> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԳԻԶԻՐՅԱՆԻ ԱՊՐԻԼՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ

ԳԻԶԻՐՅԱՆԻ ԱՊՐԻԼՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐԸ

«Սենյոր Ռոբինզոն» ֆիլմը հիշում եք, չէ՞: Էն դրվագում, որ Ուրբաթուհու ձեռքի հավակնորդները պետք է մրցեին ճարտասանության ոլորտում, սենյոր Ռոբինզոնը Շեքսպիրի «Օթելլոյից» մի դրամատիկ կտոր ներկայացրեց աբորիգեն հասարակայնությանը եւ արժանացավ բանանի եւ այլ պտուղների կճեպներով «ռմբահարման»:

Իսկ նրա աբորիգեն հակառակորդը հանրությանը ներկայացրեց սեփական արտադրության հետեւյալ ոտանավորը. «Արեւը դուրս է գալիս, մարդիկ շոգում են» եւ արժանացավ բուռն եւ երկարատեւ ծափահարությունների: Թերեւս հենց այսպիսի առիթների համար է ստեղծված «հանճարեղ պարզություն» արտահայտությունը: Վերջերս ահա, հանճարեղ պարզության մի գլուխգործոց հեղինակեց Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:

Խորհրդակցություն էր մարզի գյուղապետերի մասնակցությամբ, որտեղ քննարկվում էին գյուղատնտեսության խնդիրները: Հենց սկզբից գյուղացիներին հիասթափություն էր սպասվում. էս մեր միամիտ ժողովուրդը «Հայլուր» բան նայելով` վարչապետի դարչնագույն ժակետի տպավորության տակ մտածել էր, թե` էդ որ ասում են սերմացու բան են բաժանելու` դա վերաբերում է բոլոր գյուղերին: Հիմա պարզվում է, որ կյանքը շատ ավելի բարդ է, եւ սերմացու ստանալու են հանրապետության մոտ 1000 գյուղերից միայն 200-ը: Իսկ թե այդ գյուղերում քանի՞ գյուղացի կարժանանա այդպիսի բախտի` դեռ հայտնի չէ:

Ու այս տխուր ֆոնին` Գիզիրյանի վարած խորհրդակցության ընթացքում եւս մի տխուր փաստ ի հայտ եկավ: Պարզվեց` գյուղացիները եթե ոչ համատարած, գոնե ահագնացող չափերով անմշակ են թողնում իրենց հողերը: Հրաժարվում են մշակելուց: Թվում է` լուրջ, չափազանց լուրջ պրոբլեմ է, որի լուծումը իսկապես լրջագույն քայլեր է պահանջում: Բայց հենց այստեղ է, որ ի հայտ եկավ Շիրակի մարզպետ, ոստիկանության գեներալ Աշոտ Գիզիրյանի հանճարեղ պարզությունը, որ մեկ նախադասությամբ լուծեց մարզի գյուղատնտեսության վերը նկարագրված պրոբլեմը: Ինչ է պետք անել, ուրեմն, ըստ Գիզիրյանի, որ գյուղացիները չհրաժարվեն հողը մշակելուց.

- Օգնեք, մի խանգարեք` ջերմ վերաբերմունք ցուցաբերեք գյուղացու նկատմամբ,- գյուղապետերին հրահանգեց ոստիկանության գեներալ-մարզպետը: Բա սա մի՞թե հանճարեղ լուծում չէ, սիրելի ընթերցող: Թե չէ` ուռու գլուխներ կան, ինչ-որ խուճուճ լուծումներ են առաջարկում` գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն: Մինչդեռ մեր գեներալ-մարզպետը ընդամենը մեկ նախադասությամբ լուծում է տալիս պրոբլեմին, ընդ որում` ոչ միայն գյուղատնտեսության ոլորտում առկա մեկ առանձին, այլեւ ընդհանրապես բոլոր պրոբլեմներին:

Օրինակ` ինչպե՞ս լուծել կաթնատվության բարձրացման հարցը: Եթե որեւէ մեկը կարծում է, որ սա բարդ, դժվար լուծում ունեցող խնդիր է, ես պիտի ծիծաղեմ այդպես մտածողի վրա եւ պիտի մեջբերեմ Աշոտ Գիզիրյանի խոսքերը. «Արեւը դուրս է գալիս, մարդիկ շոգում են»: Է՞, կներեք, սա չէ Գիզիրյանի ասածը: Գիզիրյանն ասել է. «Օգնել, չխանգարել` ցուցաբերել ջերմ վերաբերմունք»: Հըլը ներքին ռիթմով որքա՜ն նման է. «Ճանաչել զիմաստություն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»-ին:

Բայց շարունակենք Գիզիրյանի մտքի հանճարեղ խորքի բացահայտումը: Դուք չգիտե՞ք ինչպես խթանել տեղական արտադրությունը: Ես գիտեմ, որովհետեւ գիզիրյանական ապրիլյան թեզիսներին ունկնդիր լինելու բախտ եմ ունեցել: Եւ ուրեմն` տեղական արտադրությունը խթանելու համար հարկավոր է տեղական արտադրողին «Օգնել, չխանգարել` ցուցաբերել ջերմ վերաբերմունք»:

Այսպիսով, ահա, մեր բոլոր, բոլոր, բացարձակապես բոլոր պրոբլեմները կարող ենք լուծված համարել, կարող ենք համարել լուծված: Մնում է միայն` օգնել, չխանգարել, ցուցաբերել ջերմ վերաբերմունք: Էսքան բան:
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
14.04.2011թ.
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. MM
    Ապրիլ 26th, 2011 at 23:01 | #1

    Du HRASHQ es NIKOL jan!!!!!!

  1. No trackbacks yet.