> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԳՅՈՌՆԱՓՇՏԻԿԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՌՆԱՓՇՏԻԿԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Արա, դե խելոք է, էլի մեր կառավարությունը: Խելքի կտոր, ավելի ճիշտ` խելքի կտորների հավաքածու: Դու միայն հասցրու` պրոբլեմ ասա: Իրեք շաբաթում պրոբլեմի հաղթահարման համալիր ծրագիր կներկայացնի, կամ եթե ուզեք` ազգային ռազմավարություն: Ասենք, գնում ես կառավարության դիմաց ակցիա ես անում` ահազանգելով, որ Գյոռնափշտիկների թվաքանակը հայաստանյան գերեզմանատներում հասել է ահռելի չափերի: Գյոռնափշտիկները գերեզմանաքարերի հետեւում թաքնվելով` անսպասելիորեն «բո՛հ» են անում ու վախեցնում գերեզմանների այցելուներին: Ի՞նչ կանի ի պատասխան սրա` վարչապետ Տ. Սարգսյանը. մի խումբ լրագրողների կհավաքի, կգնա Թոխմախի գերեզմանատուն, տեղում կծանոթանա Գյոռնափշտիկների տարածվածության հետեւանքով ստեղծված վիճակին, սեւավորված կնստի բազալտե նստարանին, լրագրողներին էլ կնստեցնի մոտակա նստարաններին, տապանաքարերին 50/50 կխմեն եւ վարչապետը իրավիճակը մեկնաբանելով` կխոստանա շատ արագ, գործնականում արտակարգ ռեժիմով Գյոռնափշտիկների դեմ պայքարի ազգային ռազմավարություն մշակել:

Հետո տեղի կունենա հանդիպում Համաշխարհային զբերկասայի ներկայացուցիչների հետ, եւ Մբեկե Կաբուկա Ռոլիրեբե Սամամդուկան կխոստանա երեք միլիոն դոլարի արտոնյալ վարկ տրամադրել Հայաստանին` Գյոռնափշտիկների դեմ պայքարի ազգային ռազմավարության մշակման ծրագրի իրագործման եւ պիլոտային ծրագրի պիլոտների, ավտոպիլոտների եւ կատապուլտների պատրաստման համար: Հետո կառավարությանը կից` Ատլանտյան օվկիանոսի ամենաէկզոտիկ կուրորտներում, Մոնտե Կառլոյում եւ Բադեն-Բադենում կրթություն ստացած ջահելները տիրու մեր կանեն Մբեկե Կաբուկայի տրամադրած արտոնյալ վարկը, վերջում Լուցիֆեր Բերգերը տպավորիչ սեմինար կանի եւ կներկայացնի Գյոռնափշտիկների դեմ պայքարի ազգային ռազմավարությունը` այն անվանելով շրջադարձային: Բոլորը գոհ կլինեն եւ երջանիկ, որովհետեւ հասկանալի կլինի, որ Համաշխարհային զբերկասայի փողերը կիսվել են արդարաբար: Ապագա գոհ ու երջանիկ սերունդը կվերադարձնի վարկը Համաշխարհային զբերկասային, մինչ այդ արդեն երկիրը զերծված կլինի գյոռնափշտիկներից: Տպավորությունն այնպիսին է, ահա, որ մինչեւ օրս հրապարակված եւ բարձրացված ծրագրերի` կառավարական ծրագրերի, հայեցակարգերի, ռազմավարությունների պաշտոնական վերնագրերը պետք է ջնջել, փոխարենը գրել` «Գյոռնափշտիկների դեմ պայքարի ազգային ռազմավարություն»: Ինչո՞ւ եմ այսպես ասում: Ահա թե ինչու:

Վերջին տարիներին քանի՞ անգամ եք լսել Հայաստանի մարզերի համաչափ զարգացման անհրաժեշտության, ամեն ինչ Երեւանում կենտրոնացնելու անթույլատրելիության, ռազմավարության եւ մարտավարության, պիլոտների եւ արտիլերիստների մասին: Լսել եք եւ խիստ հաճախակի: Այս թեմայով խորաթաների իմաստն այն է, որ անհրաժեշտ է ամեն ինչ անել, որ արտադրական, սպասարկման եւ որեւէ այլ կարգի ձեռնարկություններ բացվեն ոչ միայն Երեւանում, այլեւ մարզերում: «Հայլուրով» համարյա ամեն շաբաթ խոսում են այս մասին:

Թվում էր, ահա, թե գյալաջիից անցել են գործի: «Հայլուրը» ցույց էր տալիս, որ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանը «Պեպսի» ըմպելիքի գործարան է բացել, Սարգսյան Տիգրանն էլ` այժմ արդեն միջազգային բրենդ դարձած իր դեմքով նայում էր ու ժամանակ առ ժամանակ գլուխը տմբտմբացնում: Կրակի վրա յուղ լցրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` հայտարարելով, որ կառավարությունը նույնպես մասնակցել է այս գործարանի ֆինանսավորմանը:

Ինչն է, ուրեմն, խնդիրը: Խնդիրը այն պարզ իրողությունն է, որ իր կապիտալը Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքում կուտակած Աշոտ Արսենյանը նոր գործարանը ոչ թե Ջերմուկում, կամ Վայքում, կամ Եղեգնաձորում է կառուցում, այլ Երեւանում: Մնում է «Ջերմուկ» հանքային ջրի գործարանն էլ տեղափոխեն Հյուսիսային պողոտա, եւ Հայաստանի Գյոռնափշտիկները ինքնակամ կտեղափոխվեն վրացական գերեզմանատներ:
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
04.04.2011թ.
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,