> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈՎ ԵՍ ԴՈՒ ԵՂԵԼ` ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

ՈՎ ԵՍ ԴՈՒ ԵՂԵԼ` ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ

«Հայլուրի», նույնիսկ «Հայլուրի» մատուցած հեռուստատեսային պատկերը կարող է արտացոլել իրականությունը: Պարզապես պետք է ուշադիր, սովորականից ուշադիր լինել պատկերի մատուցած ճշմարտությունը ընկալելու համար, որովհետեւ գլավլիտի կողմից մատակարարվող եւ «Հայլուրի» եթերից ընթերցվող տեքստերը հաճախ կոչված են հօդս ցնդեցնելու այն ճշմարտությունը, որ երբեմն սպրդում է «Հայլուրի» մատուցած պատկերի, այսինքն` կադրի մեջ:
Էսօր, օրինակ, շշմեցնող պատկեր մատուցեց «Հայլուրը». Տիգրան Սարգսյանը ելույթ է ունենում Եվրոպական խորհրդարանում: Ի՞նչ է ասում` էական չէ: Ինչպես է նրա Եվրոպական այցը եւ այցը Եվրոպական խորհրդարան ներկայացնում «Հայլուրի» լրագրողը` էական չէ: Էականը պատկերն է, կադրը, տեսարանը: Իսկ պատկերը հետեւյալն է. Տիգրան Սարգսյանը Եվրոխորհրդարանի նախագահության ամբիոն-սեղանի մոտ նստած բառեր է արտադրում դեմքի գրեթե անփոփոխ արտահայտությամբ, իսկ նրա առաջ` անվանական-պաշտոնական ցուցանակի փոխարեն A4 ֆորմատի մի կիսածալած թուղթ է, որի վրա գրված է մեն մի հատիկ բառ. SARGSYAN: Ոչ անուն, ոչ պաշտոն, ոչ երկիր, ոչ պարոն, ոչ ընկեր: Միմիայն մի բառ. SARGSYAN:
Ի՞նչ է ասում այս պատկերը: Այս պատկերը ասում է ամեն ինչ: Դժվար է պատկերացնել որեւէ լուրջ, կիսալուրջ երկիր, որի վարչապետին Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունեն այսպիսի մի թղթի կտոր դեմը դնելով: Եթե այդ թուղթը ընդհանրապես չլիներ, կարելի էր գնահատել, որ դահլիճում գտնվող խորհրդարանականները գիտակցում են, գիտեն, թե ում հետ գործ ունեն: Բայց նույնիսկ այս պարագայում` հռետորի, պաշտոնական հյուրի առջեւ դրած ցուցանակը ընդունող կողմի վերաբերմունքն է ցույց տալիս նրա եւ նրա կողմից ներկայացվող երկրի նկատմամբ: Դժվար է պատկերացնել, որ, ասենք, ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջ որեւէ մեկը պրինտ արած A4 թուղթ դնի` Putin գրառմամբ: Պուտինի դեպքում` անգամ նման ցուցանակը հասկանալի կլիներ: Իսկ SARGSYAN-ի դեպքում միմիայն հարց է առաջացնում. էս ո՞վ ա, արա: Արա` էս ո՞վ ա, այ ախպեր: Բայց իսկականից ո՞վ ա սա, այ ախպեր: Սրանով շատ բան է ասված, սրանով ասված է ամեն ինչ:
Խնդրո առարկա պատկերը տեսա ժամը 17-ի «Հայլուրով»: Դրանից քիչ առաջ կարդացել-վերջացրել էի հռչակավոր սերբ գրող Միլորադ Պավիչի «Արկղ` գրենական պիտույքների համար» վեպը եւ գիրքն ամփոփող մի չափազանց բարդ ու խուճուճ գրախոսություն: Ինձ զարմացրեց, որ գրախոսության հեղինակը, որ ենթադրաբար դոկտոր է կամ ակադեմիկոս, հատուկ ուշադրություն է դարձրել վեպում հիշատակված մի նախադասության վրա. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի շենքերից մեկի պատին գրված է. «Տանյա՛ ` թրաշվիր, լվացում ընդունիր եւ խփի՛ր ինքդ քեզ` ծուռոտանի քած»:
Ինչ կապ ունի սա մեր նյութի հետ: Դե կապը ո՞րն է, իմիջիայլոց, էլի:
Հ.Գ. Ժամը 21-ի «Հայլուրի» վազող տողը փակում էր ինձ հետաքրքրող ցուցանակը: Ուրախ կլինեմ, եթե սխալ եմ տեսել, չնայած` քիչ հավանական է:
Ժամը 21-ի «Հայլուրով» փոխարենը մեկ այլ ցուցանակ տեսա` դրված ԵՄ-ում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցի դիմաց. նույնատիպ A4 թղթի վրա տպված էր «AMBASSADOR»: Բա է՞ս մեկն ով ա:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.