> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՀԱ, ԵՂԲԱՅՐ, ՔԵԶ ՄԻ ԴՐՈՇ

ԱՀԱ, ԵՂԲԱՅՐ, ՔԵԶ ՄԻ ԴՐՈՇ

Ընթերցողը հիշում է, թերեւս, որ «Կոշ» ՔԿՀ-ում կրիմինալի միջոցով ինձ առաջադրված պահանջներից երկրորդը վերաբերվում էր Հայաստանի Հանրապետության պետական դրոշին: Իշխանակրիմինալ պահանջի առաջին կետը հետեւյալն էր. ազատազրկման վայրում գտնվելու ողջ ընթացքում այլեւս որեւէ հրապարակային ելույթով, հարցազրույցով հանդես չգալ: Դադարել հոդվածներ գրել «Հայկական ժամանակ» օրաթերթում կամ գրել միայն միջազգային` Հայաստանին չվերաբերվող թեմաներով:
Երկրորդ եւ թերեւս առավել խորհրդանշականն այն էր, որ ինձնից պահանջում էին քնելատեղի իմ գլխավերեւից հանել Հայաստանի Հանրապետության փոքրիկ դրոշը եւ այլեւս այն ի ցույց չդնել: Այս պահանջներին իմ արձագանքը ընթերցողը գիտի: Հայտնի իրադարձություններից հետո, ահա, ինձ «Կոշ» ՔԿՀ-ից տեղափոխեցին «Արթիկ» ՔԿՀ: Ու քանի որ տեղափոխման օրը գտնվում էի «Կոշ» ՔԿՀ պատժախցում (կարցեր) «Կոշ»-ի վարչակազմը ինձ հնարավորություն չտվեց մուտք գործել բնակելի գոտի եւ հավաքել այնտեղ գտնվող իրերս: «Կոշ» ՔԿՀ աշխատակիցները իրենք էին գնացել եւ իմ քնելատեղից հավաքել դրանք:
Արդեն «Արթիկ» ՔԿՀ մենախցում ստանալով իրերով լեցուն պայուսակներս, նախ սկսեցի դրոշս փնտրել: Չգտա: Հայաստանի Հանրապետության իմ դրոշը չգտա նաեւ պայուսակների պարունակությունը մեկ առ մեկ ստուգելուց հետո: Դրոշս չկար: Իշխանակրիմինալության ներկայացուցիչները, պատկերացնո՞ւմ եք, իրերս դասավորելիս «կռայիտ» էին արել այն:
Առաջին գործը, որ արեցի այս փաստը հայտնաբերելուց հետո, նստեցի դիմում գրեցի «Կոշ» ՔԿՀ պետ Լ. Բաղդասարյանին, որ այսպես-այսպես, այսինչ տեղում իմ դրոշն է փակցված, որը դուք, պարոն Բաղդասարյան, իմ իրերը հավաքելիս «մոռացել» եք դնել ինձ ուղարկվելիք պայուսակների մեջ: Ըստ այդմ, պահանջում եմ հայտնաբերել եւ ինձ հասցեագրել իմ Պետական դրոշը: «Արթիկ» ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչները դիմումս վերցրին, բայց որքան հասկացա` վերեւների հետ խորհրդակցելով, որոշեցին չգրանցել համապատասխան մատյանում, այսինքն փոզմիշ արին դիմումս: Համենայնդեպս` մինչեւ օրս դրա պատասխանը չեմ ստացել Լյով Բաղդասարյանից: Այսպես, ահա, առանց դրոշի մնացի որոշ ժամանակ:
Օրերից մի օր ինձ մի նամակ են բերում, թե նամակ ես ստացել Վարդգես Գասպարիից: Չիմացողների համար ասեմ, որ նամակներ ուղարկելու հնարավորությունից զրկված եմ, բայց ստանալու հարցը ավելի լավ է. ինձ ուղարկված նամակները ստանում եմ:
Ահա, ուրեմն. իմ բարեկամ Վարդգես Գասպարիի ուղարկած ծրարի մեջ Հայաստանի պետական դրոշն էր ու այսպիսի մի նամակ. «Նիկոլ ջան ողջույն: Ներփակ կգտնես տարիներ իմ սեղանի վրա դրված եռագույն դրոշը, որ ներքոնշյալ մարդկանց անունից սիրով եւ հավատով նվիրում եմ քեզ»: Եւ վերջում թվարկված էր հետեւյալ մարդկանց անունները. Վարդգես Գասպարի, Գագիկ Կիլիկյան, Թագուհի Թովմասյան, Հերմինե Անտոնյան, Սիրիկ Եսայան, Հասմիկ Հրաչյան, Լիզա Ճաղարյան, Տիգրան Առաքելյան, Աննա Եղոյան, Ռիմա Գրիգորյան, Ծիծեռնակ Արմենյան, Ծովինար Նազարյան, Էմիլյա Կեղիկյան, Նաիրի Գիժլարյան, Տաթեւ Եսայան, Տաթեւ Նիկոլական, Սաքո Գեւորգյան, Քրիստինե Խանումյան, Ավետիք Աբգարյան, Վազգեն Ղազարյան, Վարդան Քանաքարյան, Արմենակ Դովլաթյան, Աշխեն Գրիգորյան, Ռաֆայել Թեյմուրազյան, Հուսիկ Բաղդասարյան, Սոնա Այվազյան, Վահե Գրիգորյան, Հովհաննես Շողիկյան, Ռեգինա Տյոմկինա, Նարեկ Մալյան, Մհեր Ղազարյան, Հովհաննես Քիրամիջյան, Անահիտ Այվազի, Էդգար Բաբայան, Սուրեն Սուրենյանց, Թանիա Սարգսյան:
Այս դրոշը ահա, հենց հիմա փակցված է իմ գլխավերեւում: Այն իմ ստացած ամենաթանկ նվերներից մեկն է:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
22.03.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. MM
    Ապրիլ 1st, 2011 at 10:20 | #1

    …qo ayd paplik tatiknerov, drosh piti brnes mi or… E. CHarenc!!!!!!!!!

  2. Sonia
    Ապրիլ 14th, 2011 at 19:43 | #2

    Nikol jan, qo kariq@ shat enq zgum… Poxanak menq qez vogevorenq, du es mez vogevorum. Qich mnac, mi qich el dimaci, chnayac inch em asum, dimanalu kam chdimanalu xndir du chunes!!! MER QAJ, YERANDUN, IMASTUN ev HAYRENASER NIKOL PASHINYAN……….. MENQ QEZ SHAT ENQ SIRUM!!!

  1. No trackbacks yet.