> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԸՆԴՈՒՆԻՐ, ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ…

ԸՆԴՈՒՆԻՐ, ԵԹԵ ԿԱՐՈՂ ԵՍ…

ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի` 2011թ. մարտիմեկյան հայտարարության կետերից առնվազն մեկը ՀՀ իշխանությունները պետք է, որ ընդունեին մեծ ոգեւորությամբ: «Հայլուրն» ու ՀՀԿ-ի Գեւորիկը ամեն օր պետք է անդրադառնային այդ թեմային, ողջունեին, պահանջեին օր առաջ, ժամ առաջ սկսել գործընթացը: Բայց` հիացական բացականչություններ, ոգեւորված հրմշտոց ինչ-որ նկատելի չէ: Եւ հասկանալի է, թե ինչու:
Իսկ ասելիքս առաջին նախագահի հայտարարության այն կետի մասին է, որով առաջարկվում է, որ Երրորդ հանրապետությունում երբեւէ բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած բոլոր անձինք` սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, Ռոբերտ Քոչարյանից, Սերժ Սարգսյանից` ունեցվածքի հայտարարագիր ներկայացնեն հանրությանը: Տեր-Պետրոսյանի առաջարկի տրամաբանությամբ` նման հայտարարագրեր պետք է ներկայացնեն ընդհուպ մինչեւ նախկին եւ գործող միլպետները: Ինչո՞ւ ուրեմն` իշխանությունները ծափ չեն զարկում այդ առաջարկի կապակցությամբ: Չէ՞ որ երբ Տեր-Պետրոսյանը գործող վարչակազմը անվանում է ավազակապետություն, ՀՀԿ-ի Գեւորիկը եւ իր շեֆերը ընդվզում են` ինչպե՞ս կարելի է, եւ հակադարձում` թալանը սկսվել է Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: Խնդիր չկա. այսօրվա Հայաստանի Հանրապետությունը` իր ամբողջության մեջ, սկսվել է Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին: Բայց, ի վերջո, մի հատ չհասկանա՞նք` ով ինչ եւ որքան է թալանել Հայաստանի Հանրապետության գոյության տարիներին: Բա մի հատ չհամեմատե՞նք Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ունեցվածքը, Դավիթ Տեր-Պետրոսյանի, Սեդրակ Քոչարյանի, Միշիկ Սարգսյանի ունեցվածքը: Հրանտ Բագրատյանի, Տարոն Մարգարյանի, Տիգրան Սարգսյանի ունեցվածքը: Եկեք իսկապես անենք դա եւ ի վերջո պարզաբանենք` ով է ավազակ, ով է ավազակապետ եւ ով` բարեխիղճ եւ ոչ պոպուլյար կենսական որոշումներ կայացնելու ընդունակ պաշտոնյա:
Գործող իշխանությունները նման համեմատության հաստատ չեն գնա, որովհետեւ նույնիսկ անզեն աչքով է նկատելի, որ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին թալանով զբաղվողները այսօր իշխանության ամենա-ամենա-ամենա վերին օղակներում են, եւ էդ թալանը անարգել շարունակելու անհրաժեշտությունն էր, որ առաջ բերեց 1998 թվականի հեղաշրջումը: Տեր-Պետրոսյանը խոչընդոտ էր այդ թալանի ճանապարհին, եւ հեղաշրջումը պետք է չեզոքացներ այդ խոչընդոտը: Թերեւս այսօր Հայաստանում քիչ չեն մարդիկ, ովքեր այս տեսակետը չեն կիսում: Բայց` հարգելիներս, այս թեմայով վիճելու, իրար համոզելու, բացատրելու կարիքը չկա: Ոմանք թալանչի են համարում այս իշխանությանը, ոմանք թալանչի են համարում այն իշխանությանը, ոմանք թալանչի են համարում եւ այս, եւ այն իշխանությանը: Իսկ ճշմարտությունը ուզում են իմանալ գրեթե բոլորը, բոլորը` բացի թալանչիներից: Լեւոն Տեր-Պետրոսյանի` վերը հիշատակված առաջարկը հենց այդ բոլորին պիտի միավորի, եւ նույնիսկ հակակոնգրեսականները պետք է դուրս գան հրապարակ եւ հանրության համար պահանջեն Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցածը Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի ունեցածի հետ, Դավիթ Տեր-Պետրոսյանի ունեցածը Սեդրակ Քոչարյանի եւ Միշիկ Սարգսյանի ունեցածի հետ համեմատելու հնարավորություն:
Այս համեմատությունը ոմանց կփրկի Հաագայի դատարանից եւ հնարավորություն կտա դատվել հաշվառման վայրի դատարանում` Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ: Մացոն` հաջորդիվ:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. MM
    Մարտ 12th, 2011 at 16:09 | #1

    Sireli Nikol, inch haytararagri masin e xosq@, yerb sashik@ Qrqoryanin a handipum, kazino karucelu npatakov. Anzen achqov el yerevum e dranc talan@.

  1. No trackbacks yet.