> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՐԱ` ՉՈՌՆԻ ՊՅՈՍ` ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

ԱՐԱ` ՉՈՌՆԻ ՊՅՈՍ` ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

Հայ ազգային կոնգրեսը Ազատության հրապարակ կարող էր մտնել թե փետրվարի 18-ին, եւ թե մարտի 1-ին: 2011թ. առաջին երկու հանրահավաքների մասնակիցների քանակն ու հավաքական էներգետիկան թույլ էին տալիս այդ անել: Այդօրինակ որոշմանը, սակայն, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը համաձայնեց միայն մարտի 17-ին:
Ինչո՞ւ, ուրեմն, մարտի 17-ին եւ ոչ փետրվարի 18-ին: Այս հարցադրման համատեքստում մարտի 17-ի իրադարձություններից հետո զանազան մեկնաբանույթուններ հնչեցին` մեկը մյուսից էկզոտիկ: Տեր-Պետրոսյանի գործողությունների տրամաբանությունը գնահատելու համար, սակայն, անհրաժեշտ է հասկանալ մի պարզ իրողություն:
Եթե որեւէ խնդրի բարեհաջող լուծման հավանականությունը մեծացնելու հնարավորություն դեռեւս կա, Տեր-Պետրոսյանը անպայման նախ կօգտվի այդ հնարավորությունից, եւ դրանից հետո միայն կդիմի բուն գործողությանը:
Մարտի 17-ին, ըստ այդմ, մի քանի գործոններ կային, որոնք Ազատության հրապարակի մուտքի գործողության հաջողության հավաքականությունը հասցրել էին գագաթնակետին: Այդ օրը Հայաստանում էր գտնվում ժողովրդավարության հարցերով զբաղվող երկու եվրոպական բարձրաստիճան պատվիրակություն, այդ օրվա հանրահավաքի մասնակիցների թիվը բացառիկ էր 2008-ից ի վեր, եւ վերջապես որեւէ կոնկրետ գործողության սպասումները հանրահավաքի մասնակիցների շրջանում հասել էին գագաթնակետին: Սա նույնպես քաղաքական կարեւոր գործոն է, որովհետեւ գործողության հաջողության կարեւորագույն չափանիշը նրա թողած էֆեկտն է:
Այս իմաստով, պետք է անկեղծ լինել, Րաֆֆի Հովհաննիսյանը կամա, թե ակամա` տվյալ պահին էական էլ չէ, քաղաքական չգրված էթիկայի կոպիտ խախտում է թույլ տվել, ինքն իրեն խցկելով ուրիշի հարուցած քաղաքական պրոցեսի հորձանուտ: Ավելի ճիշտ փորձելով խցկել: Կամա, թե ակամա` նա նմանվեց հարսանիքի ճանապարհը փակող պատանյակի, որ փող է պահանջում քավորից` խնջույքից դուրս չմնալու համար: Միայն չասեք` ի՞նչ է մարդը հրապարակային ծոմ պահելու իրավունք չունի՞: Իհարկե` ծոմ էլ կարող է պահել, պաս էլ, նստացույց էլ, հացադուլ էլ:
Բայց նրա քայլը նույնն է, թե մարտի 17-ին, Հայ ազգային կոնգրեսին զուգահեռ հանրահավաք հրավիրեր` Ազատության հրապարակում: Կամ` Երեւանի որեւէ այլ հատվածում: Իրավունք չունի՞: Իհարկե ունի, բայց գոյության իրավունք ունեն նաեւ այն մեկնաբանությունները, որոնք կարող են հետեւել այդ քայլին: Փաստն այն է, ահա, որ ՀԱԿ հանրահավաքից` շաբաթներ առաջ հայտարարված հանրահավաքից առաջ Ազատության հրապարակում ակցիա սկսելով «Ժառանգության» ղեկավարը ոչ մի օգուտ չտվեց հանրությանը (գոնե հոդվածը գրելու պահին այդպես է) որեւէ կերպ չթուլացրեց ապօրինի իշխանությանը, բայց մեծ վնաս հասցրեց Հայ ազգային կոնգրեսին` Համաժողովրդական շարժմանը:
Դա ինչ-որ տեղ նման էր ՀԱԿ-ին ուղղված քաղաքական շանտաժի. «այ քեզ այսպես վնաս կտամ» տրամաբանությամբ: Մի տեսակ լավ էլ չի. աչդեն երրորդ հոդվածն եմ գրում սոված եւ տրտմերես մարդու մասին: Չորրորդն էլ կարելի է գրել «Ժառանգության» ղեկավարի այն մեկնաբանության կապակցությամբ, որ ինքը` այսինքն Րաֆֆի Հովհաննիսյանը, 2008թ Մարտի 1-ին, ուշադրություն դարձրեք` 2008թ. Մարտի 1-ին, երբ Հայաստանը արդեն 10 օր ալեկոծվում էր քաղաքական փոթորիկից, ահա այդ ժամանակ ինքը, վիձիտե լի, ԵԽ կազմակերպած սեմինարի էր մասնակցում Սանկտ-Պետերբուրգում: Բա այս փաստը որեւէ մեկնաբանության կարիք ունի՞:
2008-ին էլ` օրերից մի օր, երբ «Ազատության» հրապարակը պայթում էր մարդկային բազմությունից, էն իրա սեքընդ հենդի (սուղ է) ձեժուռնի վադալասկեն ու պենջակը հագին, ժողովրդի զանգվածները ճեղքելով, ծանր ու մեծ եկավ հարթակ, ըստ էության ասաց, որ պատրաստ է միջնորդ լինել Համաժողովրդական շարժման եւ Սերժ Սարգսյանի միջեւ ու թողեց գնաց:
Այսնինքն Ինքը Ինքն է, Ինքը Ինքնզինքն է, եկավ ասաց, որ պատրաստ է ճիշտուսխալ ջոկել: Ինքը դեմ չի, որ իրեն աբռաշչատ ըլնեն: Ինքը մեծահոգի է, կասի, թե ոնց պետք է լուծվի այս հարցը: Մարտի 17-ին նույն կոմբինացիան էր ուզում կրկնել: Ու չնայած հիմա սոված ես ու տրտմերես պիտի ասեմ. առը քեզ` մի դաստա կանաչի: Սա ասում եմ ես, Ձեզ, «Արթիկ» ՔԿՀ մենախցից` բոլոր նրանց անունից, ովքեր 2008թ. Մարտի 1-ին «կարեւոր գործով» Սանկտ-Պետերբուրգ թռած լինելու «խելք» չեն ունեցել:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
24.03.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Ապրիլ 5th, 2011 at 01:18 | #1

    Apres,Nikol,kardaci,sirts hovacav.Astvac qez pahapan!

  2. AG
    Ապրիլ 26th, 2011 at 19:26 | #2

    Apres NIkol jan, Astvac qez het lini. @ntaniqit yev, tiknojd aranznapes, Astvac hamberutyun ta . Shat@ gnac qich@ mnac. Shutov, shat shutov kmiavorves @ntaniqit…..

  1. No trackbacks yet.