> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱՀԱ ԵՂԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ԱՀԱ ԵՂԵԼՈՒԹՅՈՒՆԸ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի դեմ 2010թ. նոյեմբերի լույս 11-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած դիմակավորված անձանց հարձակման առիթով քրեական գործի հարուցումը մերժվել էր: Այս որոշումը կայացրել էր «Կոշ» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետ Ա. Ավետիսյանը, պատճառաբանելով, թե իբր Փաշինյանը հորինել է հարձակումը: «Արթիկ» ՔԿՀ-ում գտնվող Նիկոլ Փաշինյանը այս տարվա հունվարի 27-ին այդ որոշումը վերացնելու միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, որի հիման վրա էլ փետրվարի 16-ին վերջինս որոշել է վերացնել «Կոշ» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետ Ա. Ավետիսյանի որոշումը եւ հարուցել քրեական գործ: Նախաքննությունը հանձնարարվել է ոստիկանության Արագածոտնի մարզի վարչությանը: Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը.

Պարոն գլխ. դատախազ.
ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿՀ օպերատիվ բաժնի պետ Ա. Ավետիսյանը, 2010թ. դեկտեմբերի 30-ին, «վերանայելով դատապարտյալ Նիկոլ Վովայի Փաշինյանի վերաբերյալ նախապատրաստված նյութերը», կայացրել է քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում: Որոշման օրինակը ստացել եմ 2011թ. հունվարի 21-ին «Արթիկ» ՔԿՀ-ում:

Գտնում եմ, որ վերը հիշատակված որոշումը անհիմն է եւ ապօրինի` հետեւյալ հիմնավորմամբ.
այն գրվել է իրավապահ համակարգի որոշ անձանց հռչակած սկզբունքի շրջանակներում, թե քրեական դատավարությունը ստեղծագործական պրոցես է: Ըստ այդմ` «Կոշ» ՔԿՀ-ում տվյալ խնդրի հետաքննության համար ձեւավորվել է ինքնագործ ստեղծագործական խմբակ` Ա. Ավետիսյանի եւ ՔԿՀ պետ Լ. Բաղդասարյանի գլխավորությամբ (վերջինս, ի դեպ, հաստատել է քր. գործի հարուցումը մերժելու մասին այդ որոշումը), եւ այդ խմբակը ձեռնամուխ է եղել հոլիվուդյան քրեական կատակերգություններից իր ստացած տպավորությունների ոչ այնքան շնորհալի վերաշարադրմանը:

Մասնավորապես` Ա. Ավետիսյանը «Կոշ» ՔԿՀ դատապարտյալ Վ. Հարությունյանի հետ ստեղծագործական տանդեմ կազմած` իմ կողմից բողոքարկվող որոշման մեջ գրել է. «Անձնական իրերը դատապարտյալ Ն. Փաշինյանին հանձնելու ժամանակ ինքը (Վ. Հարությունյանը.- Ն. Փ.) հարցրել է դատապարտյալ Ն. Փաշինյանին, թե ինչպես է, որ ոտքերով ու ձեռքերով ծեծելուց հետո վերմակի եւ ծրարի վրա հետքեր չկան, այդ ժամանակ դատապարտյալ Ն. Փաշինյանը քմծիծաղ տալով ասել է. «ոչինչ, կլինեն»: Մեջբերման ավարտը:

Այս դրվագը ակնհայտորեն կրկնօրինակված է ամերիկյան «Վերլուծիր այս» ֆիլմից, երբ հյուրանոցի վերնահարկից ինչ-որ մեկին ցած նետած մարդասպանը ուզում է համոզել, որ տեղի է ունեցել ինքնասպանություն: Իսկ երբ նրան հարցնում են, թե արդյո՞ք «ինքնասպանի» կողմից թողնված գրություն կա, նա վերցնում է թուղթ եւ գրիչ ու խոստանում. «Հիմա կլինի»:

Ստեղծագործական խմբակը, սակայն, կանգ չի առել ձեռք բերածի վրա, եւ տվայտանքները այլ արդյունքներ նույնպես տվել են: Մասնավորապես, Ա. Ավետիսյանը իր որոշման մեջ գրել է, թե «Կոշ» ՔԿՀ աշխատակիցներ Ա. Ավետիսյանը եւ Ա. Գրիգորյանը ինձ առերես հայտարարել են, թե իմ գիշերազգեստի վրա առկա արյան հետքերը «առաջացել են ոչ թե, այսպես ասած` հարձակման ժամանակ, այլ դրանք դատապարտյալ Ն. Փաշինյանը առաջացրել է իրենց ներկայությամբ` կացարանում, պոկելով եղունգի կողքի մաշկը, արյուն է բերել, որն էլ քսելով տաբատի վրա` ասել է` «կտեսնեք, թե ինչ եմ անելու, Ձեզ ով է հավատալու», դատապարտյալ Ն. Փաշինյանը, լսելով աշխատակիցների հայտարարությունը, ասել է. «Հլը դուք Ձեր գլխի գալիքը չգիտեք, ես գիտեմ` որտեղ ինչ կերպ պիտի խոսեմ»:

Բայց, այնուամենայնիվ, ստեղծագործական խմբակը ինձ վերագրել է իր նկատմամբ տածած խորը հարգանքի զգացում: Ուշադրություն դարձրեք` ինձ վերաբերվող բավականին տխմար արտահայտություններում ՔԿՀ աշխատակիցներին ուղղված` «ձեզ», «ձեր» բառերը գրված են մեծատառով, ինչը ստիպում է ենթադրել, որ «Կոշ» ՔԿՀ աշխատակիցները տպավորված են իրենց նկատմամբ իմ ցուցաբերած հարգալից վերաբերմունքից: Ավետիսյանի կայացրած որոշման մեջ իրականությունը այլակերպված է սյուռեալիզմից մեզ հայտնի ոճով: Ավետիսյանը եւ ՔԿՀ աշխատակիցները անտեսել են այն փաստը, որ երբ 2010թ. նոյեմբերի լույս 11-ի գիշերը իրենք մուտք են գործել մեր կացարան, իմ քնելատեղի շուրջ հավաքված են եղել բավական թվով դատապարտյալներ` նաեւ կողքի կացարաններից:

Այդ պահին իմ քնելատեղի մոտ գտնվող դատապարտյալներից մեկը հենց իմ մահճակալի մոտից բերման է ենթարկվել հերթապահ մաս. մինչ այդ նրան հագնվելու հնարավորություն է տրվել:

Բերման է ենթարկվել նաեւ կողքի կացարաններից մեկի մի դատապարտյալ, որը նույնպես ՔԿՀ աշխատակիցների գալու պահին կիսամերկ, այսինքն` գիշերազգեստով գտնվել է իմ մահճակալի մոտ:

Մինչդեռ Ա. Ավետիսյանի գրած որոշման մեջ ասվում է, որ ՔԿՀ աշխատակիցների գալու պահին բոլորը (փաստորեն` բացի ինձնից) քնած են եղել, ամեն ինչ եղել է հանգիստ:

Ուշագրավ է նաեւ «Կոշ» ՔԿՀ բժիշկ Զաքար Զաքարյանի բացատրությունը, որը, ըստ վերը հիշատակված որոշման, գրել է, թե երբ ես իմ մարմնի զննության մասին իր կազմած արձանագրության վրա կատարել եմ գրառում` «մարմնիս վրա կան բռնության հետքեր, որոնք ՔԿՀ-ի աշխատակիցները դիտավորյալ չեն արձանագրում», ինքը իբր հարցրել է, թե ինչո՞ւ եմ ես կեղծ գրառում կատարում, բայց ես չեմ պատասխանել հարցին: Այս դրվագը կարելի է անվանել «Լռության սյուիտ»: Իսկ ընդհանրապես` սա առաջին դեպքը չէ, երբ «Կոշ» ՔԿՀ աշխատակիցները չեն արձանագրում իմ մարմնի վրա առկա բռնության հետքերը: 2010թ. սեպտեմբերի 17-ին «Կոշ» ՔԿՀ-ում ինձ վրա կրկին հարձակում էր տեղի ունեցել: ՔԿՀ բուժմասի պետ Ս. Կոստանյանը կատարեց մարմնիս զննություն, իմ ներկայությամբ ՔԿՀ պետի տեղակալ Ա. Մուրադյանին զեկուցեց, որ մարմնիս վրա առկա են բռնության հետքեր, այս ամենը տեղի ունեցավ ՔԿՀ մոտ 10 աշխատակիցների ներկայությամբ, բայց հետո ոչ մի արձանագրություն չկազմվեց: Համենայնդեպս` ոչ ոք ինձ նման արձանագրություն չի ներկայացրել, չնայած ես մի քանի անգամ այս հարցով դիմել եմ Կոստանյանին:

Նույն որոշման մեջ Ա. Ավետիսյանը գրում է, թե ես հրաժարվել եմ բացատրություն տալուց: Չեմ հիշում նման բան:
Նույն որոշման մեջ Ա. Ավետիսյանը գրում է, թե ես հրաժարվել եմ արյան փորձանմուշ տալուց: Նման բան չի եղել: Ես ընդամենը պահանջել եմ, որ արյան փորձանմուշ վերցնելու գործընթացը տեղի ունենա իմ փաստաբան Վահե Գրիգորյանի ներկայությամբ:

Ինչեւէ. Ավետիսյանի կայացրած որոշման` անտաղանդ ստեղծագործության մասին կարելի է դեռ երկար խոսել: Բայց դրանից խնդրի էությունը չի փոխվի. այն որպես ստեղծագործություն կեղծ է, որպես իրավական փաստաթուղթ` ապօրինի: Այն «հիմնավորող» «փաստերը» հորինված են:
Ըստ այդմ` միջնորդում եմ վերացնել այն:
«Արթիկ» ՔԿՀ մենախուց, 27.01.2011թ.
ժամը` 11.43
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.