հայաստանը հատել է հնարավոր գրեթե բոլոր հասարակական աղետների շեմը. տնտեսական, բարոյական, ժողովրդագրական, դատաիրավական։ Հայ ազգային կոնգրեսը պետք է փորձի օգտագործել ժողովրդավարական բոլոր միջոցները` նպատակի իրագործման համար։ Նաեւ այս համատեքստում բացառում եմ համապետական որեւէ ընտրություն բոյկոտելու տարբերակը։ Ընդհակառակը` ցանկացած համապետական ընտրության պետք է ավելի լավ նախապատրաստվի Կոնգրեսը` հերթական լինի այդ ընտրությունը, թե արտահերթ։ Ի վերջո` մեր նպատակն ազատ, օրինական ընտրությունների միջոցով պերմանենտ իշխանափոխության կայուն ավանդույթի ձեւավորումն է Հայաստանում։ Սա ժողովրդավարության էությունն է, հիմքերի հիմքը։ Եվ տարօրինակ կլիներ, եթե այդ նպատակի իրագործման ճանապարհին մենք հրաժարվեինք ընտրություններին մասնակցելուց։ Նույնն է թե` հանուն խոսքի ազատության դադարեցնենք թերթ հրատարակելը։ Հերթական ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու մի ձեւ կա. հասնել արտահերթ ընտրությունների անցկացմանը, եւ Կոնգրեսն իրենից կախված ամեն ինչ պետք է անի` այս տարբերակով հերթական ընտրություններին մասնակցությունը բացառելու համար։ Բայց չպետք է մոռանալ, որ արտահերթ ընտրությունները ոչ թե նպատակ են, այլ միջոց։ Չի կարելի միջոցն իրագործելու վրա ուժերը պարպելու անխոհեմություն ցուցաբերել, որովհետեւ անհաջողության պարագայում նպատակը կդառնա անիրագործելի։ Նախագահական արտահերթ ընտրությունների հնարավորությունը վերջին շրջանի պրոցեսների արդյունքում էականորեն մեծացել է։ Երկխոսությամբ թե առանց երկխոսության, մենք պետք է Հայաստանն ազատենք ավազակապետությունից։

26.04.11թ.

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը մեզ հասցեագրված նամակում գրել է, որ ապրիլի 23-ի թերթերը, ինչպես նաեւ իրեն ուղարկված մեր նամակը ինքը ստացել է ապրիլի 26-ին։

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.