> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՎԱՍՆ ԿՈՆԿՐԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԵԼԻՔԻ

ՎԱՍՆ ԿՈՆԿՐԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԵԼԻՔԻ

«Վա՜յ քո, նորից բեղը թրաշել է: Երկար, սառը վերին շրթունք: Որպեսզի ջահել երեւա: Ապուշի տեսք ունի: Ինձնից էլ ջահել է: (…) Այ քեզ ապուշ շուրթեր: Բոլորը գրավադրույք են անում: Համաճարակ է վերջերս: Մունետիկ լակոտները գողանում են ու վեց փենս դնում: Մի խոշոր, եզակի հնդկահավ կա վիճակախաղում: Ձեր Սուրբ Ծնունդի ճաշը` կես փենսով: Ջեք Ֆլեմինգն ուրիշի փողերով մի լավ խաղաց, հետո թռավ Ամերիկա: Հիմի հյուրանոց ունի էնտեղ: Դրանք երբեք չեն վերադառնում: Մսով լի կաթսաները Եգիպտոսի»:

Ջեյմս Ջոյս
«Ուլիսես»
գլուխ 5/ Լոտոփագոսներ

«Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երեւան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լվա՛ քո երեսը, որպեսզի չերեւաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը` գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»:

Ավետարան ըստ Մատթեւոսի
գլուխ 6/ 16,17

«Քաղաքական գործընթացը առանց ռազմավարության վերածվում է կլոունադայի»:

Լեւոն Տեր-Պետրոսյան
17.03.2011թ. ելույթից
Մատենադարան, Երեւան.

Որեւէ մեկին որեւէ հարցում աջակցելու կամ չաջակցելու, զորակցելու կամ չզորակցելու համար նախ հարկավոր է իմանալ, թե այդ մեկը ինչ է անում, ինչ նպատակով: Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է անում: Ինչի՞ համար, ի՞նչ նպատակով` ոչ ոք չգիտի, որովհետեւ իր հացադուլի նպատակները հոդաբաշխ կերպով չի կարողանում ձեւակերպել նույնիսկ ինքը` Րաֆֆի Հովհաննիսյան Իրավունք ունի՞ աննպատակ կամ ինքնանպատակ հացադուլ անելու: Իհարկե ունի: Բայց իրավունք չունի պահանջել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելի իրեն եւ պաշտամունքային ծես անի հացադուլային իր խորանի առաջ: Մանավանդ` կրկնում եմ, այդ հացադուլը կատարելապես զուրկ է բովանդակությունից եւ «Ժառանգության» առաջնորդի հրաժարվել-փոշմանելու, մանդատը վայր դնել-փոշմանելու շարքից է: Հենց այդ նույն շարքից, որովհետեւ առանց հստակ ձեւակերպման հացադուլ է սկսել եւ առանց հստակ ձեւակերպման դուրս է գալու հացադուլից, այսինքն` հրաժարվելու է հրաժարումից, եւ այդ ակցիայի միակ հիշարժան դրվագը մնալու է այն, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտամունքի ծես չի արել մեծ հացադուլավորի առաջ:

Էս ի՞նչ նոր մեղադրանք են ստեղծել. թե բա` չե՞ք ասիլ` Լեւոն Տեր-Պետրոսյանը չի այցելել Րաֆֆի Հովհաննիսյանին: Էդ նույնն է, օրինակ, թե Հայ ազգային կոնգրեսը Րաֆֆի Հովհաննիսյանին մեղադրի, որ նա ՔԿՀ չի այցելել, օրինակ` ինձ կամ Հարություն Ուռուտյանին տեսակցելու (Սասուն Միքայելյանի, Սարգիս Հացպանյանի կամ Արամ Բարեղամյանի մասին չեմ ասում, որովհետեւ չգիտեմ` գուցե այցելե՞լ է): Այդ մեղադրանքին «Ժառանգությունը» կպատասխանի. «Այ Նիկոլ, բայց չէ՞ որ Արմեն Մարտիրոսյանը, Ստեփան Սաֆարյանը, Զարուհի Փոստանջյանը, ովքեր «Ժառանգություն» կուսակցության անդամ են` այցելել են քեզ»: Եւ այս հակադարձումը արդարացի կլինի: Նույն կերպ եւ` չէ՞ որ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելել են Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Պետրոս Մակեյանը… Իրենց «համազգային» եւ «սրբազան» պարտքը կատարած ՀԱԿ ներկայացուցիչների անվանական ցանկը դեռ երկար կարելի է շարունակել:

Րաֆֆի ՀավհաննիսյանԲայց չէ` Րաֆֆի Հովհաննիսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին է ուզում: Իսկ ինչու որեւէ մեկը չի հարցնում. ինչո՞ւ «Ժառանգությունը» Հայ ազգային կոնգրեսի կազմում չէ: Փոխարենը «Ժառանգության» ներկայացուցիչները օրը տասն անգամ խոսում են ընդդիմության միավորման մասին: Մինչդեռ միավորման համար մեկ քայլ է պետք. «Ժառանգությունը» ստորագրում է Հայ ազգային կոնգրեսի հռչակագիրը, եւ միավորումը տեղի է ունենում: Բայց չէ`«Ժառանգությունն» ուզում է, որ Հայ ազգային կոնգրեսը ինքը միանա «Ժառանգությանը»: Շատ լավ, քննարկենք նաեւ այս տարբերակը:

Ի՞նչ է «Ժառանգությունը»: Կուսակցություն: Ի՞նչ է ուրեմն Հայ ազգային կոնգրեսը. «Ժառանգության» նման մեկուկես տասնյակ կուսակցությունների, պլյուս`հասարակական կառույցների միավորում: Այսինքն` Կոնգրեսը այն տեղն է, որտեղ «ժառանգության» «փափագած» միավորումը տեղի է ունենում: Թե՞ «Ժառանգությունում» կարծում են, թե իրենք ավելի լավ եւ արժանի կուսակցություն են, քան ՀԱԿ-ում ընդգրկված կուսակցություններից որեւէ մեկը: Եթե կարծում են` թող ուրեմն կարծեն ինչքան սրտները կուզի: Կապրենք` կտեսնենք:

Իրականում խնդիրը շատ ավելի պարզ է. Րաֆֆի Հովհաննիսյանը վստահ չէ, թե ինքը Հայ ազգային կոնգրեսում կարող է լինել նախագահի թեկնածու: Իսկ «Ժառանգության» տանիքի տակ նրա այդ կարգավիճակը երաշխավորված է: Եւ ուրեմն` «Ժառանգության» փափագած միակ միավորումը սեփական տանիքի տակ է` Րաֆֆի Հովհաննիսյանի նախագահի թեկնածության տակ: Սրան էլ կարելի էր նորմալ վերաբերվել, բայց Հովհաննիսյանը նախագահի թեկնածու էր թվում, երբ տանը փակված էր, եւ հրապարակային քաղաքականությանը մասնակցում էր միայն ժպտալով:

…Հետո` սկսեց խոսել, ու պարզ դարձավ, որ պրոբլեմ ունենք, մեծ պրոբլեմ, որ կարելի է անվանել` անհոդաբաշխություն անհոդաբաշխությանց: Գուցե ժամանակավո՞ր երեւույթ է. կապրենք, կտեսնենք:

Հովհաննիսյանի հաջորդ իդեա ֆիքսը. հայաստանյան պրոցեսները տեղավորել երեք նախագահների շրջանակներից դուրս: Անկեղծ ասած` սա ինձ համար այնքան էլ հասկանալի չէ: Նույնքան, որքան հասկանալի չի լինի, եթե որեւէ մեկը առաջարկի հայաստանյան պրոցեսները, քաղաքականությունը տեղավորել Հայաստանի հինգ արտգործնախարարների շրջանակից դուրս: Մեկ էլ` հյուպատոսների կամ նախկին դաշնակների:

Այս պահին, անկեղծ խոստովանում եմ, չեմ կարող ասել` զորակցո՞ւմ եմ Րաֆֆի Հովհաննիսյանին, թե ոչ, որովհետեւ փնտրում-փնտրում ու չեմ կարողանում կոնկրետ ասելիք եւ անելիք գտնել նրա հայտարարությունների եւ ընդհանրապես քաղաքական գործունեության մեջ:

Հ.Գ. Որքան էլ զարմանալի թվա, Տեր-Պետրոսյանի անտարբերությունը իր ակցիայի նկատմամբ լավագույնս մեկնաբանեց ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը: Ըստ այդմ` դա քաղաքական դիրքորոշում էր: Հովհաննիսյանը, սակայն, որ լացակումած պատմում էր այդ մասին, այդպես էլ չվերծանեց, թե ինչ է նշանակում այդ դիրքորոշումը: Փորձեմ ես ինքս դա անել` նախապես ներողություն խնդրելով որոշ կոպտության համար: Ըստ այդմ` Տեր-Պետրոսյանի ուղերձը կարելի է վերծանել այսպես. «Րաֆֆի՛, կամ կոնկրետացիր, կամ` ոտքի տակ մի ընկիր»: Եւ, ի դեպ, նոր տիտղոս են սեփականաշնորհել «Ժառանգության» ղեկավարին, թե նա իբր ազատագրել է Ազատության հրապարակը: Ազատության հրապարակն այդպես ազատագրել են ՀԱԿ երիտասարդները եւ Վարդգես Գասպարին: Դեռ 2010 թվականին: Մի քանի անգամ: Սա` իմիջիայլոց: Եւ հետո, եթե այդպես Րաֆֆիաբար ազատագրված էր Ազատության հրապարակը 2011թ. մարտի 17-ին, ինչո՞ւ էին բազազները մի քանի շարքանոց շղթա կապել նրա շուրջ: Գուցե Րաֆֆիի ազատագրո՞ւմն էին պաշտպանում:

Նիկոլ Փաշինյան
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
20.03.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , , ,


  1. Արեգ
    Մարտ 28th, 2011 at 22:59 | #1

    Համաձայն չեմ, ափսոս, որ Նիկոլը այսպիսի կարծիք ունի: Նախ, ՀԱԿ-ի լիդերները պետք է հաշվի առնեն բոլոր ՀԱԿ-ին միացողների կարծիքը այլ ոչ թե վարվեն այնպես ինչպես իրենք են գտնում ճիշտ, երկրորդնել դուք երբ ծանոթներին տեսնում եք բարևում եք չէ? զուտ էթիկայի տեսանկյունից Լևոնը իմ կարծիքով ինքնահավան և սխալ քայլ արեց, ժողովուրդը պահանջում է միացում /տես այս տարվա մարտի 1ի վիդեոներ/ և եթե ՀԱԿը անտեսի ժողովրդի կարծիքը նմանվելու է դրանով իշխանության:

  2. Karine
    Մարտ 29th, 2011 at 00:13 | #2

    Ես ուղղակի ապշում եմ,թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ պատասխանում իմ հարցին,եթե ես այն չեմ հղել իրեն:Բայց ինչպես միշտ բովանդակալից հոդված և սպառիչ պատասխան իմ բոլոր հարցերին:Ես հույս ունեմ,երբ որ Նիկոլը Փաշինյանը կլինի ՀՀ պաշտոնյա անձ(ես դրանւմ համոզված եմ),ես նույն կերպ կկարողանամ մեկնաբանություններ գրել նրան:Հենց այդ ժամանակ դա կլինի իմ երազած Հայաստանը:Իսկ այդ ժամանակը եկել է:Պայքար,պայքար մինչև վերջ:Աստված թող քեզ ուժ և համբերություն տա,Նիկոլ ջան:

  3. Armen
    Ապրիլ 1st, 2011 at 23:29 | #3

    kecces NIKOL!shate, ush kardaci,du chisht durs ekar.Kez azatutyun!menk el tox azatvenk nman avantyuristneric,xerika-bola!

  4. Jack
    Ապրիլ 4th, 2011 at 06:24 | #4

    2008 Mart-i 1ic minchev aysor bac chem toghel Nikoly voch me hodvats. Hetevel em HAK-i razmavarutyun@ ev misht hamakrel em te I-n Naghagahin, te nra arajnordac sharzhman@. Bayc ays harcum cavoq petqa hamadsaynvem Areg-i het.

  1. No trackbacks yet.