> ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՄ ԱԿՆԿԱԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՑ

ԻՄ ԱԿՆԿԱԼԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԻՑ

ԶԼՄ-ների ղեկավարների նախաձեռնած շարունակական ակցիաների շրջանակներում «ՀԺ»-ի գլխավոր խմբագիր, «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին անցյալ շաբաթ հարցեր էր ուղղել «Ա1+» հեռուստաընկերությունը: Երեկ «Ա1+»-ը ստացել է Նիկոլ Փաշինյանի պատասխանները: «ՀԺ» գլխավոր խմբագրի հետ «Ա1+»-ի հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Վերջին շրջանում քո հրապարակային հայտարարություններից հետո արդյոք նամակներդ հասնո՞ւմ են «ՀԺ»-ի խմբագրություն:
- Այս պահին «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին հանձնած իմ նամակներից 25-ը շարունակում են մնալ ՔԿՀ պետ Վ. Սարգսյանի չհրկիզվող պահարանում: Հիշեցնեմ, սրանք այն նամակներն են, որ չեն ուղարկվել: Այս ընթացքում իմ գրած նամակներից որոշները ուղարկվել են եւ հասել են հասցեատերերին: Այդ նամակների ուղարկմանը բազմաթիվ հնարքներ են կիրառվել, որոնց մասին հանրությունը տեղյակ է: Օրինակ` նամակների մի խմբաքանակ ՔԿՀ ներկայացուցիչներին եմ հանձնել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգի ներկայությամբ: Մեկ այլ դեպքում հարմարեցրել եմ դա անել բազմաթիվ լրագրողների աչքի առաջ: Այսպիսով, ահա, նամակագրության իմ իրավունքը, որն առանց սահմանափակման` երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, Քրեակատարողական օրենսգրքով, ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով, ահա այս պրիմիտիվ իրավունքս իրացնելու համար պայքարում եմ, ընդ որում` ամենօրյա ռեժիմով, արդեն հինգ ամիս եւ միայն հատվածական հաջողությունների եմ հասել, այն էլ` լրագրող-գործընկերների, եվրակառույցների աջակցության պայմաններում:

Ի դեպ, ուզում եմ ասել, որ ամեն աշխատանքային օր գրում եմ, ծրար եմ հանձնում ՔԿՀ վարչակազմին կամ փորձում եմ հանձնել: Հիմա, օրինակ, ապրիլի 18-ի ժամը 18.07 է, եւ իմ դարակում սոսնձված, նամականիշավորված, հասցեագրված երկու ծրար կա, որ ՔԿՀ ներկայացուցիչները չեն բարեհաճել վերցնել: Ծրարներից մեկի մեջ իմ արձագանքն է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի` «Ա1+» հեռուստաընկերության «Հետգրություն» ծրագրին հյուրընկալվելիս իմ նամակագրության խնդրի հետ կապված հայտարարություններին:

Այդ խնդիրը մեկնաբանելիս պարոն Թովմասյանը մի քանի «ռեկորդ» սահմանեց: Նյութս հենց այդպես էլ վերնագրված է «Ռեկորդներ` ըստ Թովմասյանի»: Ես չգիտեմ, թե արդյոք այդ նամակը կհասնի՞ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն: Ամեն դեպքում ասեմ, որ նյութում ապացուցել եմ, որ Թովմասյանի հայտարարությունները իմ նամակագրության վերաբերյալ, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Այսօր էլ, այս պահին էլ, իմ նամակագրության իրավունքը կոպտորեն ոտնահարվում է, եւ սա անժխտելի փաստ է:

- ՔԿՀ-ի աշխատակիցների կողմից քո նկատմամբ ճնշումներ գործադրվո՞ւմ են: Եթե այո, ապա ինչպիսի՞. բարոյակա՞ն, ֆիզիկակա՞ն, թե՞ հոգեբանական:
- Իմ անազատության մեջ գտնվելու ողջ ընթացքում իշխանությունները հստակ խնդիր են դրել իրենց առաջ` ամեն ինչ անել ինձ հավասարակշռությունից հանելու համար: Այս նպատակի իրագործմանն ուղղված քայլեր գործնականում ամեն օր են արվում: Բայց նրանց չի հաջողվել, եւ համոզված եղեք` չի հաջողվի այդ նպատակն իրագործել: Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքերին, ընդհանուր առմամբ` ընթերցողը, հանրությունը գործնականում տեղյակ է բանտում իմ շուրջ տեղի ունեցած բոլոր իրադարձություններին: Կան, իհարկե, որոշ մանրամասներ, որ ես տակտիկական նկատառումներով չեմ հրապարակել: Ասում եմ` տակտիկական, որովհետեւ ՔԿՀ ներկայացուցիչների մի շարք գործողություններ բողոքարկել եմ եւ դեռ բողոքարկելու եմ դատական կարգով եւ չեմ ուզում ժամկետից շուտ բացել խաղաթղթերս:

Իսկ ընդհանրապես, հույս ունեմ` չեք մտածում, թե ինձ վրա հնարավոր է որեւէ ապօրինությամբ կամ ճնշումներով ներազդել: Նմանօրինակ ցանկացած փորձ ինձ ուժեղացնում է միմիայն, եւ ես բողոքելու որեւէ բան չունեմ: Սա լուրջ, բավական լուրջ պայքար է, եւ ես միայն ուրախ եմ, որ բանտում էլ ամենօրյա պայքարի հնարավորություն ունեմ:

- Արդյոք ապահովվա՞ծ է տեղեկատվություն ստանալու քո իրավունքը, եւ արդյոք կարողանո՞ւմ ես օգտվել ինտերնետ ծառայություններից:
- Թերթեր ստանում եմ, ռադիո եւ հեռուստացույց ունեմ: Ինտերնետից բանտում չեմ օգտվել երբեք: Երբեք նման հնարավորություն չեմ ունեցել, բայց հետաքրքիր է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տիգրան Նավասարդյանը ինձ տույժի ենթարկելու որոշում է կայացրել ինտերնետից օգտվելու համար: Սա տեղի է ունեցել 2010թ. հուլիսին, եւ այդ որոշման հիման վրա իմ համակարգիչը առգրավել են: Նավասարդյանի որոշումը բողոքարկել եմ Վարչական դատարան, բայց դեռ չի սկսել այս հայցի լսումը: Իսկ այս ընթացքում համակարգիչս վերադարձնելուն եւ ինտերնետից օգտվելուն ուղղված իմ բոլոր ջանքերը ապարդյուն են անցել: Բայց ես շարունակում եմ պայքարել:

- Ի՞ նչ կարծիք ունես Բուդապեշտում «Ա1+»-ի լրագրողի հետ զրույցում Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ նախկին ներկայացուցիչ Միկլոշ Հարաշտիի արտահայտած տեսակետի վերաբերյալ. այն է` ՄԻԵԴ-ը, ըստ ամենայնի, կբավարարի քո հայցը:
- Իմ դիմումներին նախապատվություն տալու համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումն, անշուշտ, դրական եմ համարում եւ այդ որոշմանը վերաբերվում եմ զսպված լավատեսությամբ: Զսպվածությունը կապված է այն բանի հետ, որ առանձնապես ծանոթ չեմ ՄԻԵԴ-ի գործունեության նրբություններին: Հայաստանում տեղեկացված որեւէ մարդ որեւէ կասկած չունի եւ համոզված է, որ բանտում եմ հայտնվել որեւէ հանցանք գործած չլինելով` իմ քաղաքական եւ լրագրողական գործունեության վերաբերյալ իշխանությունների ունեցած մտավախությունների պատճառով: Մենք ունենք բավարար փաստեր ԵԴ-ում սա ապացուցելու համար: Պարոն Հարաշտիի կարծիքն ընդունել եմ ի գիտություն եւ ինձնից կախված ամեն ինչ կանեմ, որ նրա կանխատեսումն իրականություն դառնա:

- Ի՞ նչ սպասելիքներ կան իշխանություններից` հաշվի առնելով միջազգային կառույցների եւ հասարակության ճնշումները:
- Եթե իշխանությունից որեւէ ակնկալիք ունենայի` չէի հայտարարի, որ առանց այդ վարչակազմի հեռացման, Հայաստանը ապագա չունի: Այդ կարծիքս օր-օրի ավելի է ամրանում, որովհետեւ Հայաստանի գործող վարչակազմը գործելու ընդունակություն ցուցաբերում է միայն ապօրինության, կոռուպցիայի, բռնության ասպարեզում: Իմ ակնկալիքը Հայաստանի ժողովրդից է, Հայաստանի քաղաքացուց, որը, հավատում եմ, կկարողանա իր սկսած գործը ավարտին հասցնել: Իմ ակնկալիքը Ազատ եւ Երջանիկ Հայաստանն է` այս բնորոշումից բխող բոլոր արդյունքներով` նվաճումներով, հաղթանակներով:

- Ընտանիքիդ անդամների հետ հանդիպումներ ունենո՞ ւմ ես:
- Ընտանիքիս, հարազատներիս հետ ամիսը մեկ անգամ կարճատեւ` 2-4 ժամ, տեսակցություն եմ ունենում: Երկու ամիսը մեկ ունենում եմ երկարատեւ տեսակցություն` երեք օր տեւողությամբ: Ավելիի հնարավորություն, ցավոք, չունեմ:

Խմբ. կողմից.- Նշենք, որ երեկվա դրությամբ «ՀԺ»-ի խմբագրությունը չէր ստացել Հրայր Թովմասյանի հայտարարություններին Նիկոլ Փաշինյանի արձագանքը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.