> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑԻՆ «ԶԵՆՔ ԵՒ ԶԻՆԱՄԹԵՐՔ»

ՀԱՅՏՆԱԲԵՐԵՑԻՆ «ԶԵՆՔ ԵՒ ԶԻՆԱՄԹԵՐՔ»

Խուզարկությունները քրեակատարողական հիմնարկներում պետք է, որ դատապարտյալների մոտ, նրանց խցերում եւ կացարաններում արգելված իրեր, առարկաներ հայտնաբերելու նպատակ ունենան: Այդպես նախատեսված է ՀՀ օրենսդրությամբ եւ ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով:

Փետրվարի 24-ին, սակայն, «Արթիկ» ՔԿՀ իմ խցում` նույն ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչները մինչ այդ չտեսնված եւ չլսված խուզարկություն անցկացրին, որի արդյունքում ինձ մոտից առգրավեցին, ի՞նչ եք կարծում, ինչե՞ր:

Մոտ մեկ տասնյակ գրիչ, որոնց մի մասի թանաքը վերջացած էր վաղուց, այդ պահին ինձ մոտ առկա, իմ գրած բոլոր հոդված-նամակները, որ մինչ այդ ՔԿՀ վարչակազմը հրաժարվել էր ընդունել եւ ուղարկել «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն, իմ ունեցած բոլոր ծրարներն ու նամականիշերը, գրելու թղթերը, տետրերը, ինձ ուղարկված շնորհավորական բացիկները, որ ստացել էի Ամանորի կապակցությամբ: Կարճ ասած` խուզարկության արդյունքներով ես չունեի ոչ մի գրիչ, որով կարելի էր գրել, ոչ մի հատիկ թուղթ, որի վրա հնարավոր է գրել, ոչ մի ծրար, որի մեջ հնարավոր է նամակ դնել, ոչ մի նամականիշ, որ հնարավոր էր փակցնել ծրարի վրա: Բայց ամենակարեւորը` չկար որեւէ հիմք, թուղթ, փաստաթուղթ, որ կվկայեր, թե ինձ մոտից որեւէ բան են առգրավել: Ի հեճուկս իմ հորդորների, ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչները հրաժարվեցին առգրավված առարկաների ցուցակ կազմել եւ արձանագրություն` այդ առարկաներն առգրավելու մասին: Եւ սա հասկանալի է. եթե մարդիկ փաստաթղթավորեն, որ խուզարկության արդյունքում թուղթ ու գրիչ են առգրավել, հետո, երբ, ասենք, ես դիմեմ դատական ատյաններին, ինչպե՞ս են բացատրելու, ինչո՞ւ են առգրավել գրենական պիտույքներս: Ինչպես նախկինում` այս անգամ էլ ՔԿՀ վարչակազմը, ավելի ճիշտ` վարչակազմին հրահանգավորած սերժանտական սվիտան, իրենց համար սովորական դարձած ճանապարհն են ընտրել: Ըստ պաշտոնական վարկածի` կամ ընդհանրապես խուզարկություն չի եղել, կամ խուզարկության արդյունքում որեւէ բան չի առգրավվել:

Համենայնդեպս` երբ «Արթիկ» ՔԿՀ ներկայացուցիչներին հարցնում եմ, թե երբ են վերադարձնելու առգրավված թուղթուգրիչներս, նամակներս, ծրարներս, նրանք «զարմանում են». ի՞նչ թուղթ, ի՞նչ գրիչ, ի՞նչ նամակ, ի՞նչ ծրար, ի՞նչ խուզարկություն:

Բայց` ինչ-որ բաներ, այնուամենայնիվ, վերադարձրին. սկզբից բերեցին իմ ստացած բացիկներն ու նամակները: Ու քանի որ տանելիս դրանք չեն ցուցակագրել, վերադարձնելուց հետո չեմ կարող վստահաբար ասել, թե բոլորն են վերադարձված: Այս նամակ-բացիկները վերադարձրին փետրվարի 25-ին: Փետրվարի 28-ին էլ բերեցին որդուս երկու լուսանկարները, մի քանի հատ մաքուր գրելու թուղթ ու մի հատ կիսատ գրիչ: Մնացածը դեռ շարունակում են պինդ, պինդ պահել: Այս գործողությունների հիմնական նպատակը ինձ զրկելն է մամուլում հրապարակումներով հանդես գալու հնարավորությունից: Նաեւ` ինձ հավասարակշռությունից հանելն ու այդ հնարավոր անհավասարակշռությունից օգտվելը: Բայց, ինչպես տեսնում եք, ոչ մեկն է ստացվում իրենց մոտ, ոչ մյուսը: Ընթերցողը, հույս ունեմ, կռահում է նաեւ, որ ՔԿՀ-ներում, նաեւ «Արթիկ» ՔԿՀ-ում իմ շուրջ տեղի ունեցող ոչ բոլոր իրադարձություններն եմ նկարագրում` ինչպես մարտավարական, այնպես էլ ռազմավարական նկատառումներով: Ասեմ նաեւ, որ այս պահին ՔԿՀ պետ Վ. Սարգսյանի մոտ են գտնվում իմ գրած թվով 14 հոդվածները, որոնք ծրարների մեջ են դրվել սահմանված կարգով «ՀԺ»-ի խմբագրություն ուղարկելու եւ թերթում տպագրվելու նպատակով: Բայց «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը հրաժարվում է դրանք ուղարկել եւ ամեն ինչ անում է, որ ես հրաժարվեմ հոդվածներ գրելու գաղափարից: Բայց, ինչպես տեսնում եք, շարունակում եմ գրել եւ տպագրվել` նույնիսկ առանց թղթի եւ գրիչի, նույնիսկ յոթ պատի հետեւում փակված վիճակում: Բա ինչ է, գիտեիք չափազանցնո՞ւմ եմ, երբ ասում եմ` մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է…
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. MM
    Մարտ 14th, 2011 at 17:53 | #1

    Nikol jan du nshecir, vor Խուզարկությունները քրեակատարողական հիմնարկներում պետք է, որ դատապարտյալների մոտ, նրանց խցերում եւ կացարաններում արգելված իրեր, առարկաներ հայտնաբերելու նպատակ ունենան. Yexbayr dranc hamar grichn u tuxt@ argelvac irer en, voch irenq en dranic ogtvum, voch dranc erexeq@..

  1. No trackbacks yet.