> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՐԲ «ՀԱՅԼՈՒՐԸ» ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴ

ԵՐԲ «ՀԱՅԼՈՒՐԸ» ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ԺՈՂՈՎՈՒՐԴ

Վերջին շրջանում Հայաստանում արձանագրված տարօրինակ երեւույթներից ամենատարօրինակը «Հայլուրի» տեսախցիկի ռակուրսներն են` Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներում: «Հայլուրը» բառիս բուն իմաստով ցույց է տալիս, թե որքան մարդ է հավաքվել, ցույց է տալիս այնպես, որ հնարավոր լինի տեսնել, ընկալել, գնահատել: Ի՞նչ է սա նշանակում. տարբեր վարկածների մեջ առավել հավանական է թվում արտաքին քաղաքական գործոնը: Սերժ Սարգսյանը, թերեւս, ինքն իրեն գնահատելով, եզրակացնում է, թե Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի, Իրանի համար ինքը կարեւորագույն գործընկեր է դարձել. նույնիսկ` անփոխարինելի: Եւ հիմա մատուցել-ցուցանելով ընդդիմության շարունակական հզորացումը` ուղերձ է հղում արտաքին աշխարհին. եթե դուք ինձ բոլոր հնարավոր եւ անհնար միջոցներով չաջակցեք` մեր բոլոր պայմանավորվածությունները փոզմիշ կլինեն իմ իշխանության փլուզմանը զուգահեռ:
Իսկ որ պայմանավորվածություններ կան` պարզից էլ պարզ է: 2008-ին իշխանությունը բռնազավթելով, Սերժ Սարգսյանը արեւելքում, արեւմուտքում, հյուսիսում եւ հարավում խոստումներ էր բաժանում աջուձախ, այնքան, որ արտաքին աջակցություն ստանա, այդ թվում եւ` վարկերի տեսքով: Իրավիճակը, սակայն, նրա իշխանության իրավիճակը այդպես էլ չկայունացավ, հիմա` առավելեւս հեղհեղուկ է, եւ Սարգսյանը ավելի մեծ արտաքին աջակցության կարիք է զգում: Կստանա՞ արդյոք այդ աջակցությունը: Միանշանակ ոչ` եթե Հայ ազգային կոնգրեսի հաջորդ հանրահավաքը գոնե հինգ տոկոսով ավելի բազմամարդ լինի մարտիմեկյան հանրահավաքից:
Սերժ Սարգսյանը իրոք այնպիսի խոստումներ է տվել Արեւմուտքին, որ եվրոամերիկյան չինովնիկները սկզբնական շրջանում նույնիսկ չեն հավատացել իրենց ականջներին` երջանկությունից: Բայց 2008-ից, երբ եվրոամերիկացիները աշխարհաքաղաքական նկատառումներով լղոզեցին կեղծված ընտրություններն ու մարտիմեկյան սպանդը, անցել է արդեն երեք տարի, իսկ խոստումները դեռեւս կատարված չեն, կամ` դրանց ուղղությամբ կոնկրետ առաջընթաց չկա: Ինչ խոստումներ են դրանք` կարելի է կռահել միայն: Բայց դրանց չկատարման մասին վկայում է այն, որ Եվրոմիության` ընդարձակման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բաց տեքստով հայտարարեց «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, թե Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր միայն խոսում են, եւ ժամանակն է նաեւ գործել: Սրան գումարած` ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի ակտիվացումը. ի՞նչ է ասում տիկին դեսպանը` դժվար է ասել, բայց որ դժգոհ է ինչ-որ բանից, ակնհայտ է եւ աներկբա: Նույն իրավիճակն է նաեւ Ռուսաստանի պարագայում. հասկանալի է, որ ՌԴ նախագահը փորձում է թեկուզ ինչ-որ առաջընթաց արձանագրել ԼՂ հարցում, եւ ակնհայտ է, որ այդ առաջընթացը ցավոտ է լինելու նաեւ Հայաստանի համար: Եւ ահա` «Հայլուրի» ռակուրսները ցուցանելով, Սերժ Սարգսյանը փորձում է ԼՂ հարցում խուսափել ցավոտ քայլերի մասին պայմանավորվածություններն իրագործելուց, եւ Հայ ազգային կոնգրեսը դարձել է նրա վերջին փաստարկը: Այս տակտիկայի վերջաբանը հասկանալի է, եթե ընդդիմությունը քեզ կաշկանդում է այնքան, որ դու ի վիճակի չես կատարել քո իսկ խոստումները, մենք, ուրեմն, կխոսենք ընդդիմության հետ: Իսկ ընդդիմության պատասխանը կանխատեսելի է, որեւէ երկրում որեւէ հարց կարող է լուծել միայն լեգիտիմ, այսինքն` ժողովրդի կողմից լիազորված իշխանությունը: Եւ որքան էլ ցավալի լինի գերտերությունների համար` նրանք ստիպված են լինելու ավազակապետության հետ կնքած բոլոր պայմանավորվածությունները չեղյալ անել եւ լեգիտիմ, նոր իշխանության հետ բանակցությունները սկսել զրոյից: Սա, ի դեպ, ԼՂ հարցում պատերազմից խուսափելու լավագույն ճանապարհն է, նաեւ` թավշյա իշխանափոխության լավագույն ճանապարհը:

Հ.Գ. Նկատելի է, որ այս հարցում Արեւմուտքը մտածումների փուլում է: Հայաստանն, օրինակ, հեղափոխական պոտենցիալի վարկանիշային ցուցակում չէին ընդգրկել: Եթե հեղափոխության հավանականությունը ցածր է մեր երկրում, այն պետք է ցածր տեղ ունենար ցուցակում, եթե բարձր է` բարձր: Բայց ընդհանրապես չկար, ինչը նշանակում է, որ Արեւմուտքը դեռ չի կողմնորոշվել այս հարցում:

Հ.Գ.-2 ԱԺ հանրապետական փոխնախագահ Սամվել Նիկոյանը իր վերջին հարցազրույցներից մեկում ասել էր, թե իբր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտիմեկյան իր ելույթում Արեւմուտքին կոչ է արել աջակցություն չցուցաբերել Հայաստան պետությանը: Մինչդեռ Տեր-Պետրոսյանը կոչ էր արել աջակցություն չցուցաբերել ապօրինի իշխանությանը: Ստացվում է, որ ըստ Նիկոյանի, պետությունը ինքն է, Սաշիկը, Միշիկը եւ էլի մի քանի հոգի:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.