> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՊԻՏԻ ՆԱՅԵՔ` ՊԻՏԻ ՉՏԵՍՆԵՔ

ՊԻՏԻ ՆԱՅԵՔ` ՊԻՏԻ ՉՏԵՍՆԵՔ

Բուշի` ժարիտ արած տոտիկը, բուդը այսինքն, հենց նոր կերած Ռաֆիկը ոսկորը կրծելիս` քրճիկները ատամի տակ կռթկռթացնելով, խորը հիասթափություն ապրեց Հայ ազգային կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքի որոշ դրվագների կապակցությամբ, գխտաց ու փոխեց ալիքը. ռադիոյի:Հիասթափություն արտահայտեցին նաեւ նրանք, ովքեր հանրահավաքից առաջ էլ էին սոված, հետո էլ: Մարտի 17-ի:
Կարդացեք թերթերը, լսեք մեկնաբանությունները եւ կհամոզվեք. բոլորը գիտեն, թե ինչ պետք է անի Հայ ազգային կոնգրեսը: Բոլորը գիտեն, բացի, փաստորեն, Հայ ազգային կոնգրեսից: Հայ ազգային կոնգրեսը չգիտի, օրինակ, որ ինքը վաղուց փլուզված պիտի լիներ, նրա ղեկավարած շարժումը` մարած: Երրորդ բեւեռը քանդուքար արած պիտի լիներ ավազակապետությունը, «Ժառանգությունը» պիտի մարտահրավիրած լիներ ազգի միացումի ամբողջագիտության պահանջատիրության դրոշակի կոթը` ի նշանավորումն գամքի եւ հավադամքի հավերժական նվիրումի: Ամեն:
Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է: Իշխանությունը, «Ժառանգություն»-Դաշնակցությունը անհամբեր սպասում էին, թե երբ է պրծնելու, ավարտվելու, վերջանալու Հայ ազգային կոնգրեսը, որ իրենք, ի վերջո, անլիարժեքության իրենց բարդույթը հաղթահարելու հնարավորություն ունենան: Իսկ Կոնգրեսը «անամոթաբար» բռնում ու անում է այն, ինչ մտնում է ոչ թե ուրիշի, ոչ թե ուրիշների, այլ սեփական ծրագրերի, գաղափարների, ռազմավարության եւ մարտավարության մեջ:
Մարտի 17-ի հանրահավաքում ոմանք նահանջ տեսան Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մեջ: «Բռնացրել» են. Լեւոն Տեր-Պետրոսյանը չի պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այսինքն` հայտնի շրջանակների տրամաբանությամբ, ամեն հանրահավաքում, ամեն հանրահավաքի սկզբում եւ վերջում, ցանկալի է` հանրահավաքում հնչող բոլոր ելույթներից առաջ եւ հետո` Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է հատուկ հայտարարությամբ հանդես գա. «Ինչպես Արամ Սարգսյանի ելույթից առաջ, այնպես էլ Արամ Սարգսյանի ելույթից հետո ես պահանջում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականը»: Եւ այսպես` ամեն ելույթից առաջ եւ հետո` էլ չեմ ասում ցանկացած հանրահավաքի:
Հայ ազգային կոնգրեսի գոյությունն իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ է, օրինական իշխանության հաստատման պահանջ: Հայ ազգային կոնգրեսն, ահա, ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, ոչ միայն պահանջում է, այլեւ լուծումների տարբերակներ է առաջ քաշում: ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթները ոչ այլ ինչ են, եթե ոչ Հայաստանում հաստատված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհային քարտեզ: Հայաստանի առջեւ առկա գերագույն քաղաքական խնդիրը ներքաղաքական ճգնաժամի հաղթահարումն է, եւ հաղթահարման բանաձեւերը կարող են ենթարկվել որոշակի սրբագրումների: Եւ, ի դեպ, Հայ ազգային կոնգրեսը հենց սրա շնորհիվ չի փլուզվել եւ չի մարել` ի հեճուկս կանխատեսումների: Կոնգրեսը կարողանում է ընկալել քաղաքական իրավիճակի ամենանրբին փոփոխությունները եւ արձագանքել դրանց: Սա օգնում է նրան լինել ադեկվատ, համարժեք: Համարժեք լինել քաղաքական, պետական մակարդակում: Սա նշանակում է առնվազն մեկ բան. երբ դու պայքարի, խաղի կամ ճակատամարտի մեջ ես հակառակորդի, պայմանական հակառակորդի հետ` պետք է ի վիճակի լինես նրա մանեւրին պատասխանել համապատասխան մանեւրով, տրյուկին` տրյուկով, գրոհին` գրոհով: Հայ ազգային կոնգրեսը, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը այս խնդիրը փայլուն կերպով են լուծում` հաշվի առնելով ոչ միայն ներքաղաքական, այլեւ արտաքին քաղաքական նպաստավոր եւ աննպաստ գործոնները: Թուլացող եւ ահագնացող միտումները: Հնարավոր եւ անհնար կոմպրոմիսները:
Վերջապես, Հայաստանում ձեւավորվել է քաղաքական ուժ, որ քաղաքականություն է անում եւ թույլ չի տալիս, որ (այլոց) քաղաքականությունը իր հետ անի` ինչ ուզենա: Ի վերջո, Հայաստանում ձեւավորվել է քաղաքական ուժ, որ ադեկվատ է իրավիճակին եւ մանեւրունակ` իրավիճակի նկատմամբ: Ի վերջո, Հայաստանում ձեւավորվել է քաղաքական ուժ, որ ի վիճակի է քաղաքական այնպիսի պրոցեսներ հարուցել, որոնք ավելին են, քան բեղեր թրաշելը, թեւատակերն էպիլյացիա անելը կամ վրան տեղադրելու շուրջ համազգային միացումի տիեզերական քննարկումներ հարուցելը: Գեներալ դը Գոլը ազատագրեց Փարիզը, բայց չկարողացավ այնտեղ վրան տեղադրել:

ելո՞ւյթ, թե չելույթ
Իսկ ով է ասել, որ բոլոր ցանկացողները, անկախ նրանից, թե ես կամ որեւէ մեկը որքան շատ ենք հարգում այդ ցանկացողներին, պետք է ելույթի հնարավորություն ունենան Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում: Իսկ ի՞նչ պետք է ասեն նրանք այդ ելույթում, արդյոք այդ ասելիքը եւ անելիքը հակասելո՞ւ է կոնգրեսի ռազմավարությանն ու մարտավարությանը: Իհարկե, նման բան տեղի ունենալ չի կարող, որովհետեւ այս կամ այն ուժը հանրահավաք անում է իր ուղեգիծը ուրվագծելու, հայտարարելու համար, եւ եթե որեւէ հանրահավաքում իրար հակասող մի քանի ուղեգիծ է հրապարակվում, դա արդեն զավեշտ է, ոչ թե հանրահավաք: Եթե որեւէ մեկը որեւէ բան ունի ասելու, որը հակասում է Կոնգրեսի քաղաքականությանը, ուրեմն նա պետք է սեփական հանրահավաքը հրավիրի եւ ասի իր ասելիքը: Հակառակ դեպքում ստացվում է, որ Կոնգրեսը տանջվել-տառապելով, ձերբակալվել-բերման ենթարկվելով պետք է հանրահավաք կազմակերպի, որպեսզի ուրիշները գան, հանդիսավոր եւ անաշխատ ամբիոնի առաջ կանգնեն եւ ասեն. «Ժողովուրդ ջան, գիտե՞ք ինչ կա. էս, ինչ որ կոնգրեսականները ասացին, էդ լրիվ սքիմ ա: Ճիշտը բեղերը թրաշելն ա»: Չի լինում այդպես, չի կարելի այդպես: Հայ ազգային կոնգրեսը անում է այն, ինչ պետք է անի, ընդ որում` զարմանալի ճշգրտությամբ: Եւ որեւէ կասկած չկա, որ դա հաղթական մարտավարություն է: Նրանք, ովքեր Կոնգրեսի մարտի 17-ի հանրահավաքը հարմարվողականության, անվճռականության, թուլության կամ իշխանության հետ սիլիբիլիների նշան են համարում, մարմնավորումն են Աստվածաշնչի հայտնի խոսքերի. «Պիտի նայեք, պիտի նայեք ու պիտի չտեսնեք, պիտի լսեք, պիտի լսեք եւ պիտի չիմանաք»:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
21.03.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մարտ 29th, 2011 at 21:01 | #1

    apres Nikol jan, bayc imacir vichoxnere henc aritic ogtvoxnern en, bolorn el giten Rafiyi xaxere.

  2. ՈԻստա Մակար
    Մարտ 31st, 2011 at 11:37 | #2

    Նիկոլ

    Մտքիդ ու լեզվիդ սրութեունը հիշեցնում է Հակոբ Պարոնեանին։

  1. No trackbacks yet.