> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՎԱՏԻ ԵՎ ԱՎԵԼԻ ՎԱՏԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՎԱՏԻ ԵՎ ԱՎԵԼԻ ՎԱՏԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո Սերժ Սարգսյանի ղեկավարած ՀՀԿ-ի ներկայացուցիչների հայտարարությունները, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին կոալիցիոն կուսակցությունները հնարավոր է մասնակցեն միասնական ցուցակով, պետք է համարել խիստ տրամաբանական: Մեկ ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելը բխում է հենց ստորագրված հուշագրից: Դրանում արձանագրվում է, որ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը իրար դեմ չեն պայքարելու եւ չեն փորձելու փոխել ուժերի հարաբերակցությունը կոալիցիայի ներսում: Այսօրինակ պայմանավորվածությունը հնարավոր չէ պահել նույնիսկ 100 տոկոսով իշխանական կեղծարարների վերահսկողության ներքո գտնվող ընտրություններում` եթե կոալիցիոն ուժերը առանձին-առանձին գնան ընտրությունների: Սերժ Սարգսյանը, որ այսօր արդեն երաշխիքների կարիք ուներ, թե ԲՀԿ-ն նախագահական հաջորդ ընտրություններում իր թեկնածությունն է պաշտպանելու, նույնիսկ այդօրինակ փաստաթղթի առկայության պայմաններում չի կարող երաշխիքներ ունենալ, որ խորհրդարանական ընտրություններում ընտրակեղծարարների բանակը վերջին պահին անցում չի կատարի դեպի ԲՀԿ եւ փաստի առաջ չի կանգնեցնի իրեն: Այսինքն` եթե առաջիկա ընտրությունների պաշտոնական արդյունքներով ԲՀԿ-Ռ. Քոչարյան դաշինքը մեծամասնություն ունենա, նա չի պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը` նախագահական ընտրություններում: Նման հնարավորությունը բացառելու միայն մեկ ճանապարհ կա` ԱԺ առաջիկա ընտրություններում հանդես գալ մեկ միասնական իշխանական ցուցակով: Ու քանի որ արդեն պայմանավորվածություն կա` չփոխել ուժերի հարաբերակցությունը կոալիցիայի ներսում, ուրեմն համամասնական այդ ցուցակն էլ պետք է կազմել ըստ ուժերի գործող հարաբերակցության. այսինքն, այդ ցուցակի յուրաքանչյուր տասնյակում պետք է լինեն հինգ հանրապետական, երեք ԲՀԿ-ական, երկու ՕԵԿ-ական: Այսինքն` Սերժ Սարգսյանը պլանավորում է ապագա խորհրդարանում ունենալ մի այնպիսի մեծամասնություն, որն ընդգրկված կլինի մեկ խմբակցության մեջ, եւ որը 50 տոկոսով կազմված կլինի հանրապետականներից, 30 տոկոսով` բհկականներից, 20 տոկոսով` օեկականներից:Այս գործընթացի պոզիտիվ նպատակը, Սերժ Սարգսյանի տեսակետից, սեփական դիրքերի ամրացումն է իշխանության ներսում. նեգատիվ նպատակը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ինքնուրույն ամբիցիաների վերացումը եւ նրա դե յուրե կամ դե ֆակտո չեզոքացումը` որպես ինքնուրույն քաղաքական ուժ: Այսօր արդեն ԲՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ չէ, եթե, իհարկե, երբեւէ եղել է այդպիսին: Սերժ Սարգսյանի պլանների իրագործման դեպքում, համարձակվենք կանխատեսել, «Բարգավաճ Հայաստանը» կդադարի գոյություն ունենալ նաեւ դե յուրե, կամ էլ նրա ղեկավարի պաշտոնում կընտրվի, ասենք` Ռազմիկ Զոհրաբյանը: ԲՀԿ-ի հարցը լուծված է փաստացի: Բայց եթե վերը հիշատակված կոալիցիոն հուշագիրը Սերժ Սարգսյանի դիրքերը ուժեղացրին իշխանության ներսում, ներքաղաքական կյանքի համատեքստում այն խայտառակ ձախողում էր նրա համար: ԲՀԿ-ի ՕԵԿ-ացումից հետո Հայաստանի հանրության` փոփոխություններ ակնկալող հատվածը բոլոր հույսերը կենտրոնացրեց Հայ ազգային կոնգրեսի գործունեության տիրույթում: Սերժ Սարգսյանը, հնարավոր է, հաշվի առել էր սա, բայց հույս ուներ նորանոր կեղծ ընդդիմություններ մոգոնել: Այս սցենարը, սակայն, կարծես այլեւս չի աշխատի` դարձյալ Հայ ազգային կոնգրեսի շնորհիվ:
«Բարգավաճ Հայաստանի» հույսը նույնպես Հայ ազգային կոնգրեսն է. ԲՀԿ-ականները հույս ունեն, որ Կոնգրեսը կցնցի իշխանական բուրգը, եւ իրենք կկարողանան արագ եւ առանց կորուստների լքել սերժանտական խորտակվող նավը: Սերժ Սարգսյանը թերեւս գիտակցել է, որ կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումով փոքրացնում է իշխանական մանեւրի դաշտը: Այսպիսին է, սակայն, ցանկացած քայքայվող բռնատիրություն. հաճախ այն ստիպված է ընտրություն կատարել վատի եւ ավելի վատի միջեւ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.