> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈՒՂԵՂԸ ՄՏԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ…

ՈՒՂԵՂԸ ՄՏԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉԷ…

«Բան»-ի ասպարեզում մեր շարունակական պարտության ամենացայտուն արգասիքը հայկական հեռուստաեթերն է: 21-րդ դարում հենց հեռուստատեսությունն է մարդկային ինտելեկտի ծավալման, ստեղծագործական մտքի զարգացման կարեւորագույն ասպարեզը, մինչդեռ հայկական եթերում մեծ մասամբ ոչ թե միտքն է գործում, այլ բնազդը, կենդանական բնազդը, որպես կանոն` մեզ ի ցույց դնելով ոչ թե մտավոր գործունեության, այլ կապկումների արգասիքը: Նկատի ունեմ, որ եթերը լցնելու համար ոչ թե մտավոր աշխատանք է կատարվում, ոչ թե ձեռագրի կամ դիմագծի փնտրտուք է տեղի ունենում, այլ հայրենի TV-գործիչները նախընտրում են ընդամենը կրկնօրինակել օտարերկրյա եթերում տեղ գտած հաջողված պատառիկները:

«Թե ինչպես կզարգանան իրադարձությունները` «Հայլուրը» ցույց կտա հաջորդ թողարկմանը»,- հաճախ այսպես են ավարտում հաղորդավարները նշված լրատվական հաղորդման թողարկումները, նույնիսկ վատ չզգալով այն փաստից, որ բոլորս գիտենք, որ այս կարգախոսը կապկված է ռուսական 1-ին ալիքի «Ժամանակ» ծրագրից:

Հայկական եթերը լցված է ռուսական հեռուստատեսության հաջողված եւ ոչ այնքան հաջող նախագծերի կապկումներով, եւ երբեմն զարմանում ես, չես ուզում հավատալ, որ կարելի է այդաստիճան զուրկ լինել մասնագիտական ինքնասիրությունից եւ ոչ թե միտք դնել եթերում, այլ ընդամենը ռուսական կամ որեւէ այլ երկիր ներկայացնող հեռուստաաստղին կապկելու հուսահատ փորձեր անել, նրա իսկ վարած հաղորդման կապկում-նախագծի շրջանակներում:

Պակաս սարսափելի չէ «օրիգինալության» փնտրտուքը, որ հիմնված է բացառապես դատարկության եւ ոչ երբեք մտքի աշխատանքի վրա: «հ2»-ի լուրերի անոնսները լսելիս, օրինակ, սկսում ես ցավակցել տեքստի հեղինակին եւ այն արտասանողին. «Հանրապետության նախագահը այցելեց Լոռի եւ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ընդդիմության սիրած Ավգյան ախոռին. տեղական չինովնիկների բարքը գնահատեց հոռի, բնապահպանական վիճակը` ավելի վատ` …-ի: Պակաս հոռի չէ վիճակը Լոռվա բնապատկերներից զուրկ Եգիպտոսում, որի դեռեւս գործող ղեկավար Մուբարաքին երեկ երեկոյան զանգահարել է ծագումով քենիացի Բարաքը, Օբաման` ԱՄՆ նախագահ»,- այսպիսի մակարդակի ազդարարումներով է փորձում սեփական լուրերը գրավիչ դարձնել «հ2»-ը, չկռահելով նույնիսկ, որ դատարկության մասին դատարկ խոսքեր արտադրելը չի կարող լցնել դատարկությունը: Մեկ ուրիշն էլ հաղորդման կեսի չափ ճամարտակում-դասախոսություն է կարդում խոսքի ազատության իրավունքի մասին, չկարողանալով ապահովել նույնիսկ միջին բրեժնեւյան մակարդակ` սեփական հաղորդման համար, խոսքի ազատության գովազդվող կարգախոսի ներքո եթեր հեռարձակելով բութ քարոզչական հաղորդաշար, որի հյուրերը նախապես ինստրուկտաժի ենթարկված առաջավոր կթվորուհի-մեխանիզատորներից գրեթե, գրեթե չեն տարբերվում:

Այդքան շատ դեմքեր եւ այդպիսի համատարած անդեմություն: Հայկական եթերը նայելիս չես կարող չհանգել անխուսափելի եզրակացության. «Ի սկզբանե Բանն էր, եւ Բանը Ռուսաստանում էր` հիմնականում OPT-ում»: Կամ` «Ի սկզբանե Բանն էր, եւ Բանը նախագահականում էր»,- որտեղից շատ հաղորդումներ ոչ միայն հարցեր է ստանում, այլեւ նույնիսկ պատասխաններ, որոնք երբեմն հնչում են իրենց ընդդիմադիր համարող գործիչների շուրթերից:
Երբ վերլուծում ես հայկական եթերի հիմնական բովանդակությունը, համոզվում ես, որ էկրանից ժպտացող բազմաթիվ դեմքեր առաջնորդվում են հմայիչ մի կարգախոսով. «Ուղեղը մտածելու համար չէ»:
«Արթիկ» ՔԿՀ մենախուց, 06.02.2011թ.
Նիկոլ Փաշինյան

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,