> ՀՈԴՎԱԾՆԵՐ > Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ ՁԱԽՈՂՈՒՄ…

Ի՞ՆՉ Է ԱՆՈՒՆԴ ՁԱԽՈՂՈՒՄ…

Սերժ Սարգսյանի` Բաղրամյան 26-ում պաշտոնավարման երեք տարիները գնահատելուց հեշտ բան աշխարհում չկա. դրա համար անհրաժեշտ է ընդամենը մեկ բառ օգտագործել` ձախողում: Ուրիշ արդյունքի ոչ ոք առանձնապես չէր էլ սպասում, նույնիսկ եթե ինչ-որ մարդիկ սպասում էին, ի սկզբանե պետք է հասկանային, որ ապօրինի ճանապարհով Բաղրամյան 26-ում հայտնվածը, ինչ էլ լինի նրա անունը, միայն մեկ արդյունքի կարող է հասնել. ձախողման:
Կա՞ արդյոք չափազանցություն իմ այս գնահատականի մեջ: Եթե որեւէ մեկը այդպես է կարծում, թող հիշատակի մի ասպարեզ, որտեղ չի ձախողվել Սերժ Սարգսյանը: Ոմանք կարող են ասել, որ նա երեք տարի կարողացել է պահել իշխանությունը: Խնդիր չկա, Հիտլերն էլ 12 տարի է պահել իշխանությունը, Քադաֆին` 44 տարի: Արդյունքը, սակայն, ո՞րն է. ձախողում: Եթե գնահատում ենք երկրի բարձրագույն պաշտոնին հայտնված անձի գործունեությունը, պետք է գնահատենք այն, ինչ երկիրը ստացել է այդ պաշտոնավարման արդյունքում: Երկիրը, ոչ թե այդ պաշտոնյայի հարազատ-բարեկամները, փեսա-օրթախները: Ու եթե այսպես ենք նայում խնդրին, հասկանալի է դառնում ու աներկբա, որ ձախողումը այն միակ բառն է, որ անասելի դիպուկ է բնորոշում Սերժ Սարգսյանի եռամյա պաշտոնավարումը: 2008-ին Բաղրամյան 26-ում հայտնվելով, Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանի քաղաքացու ամենամեծ պահանջը արդարության պահանջն է: Հայաստանի քաղաքացին այսօր անարդարության զգացումից շարունակաբար շնչահեղձ է լինում, եւ «Տաշիրի» խրախճանքին հայ հանրության արձագանքը այս իրողության պերճախոս ապացույցն է:
Ի՞նչ արդյունք է գրանցել Սերժ Սարգսյանը Հայաստանի տնտեսությունը զարգացնելու բնագավառում: Ձախողում: Գյուղատնտեսությո՞ւն: Ձախողում: Սոցիալական ապահովություն եւ աղքատության կրճատո՞ւմ: Ձախողում: Արտագաղթի մեղմացո՞ւմ: Ձախողում: Քաղաքացիների վստահություն վաղվա օրվա նկատմա՞մբ: Ձախողում: Խոսքի եւ մամուլի ազատությո՞ւն: Ձախողում. հիշեք «Ա1+»-ի հետ տեղի ունեցածը եւ տպագիր լրատվամիջոցներին սնանկացնելուն ուղղված «Խաչակրաց պատերազմը»: Կադրային քաղաքականությո՞ւն. ձախողում: Եթե որեւէ մեկը այս կետի հետ համաձայն չէ, թող ինձ ապացուցի, որ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը որեւէ բանով տարբերվում է Սերժ Սարգսյանի կողմից պաշտոնանկ արված իր նախորդից` Գեւորգ Դանիելյանից: Նույնը վերաբերում է նաեւ Երեւանի նախկին եւ ներկա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին եւ Կարեն Կարապետյանին: Դե` Տիգրան Սարգսյանի, Սերգո Կարապետյանի մասին չեմ խոսում: Իսկ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի բացառիկ արժանիքների մասին խոսում է այն, որ նա` օրերից մի օր, դոկտրսկի կալբաստ է առել իրենց շենքի կողքի խանութից, ու դա նկատել եւ նկարել է Գագիկ Շամշյանը: Գագիկ Շամշյանին ֆինանսների նախարարության դռնից ներս թողեք` նա այնպիսի՜ բաներ կնկարի, որ այլեւս երբեք դոկտրսկի կալբաստ վայ թե չուտեք:
Շարունակե՞նք Սերժ Սարգսյանի ձախողումների ցանկը. ֆուտբոլային դիվանագիտություն, հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքար, մարզերի համաչափ զարգացում: Ինչի վրա ուզում եք մատ դրեք. արդյունքը մեկն է. ձախողում:
Ոմանք մեծ հաջողություն են համարում այն, որ Սերժ Սարգսյանը չի հանձնել Ղարաբաղը: Ուղիղ չեն ասում, բայց ասածներից այդպես է ստացվում: Սկզբունքորեն ճիշտ են, ու եթե այդկերպ մոտենանք խնդրին` Սերժ Սարգսյանը շա՜տ մեծ հաջողությունների է հասել: Ոչ միայն Ղարաբաղը չի հանձնել, այլեւ Մեղրին, Ղափանը, Գորիսը, Սիսիանը, Վայքը, Եղեգնաձորը, Սեւակավանը, Երասխը, Սուրենավանը, Արարատը, Արտաշատը, Մասիսը…
Չեմ շարունակում այս հաջողությունների թվարկումը, որովհետեւ, անկեղծ ասած` վախենում եմ աչքով տալ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ
05.04.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.