> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Աշխարհակալության երազանքը անթեղված է յուրաքանչյուր հայի գիտակցության մեջ: «Ամեն հայ երրորդ բաժակից հետո դաշնակ է» արտահայտությունը դիպուկ է բնորոշում մեր ազգային հոգեվիճակը: Աշխարհակալության, ծովից ծով Հայաստանի երազանքը ժամանակ առ ժամանակ ալեկոծում է մեր ազգի ցանկացած ներկայացուցչի հոգին, նույնիսկ նրանց, ում ընդունված է անվանել կոսմոպոլիտ, նույնիսկ` ապազգային:

«Երրորդ բաժակի» էֆեկտը, սակայն, մշտական չէ. որոշ ժամանակ անց վրա է հասնում սթափեցումը, եւ յուրաքանչյուր հայ հայտնվում է ազգային հոգեվիճակի մի ուրիշ մակարդակում` դառնությամբ գիտակցելով, որ մենք փոքր, սահմանափակ ուժի եւ հնարավորությունների տեր ազգ ենք, եւ միակ բանը, որ կարող ենք անել մեծ ազգերի արանքում, նույնիսկ` ձեռքի տակ յոլա գնալն է:

Որ փոքր ազգ ենք (Խորենացին ասում էր` փոքր ածու) հասկանալի է եւ փաստ: Բայց արդյո՞ք աշխարհակալության մեր երազանքը իրականություն դառնալու որեւէ հնարավորություն ունի, եթե այո` ի՞նչ է պետք անել դրա համար:

Զուտ տեսականորեն հայկական աշխարհակալությունը, իհարկե, հնարավոր է: Եթե այս պնդումը մերկապարանոց է թվում` ուշադրություն դարձրեք. այն ժամկետային սահմանափակում չունի: Խոսքը տեսական հնարավորության մասին է, որ հիմնված է պատմական այն իրողության վրա, որ ազգերը աշխարհակալ չեն ծնվում, այդպիսին դառնում են: Բազմաթիվ աշխարհակալություններ հիմնված են եղել էթնիկ ոչ մեծաթիվ տարրի վրա, ձեւավորվել են այդ միջուկի շուրջ: Հայաստանի չափ մի պետություն նախ կարողացել է ազդեցություն հաստատել հարեւան երկրների վրա, ապա նրանց միավորել մեկ պետության մեջ, հետո գերիշխանությունը տարածվել է այս նոր` միավորված պետության հարեւանների վրա եւ այսպես շարունակ:

Հենց այս մոդելով են ձեւավորվել Կյուրոս Մեծի, Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունները, այս մոդելն է կիրառել հայոց Արտաշեսը` Տիգրան Մեծի աշխարհակալության հիմքերը գցելիս:

Մեծ հաշվով` հենց այս մոդելով է ձեւավորվում ցանկացած կայսրություն կամ աշխարհակալություն: Այս փաստը եւս մեկ անգամ վկայում է, որ հայկական աշխարհակալության երազանքը իրականանալու հնարավորություն ունի: Տեսականորեն: Նույնպիսի հնարավորություն ունեն նաեւ վրացական, չեչենական, ալբանական երազանքները` աշխարհակալության մասին: Ի վերջո` յուրաքանչյուր ազգ, կամ առնվազն ազգերի մեծամասնությունը ունի՛ աշխարհակալության երազանք, ինչպես ամեն մարզիկ երազում է դառնալ աշխարհի եւ օլիմպիական խաղերի չեմպիոն: Խնդիրն էլ հենց դա է. երազանքի իրագործման տեսական հնարավորությունը դարձնել գործնական իրականություն: Ի՞նչ է ուրեմն անհրաժեշտ անել հայկական աշխարհակալության երազանքը իրականություն դարձնելու համար:

Պատմական փուլեր

Նոր գերտերությունները, աշխարհակալությունները, կայսրությունները առաջանում, կայանում են հների քայքայման, փլուզման արդյունքում կամ հետեւանքով: Կամ այդօրինակ պրոցեսներին զուգընթաց:

Ասորեստանի գոյացումն ու հզորացումը զուգորդվեց Եգիպտոսի անկմամբ: Կյուրոսի Աքեմենյան կայսրությունը ստեղծվեց Ասորեստանի, Ուրարտուի, Լյուդիայի փլուզմամբ, Մակեդոնացու կայսրությունը ձեւավորվեց Աքեմենյան տերության կործանմամբ:

Տիգրան Մեծի աշխարհակալ տերությունը ձեւավորվեց այն ժամանակ, երբ Սելեւկյան կայսրությունը փլուզվում էր, Պարթեւական պետությունը չէր հասցրել դառնալ լիարժեք գերտերություն, Հռոմը չէր հասել մեր կողմերը. ճանապարհին էր: Հռոմն ինքը կայսրություն էր դառնում հունական գերիշխանության անխուսափելի դարձած անկման ֆոնին:

Պատմության ողջ ընթացքը ապացուցել է այս տրամաբանության կենսունակությունը: Ամենաթարմ օրինակը. 20-րդ դարում ամերիկյան գերիշխանությունը հնարավոր դարձավ նախ` Բրիտանական, Ֆրանսիական, ապա եւ` Խորհրդային կայսրության փլուզման ֆոնին:

Աշխարհաքաղաքական-տեկտոնական այսօրինակ պրոցեսները, սակայն, հայ ժողովրդի պատմության վրա տարբեր ազդեցություններ են ունեցել: Հին գերտերությունների անկումը, նորերի ձեւավորումը մեզ երբեմն զրկել է պետականությունից, երբեմն` պետականություն շնորհել: Երբեմն ուժեղացրել է մեր պետությունը, երբեմն թուլացրել:

Վերադառնալով հայկական աշխարհակալության (հայկական գերտերության) երազանքի իրագործելիության տեսական հիմնավորմանը, արձանագրենք, որ դրա համար հարկավոր է նախ անկախ պետականություն եւ այդ պետականության կայուն եւ վստահ զարգացման երկար, շատ երկար ընթացք: Որքա՞ն երկար:

Գուցե հիսուն, գուցե հարյուր, գուցե հարյուր հիսուն, գուցե երկու հարյուր կամ երեք հարյուր տարվա չափ երկար: Եթե, սակայն, 300-ամյա գործունեության պլանը աննյութական եւ ոչ շոշափելի է թվում` կոնկրետացնենք, ուրեմն` 300 տարի այսօրվանից սկսած կամ սկսած 1991 թվականի սեպտեմբերի 21-ից: Ինչպիսին կլինի Հայաստանը 300 տարի անց (եւ կլինի՞ արդյոք)` շատ բանով կախված է նրանից, թե ինչ ենք մենք անում հիմա: Անիմա՞ստ է այսպիսի «ռազմավարական պլանավորումը»: Իսկ մի՞թե որեւէ մեկն այսօր դժգոհ կլիներ, եթե 300 տարի առաջ հայությունը գործած լիներ` մտածելով, որ մենք էլ ենք լինելու, մտածած լիներ այսօրվա հայությանը լինելիության ավելի լավ պայմաններ եւ բանաձեւեր ժառանգելու իր պարտավորության մասին:

Ինչո՞ւ աշխարհակալություն

Իսկ ինչու ընդհանրապես խոսել «հայկական աշխարհակալության» (հայկական գերտերության) մասին: Գործնական նկատառումներով:
Նախ` հասկանալու, ավելի ճիշտ` արձանագրելու համար, որ դա այսօրվա եւ ընդհանրապես տեսանելի եւ հաշվարկելի ապագայի խնդիր չէ: Նաեւ արձանագրելու համար, որ եթե մենք այսօր չենք գրոհում Վանը եւ ազատագրական արշավանք չենք իրականացնում Ջավախքի ուղղությամբ` այդպիսով ամենեւին չենք դավաճանում հայկական աշխարհակալության երազանքին: Բայցեւ` գիտակցելու համար, որ այսօրվա մեր քայլերով կանխորոշում ենք հայկական աշխարհակալության լինել-չլինելու հարցը:

Իսկ ինչո՞ւ են այս արձանագրումները կարեւոր: Կրկին գործնական նկատառումներով: Հայկական` թեկուզ կարճատեւ աշխարհակալության մեր պատմական հիշողությունը անընդհատ բորբոքում է հայկական նոր աշխարհակալության մասին մեր երազանքը` հաճախ հարուցելով հիստերիկ հալյուցինացիաներ:

Մենք կորցնում ենք իրականության զգացողությունը:

Արբեցման ցանկացած վիճակի հաջորդում է խումհարը, գլխացավը, դեպրեսիան: Հալյուցինացիոն էյֆորիայից սթափվելով` մենք տեսնում ենք մեր փոքրությունը, մեր պրիմիտիվությունը, մեր խեղճությունը, որ աշխարհակալական տեսիլքներից հետո էլ ավելի անտանելի է դառնում:

Մենք նորից կորցնում ենք իրականության զգացողությունը:

Մենք գործնականում մշտապես ապրում ենք իրականության զգացողությունը կորցրածի վիճակում` էյֆորիկ կամ դեպրեսիվ արբեցման մեջ, ծովից ծով եւ դատարկվող Հայաստանների արանքում: Սա կանխորոշում է մեր մշտական անգործությունը: Այսօրվա Հայաստանը անհույս է թվում, վանում է, այդպիսով` դատապարտելով փախուստի կամ անգործության, ծովից ծով Հայաստանը անհասանելի է թվում` դատապարտելով փախուստի կամ անգործության:

Խնդիրը, ըստ այդմ, խիստ գործնական է, արձանագրել կապը այսօրվա հայկական պետականության ու հայկական աշխարհակալության միջեւ եւ երկու կետերի արանքում առկա անհաղթահարելի թվացող տարածությունը լցնել գործնական, ամենօրյա, այսօրվա աշխատանքով: Դա մեզ կօգնի, գործելով հանուն հայկական տեսական աշխարհակալության` կենտրոնանալ այսօրվա Հայաստանի վրա:

Առանց խաբեության

Տեսական այս դրույթը, սակայն, իրական արդյունքներ կտա միայն մի դեպքում. եթե դա լինի ոչ թե խաբեությունը, այլ գործելու անկեղծ եւ հասկանալի ուղենիշ: Ո՞րն է ուրեմն տեսանելի ապագայի մեր անելիքը:

Նախ` լինե՛լ որպես պետություն, ապա պատրաստվել մոտակա աշխարհաքաղաքական երկրաշարժին, համաշխարհային ստատուս քվոյի առաջիկա փոփոխությանը: Նպատակը` այդ փոփոխության պրոցեսից դուրս գալ շահած վիճակում: Ե՞րբ կլինի այդ երկրաշարժը, ոչ ոք չգիտե: Գուցե մեկ շաբաթից, գուցե հիսուն տարի հետո: Բոլոր դեպքերում, սակայն, մենք դրան պետք է պատրաստվենք այսօր, այնպես, որ նոր կայսրությունների ձեւավորումը, հների փլուզումը կամ թուլացումը չկործանի մեզ, չթուլացնի: Պատրաստվել այնպես, որ ամեն պարագայում Հայաստանը լինի շահողի դերում:

Մոտակա աշխարհաքաղաքական երկրաշարժի արդյունքում` հինգ տարի հետո այն պատահի, թե 50` մենք աշխարհակալություն կամ գերտերություն դառնալու շանսեր չունենք: Նույնիսկ տեսական: Իսկ ահա պետականությունը կորցնելու շանսեր ունենք` ոչ միայն տեսական: Նախ` այս հնարավորությունն է պետք բացառել:

Եթե առաջիկա աշխարհաքաղաքական երկրաշարժից մենք թեկուզ մի փոքր ուժեղացած դուրս գանք, կնշանակի շատ կոնկրետ քայլ արեցինք դեպի հայկական աշխարհակալություն: Կարող ենք ուրեմն կենտրոնանալ ուժեղացած Հայաստանն ավելի ուժեղացնելու գործի վրա, որպեսզի պատրաստ լինենք այն մյուս աշխարհաքաղաքական երկրաշարժին դիմակայել եւ այդ երկրաշարժի արդյունքում կրկին ուժեղանալ:

Սրա նշանակությունը դժվար չէ հասկանալ. պատկերացրեք այսօր ինչպիսին կլիներ Հայաստանը, եթե նրա պետական գոյությունը այդքան հաճախ չընդհատվեր, այն էլ` այդպիսի մեծ միջակայքերով: Այսինքն` Տիգրան Մեծից մինչեւ օրս Հայաստանը որպես անկախ պետություն գոյություն ունեցած լիներ առանց ընդհատումների` էական չէ ինչ պետական կարգով կամ ինչ տարածքի վրա:

Այսօր աշխարհի բոլոր հզոր պետությունները մի առանձնահատկություն ունեն. նրանք միշտ կամ գրեթե միշտ եղել են որպես պետություն. նկատի ունեմ` պետական հիմնադրման պահից երբեւէ չեն զրկվել ինքնիշխանությունից, կամ զրկվել են կարճ ժամանակով, կամ մասնակի են զրկվել` պահպանելով պետական գոյության մի շարք կարեւոր ատրիբուտներ, ինչպես, օրինակ, Հայաստանը Խորհրդային Միությունում:

Խնդիրն, ըստ այդմ, պետական գոյության, պետական զարգացման շղթայական ռեակցիա հարուցելու մեջ է: Հնարավորինս երկար շղթայական ռեակցիա, որ հնարավորինս հզոր «միջուկային պայթյուն» կհարուցի` հայկական աշխարհակալ տերության տեսքով:

Սոցիալական ֆիզիկա. հայիր զքեզ

Միջուկ, շղթայական ռեակցիա, միջուկային պայթյուն: Այս բառերը, տերմինները պատահական չեն:

Արեւմուտքում լայն թափով զարգանում է «սոցիալական ֆիզիկա» կոչվող գիտությունը, որի նպատակն է հանրային, մարդկային, քաղաքական, պետական կյանքի երեւույթները հասկանալ, բացատրել ֆիզիկայի օրենքների շրջանակներում:

Այս մասին հիշատակում եմ, որովհետեւ հիմա պիտի փորձեմ պատասխանել հարցին, թե ինչպես հասնել հայկական պետության զարգացման շղթայական ռեակցիայի եւ հայկական պետության զարգացման միջուկային պայթյունի, ահռելի էներգիայի կուտակման եւ կիրառման` հանուն Հայաստանի եւ նրա ժողովրդի, հանուն մեր երազանքների իրականացման:

Բառերն ինքնին` ներառում են պատասխաններ. շղթայական ռեակցիա, միջուկային պայթյուն. սրանք միջուկային ֆիզիկային վերաբերվող տերմիններ են: 20-րդ դարում մարդը հասկացավ, որ միջուկի, ատոմի մակարդակում նյութի ճանաչումն ու ընկալումը, ատոմի միջուկի ճեղքումը աներեւակայելի չափերի էներգիա է արտանետում: Այդ էներգիային տիրապետողը դառնում է անպարտելի:

Հայկական աշխարհակալության ապագայի համար անհրաժեշտ շղթայական ռեակցիա հարուցելու համար` մենք որպես հանրություն, որպես ժողովուրդ պետք է կարողանանք խորանալ ինքներս մեր մեջ, ինքներս մեզ, մեր խնդիրները պիտի կարողանանք հասկանալ ատոմի, միջուկի մակարդակում, ճեղքենք ինքներս մեր միջուկը եւ այնտեղ ցանենք մեր երազած Հայաստանի սերմերը:

Ճեղքենք մեր միջուկը, որ կառավարելի շղթայական ռեակցիա կհարուցի եւ կհանգեցնի մեզ համար ցանկալի` հայ ժողովրդի միջուկային պայթյունի, հայկական ոգու եւ գիտակցության միջուկային պայթյունի, հայկական արվեստի, գիտության, փիլիսոփայության, տնտեսության, հումանիզմի, կրթության, տեխնոլոգիաների միջուկային պայթյունի, որի արդյունքում կծագի, կգոյանա, կհարատեւի հայկական աշխարհակալությունը:
Նման բան չի լինի, տեսանելի հարյուրամյա ապագայում: Բայց կլինի՞ արդյոք երբեւէ` որոշում ենք մենք, որոշում ենք այսօր` ըստ այնմ, թե կհասնե՞նք արդյոք ինքներս մեր իրականության միջուկին, էությանը եւ արդյոք կկարողանա՞նք այնտեղ մեզ համար ցանկալի շղթայական ռեակցիա հարուցել: Ի՞նչ է սա նշանակում հանրային, պետական, քաղաքական իմաստով: Ո՞րն է մեր ժողովրդի, հանրության, պետության միջուկը, մոլեկուլը, ատոմը:
Հայոց պետությունը պետք է ներս նայի` հասնի յուրաքանչյուր ընտանիքի: Հասկանա նրա խնդիրները, բարդությունները, կարիքները: Իրենից կախվածը պիտի անի այդ խնդիրների լուծման, բարդությունների հաղթահարման, կարիքների փարատման համար:

Հայոց պետությունը պետք է հասնի յուրաքանչյուր քաղաքացու` հոգ տանի նրա իրավունքների, ազատությունների, արժանապատվության մասին: Հասկանա նրա ձգտումները, հղկի դրանք, կրթի, քաղաքակրթի, դաստիարակի` որպես 22-րդ, 23-րդ, 24-րդ դարի ազատ քաղաքացի, ամեն ինչ անի նման քաղաքացու ձեւավորման համար:

Հայոց պետությունը պետք է հասնի յուրաքանչյուր նորածնի` խնամք տանի նրա անվտանգության, առողջության, բարեկեցության, կրթության, դաստիարակության մասին: Էդ մանուկներն են, որ հայկական ապագայի ատլանտներ են դառնալու` հայկական Միքելանջելո, Մոցարտ, Պիկասո, Հեմինգուեյ, Էյնշտեյն, Վաշինգտոն, Ռուզվելտ. այս սյուների վրա կարող է հիմնվել հայկական աշխարհակալությունը:

Հ.Գ. Հայկական միջուկային պայթյունը այսպես թե այնպես տեղի է ունենալու: Հարցն այն է, թե արդյոք այդ պայթյունը հարուցած շղթայական ռեակցիան մեզ համար կլինի՞ կառավարելի: Եթե ոչ` պայթյունի արդյունքում հենց ինքներս կոչնչանանք կամ կհայտնվենք ոչնչացման եզրին, ինչպես դարերի ընթացքում մի քանի անգամ տեղի է ունեցել: Եթե այո` պայթյունի արդյունքում մեր փոքրությունն ու սահմանափակությունը կոչնչանա, ինչը երբեք, երբեք դեռ տեղի չի ունեցել:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
28.04.2011

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Արարատ Մամուլյան
    Փետրվար 18th, 2014 at 15:44 | #1

    Փայլուն և սրտացավ վերլուծություն,ցավոք այն չի դրված հայ-պետականության կազմավորման հիմքում

  1. No trackbacks yet.