> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԶՀԱՐՑՆ ՀԱՆԱՊԱԶՕՐ ԼՈՒԾԻՐ ԱՅՍՕՐ

ԶՀԱՐՑՆ ՀԱՆԱՊԱԶՕՐ ԼՈՒԾԻՐ ԱՅՍՕՐ

tigran_sargsyanԲոլոր հարցերը հնարավոր չէ լուծել միանգամից: Խիստ սովորական այս նախադասությունը բարձրաձայնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը` Շիրակի մարզում լրագրողների հարցերին պատասխանելիս: Սովորական, սովորականից դեռ ավելի սովորական այդ նախադասությունը, սակայն, վարչապետի կատարմամբ դադարում է սովորական լինելուց, անսովոր խորք է ձեռք բերում եւ կարող է մեկնաբանել որպես գործող կառավարության անզորության խոստովանություն: Նման բան չէինք կարող ասել, եթե Տիգրան Սարգսյանը միանգամից բոլոր հարցերը լուծելու անհնարինության մասին խոսեր 2008թ. ապրիլին, երբ նոր էր վարչապետ նշանակվել, 2008թ. սեպտեմբերին, երբ էլի նոր էր վարչապետ նշանակվել, 2009թ.` ջայնամ` ապրիլին, երբ դեռ էլի կարող էինք համարել, թե նոր է վարչապետ նշանակվել:
Բայց, ախր, սիրելի համայն մարդկություն, խոսքը միանգամիցի մասին չի կարող լինել 2011թ. ապրիլին, երբ Տիգրան Սարգսյանը վարչապետի աշխատասենյակը occupied է արել արդեն միանգամից երեք տարի: Երեք տարին միանգամի՞ց է. եթե այո, ուրեմն Տիգրան Սարգսյանը սեփական կառավարության անզորությունն արդարացնելու «հավերժական շարժիչ» է հորինել: Մարդը կարող է 50 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնել, եւ եթե նրան հարցնես, թե ինչու 2058 թվականի ապրիլին դեռեւս լուծված չէ յումրիի տեխնոպարկի գրասենյակի շենքի կառուցման հարցը` նա կժպտա եւ կպատասխանի. «Բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել միանգամից»: Ինչ ուզում ես հարցրու, ինքն ունի իր պատասխանը. «Բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել միանգամից»:
Եթե հենց այս անկարող տրամաբանությամբ չի առաջնորդվում վարչապետը, ուրեմն պետք է թվարկի, թե վարչապետության երեք տարիների ընթացքում ի±նչ հարց է լուծել Հայաստանում: Երեք տարվա մեջ նոր-նոր` գործնականում մի երեք ամիս առաջ գլխի են ընկել, որ գյուղատնտեսության վիճակը լավ չի:
Մի երեք տարի էլ պետք կլինի, որ գլխի ընկնեն, որ առանց այն էլ չեղած բիզնեսը Հայաստանից գլխապատառ փախչում է Վրաստան: Հիմա` ուզում ես եղունգները քաշիր` չի խոստովանի, որ նման բան կա: Կամոն ղալաթ է արել ընթացիկ վարչապետի առաջ:
Իսկ ընդհանրապես` Տիգրան Սարգսյանի կառավարությունը ձախողված է անդառնալիորեն: Այլ կերպ գործնականում չէր էլ կարող լինել: Համոզված եմ` ընթերցողներից շատերն են բախվել այն իրավիճակին, երբ գնացել-տեսել են, որ իրենց տունը վերանորոգելու համար հրավիրված վարպետները գործ անելու փոխարեն տան ավերակների մեջ նստած բլոտ են խաղում: Երբ պարզաբանում ես պահանջում` չէ, նրանք չեն ասում` բոլոր հարցերը հնարավոր չէ լուծել միանգամից: Նրանք ասում են` աշխատանքի ֆրոնտ չկա: Ի±նչ է սա նշանակում. իրենք պետք է այսօր պատերը մածիկապատեին, բայց էլեկտրիկը չի եկել եւ հոսանքի, հեռախոսի, ալեհավաքի լարանցումը չի արել: Իսկ մինչեւ լարանցում չարվի, պատերը մածիկապատել չի կարելի:
Ինչ կապ ունի՞ սա գործող կառավարության հետ: Կապը մեծ է. Տ. Սարգսյանի կառավարությունն էլ աշխատանքի ֆրոնտ չունի, որովհետեւ մեր երկրի առջեւ տնտեսական առաջընթացի ֆրոնտ բացելու համար պետք է վերացնել օլիգոպոլիաներն ու մոնոպոլիաները: Մեր երկրի տնտեսության մասին ցանկացած վերլուծության եզրակացությունն է սա` հիմնավորված բազմաթիվ միջազգային կառույցների եւ փորձագետների կողմից: Իսկ Տիգրան Սարգսյանը չի կարող վերացնել մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները մի քանի հիմնական պատճառներով: Նախ` օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների գրեթե բոլոր բոսերը գտնվում են խորհրդարանում` կոալիցիոն խմբակցություններում եւ ֆորմալ առումով հանդիսանում են վարչապետ Սարգսյանի քաղաքական հենարանը: Էսօր ցանկացած օլիգարխ իր անհատական քաղաքական քաշով ավելի ազդեցիկ է եւ ծանրակշիռ, քան Տիգրան Սարգսյանը: Նաեւ այն պատճառով, որ որպես վարչապետ նա քաղաքական մեծամասնության ներկայացուցիչը չէ, այլ քաղաքական մեծամասնության լիդերի վարչապետական տեղապահը:
Բոլոր հարցերը, ինչ խոսք, հնարավոր չէ լուծել միանգամից: Բայց կան հարցեր, որոնց լուծումն անհնար է: Այդպիսի հարց է ահա, Տիգրան Սարգսյանի կառավարությանը կրախից փրկելը:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
20.04.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.