> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ

Ո՞րն է հայ ժողովրդի պատմության կարեւորագույն իրադարձությունը: Այս հարցի իմ պատասխանը միանշանակ է` գրերի գյուտը Մեսրոպ Մաշտոցի կողմից, 405 թվականին: Իմ ընկալմամբ, որեւէ այլ իրադարձություն չի կարող մրցակցել գրերի գյուտի հետ` մեր ժողովրդի կյանքում ունեցած նշանակությամբ: Թերեւս` միայն քրիստոնեության ընդունումը, որովհետեւ գրերի գյուտը ի վերջո քրիստոնեության ընդունման արդյունք է, որ բխել է հայերեն Աստվածաշունչ ունենալու անհրաժեշտությունից:
Մեսրոպ Մաշտոցի հանճարը ուղղակի շշմեցնում է իր ընդգրկումով, ոչ միայն Հայոց տառերը ստեղծած լինելու պատճառով, այլեւ այն ընտրությամբ, որ նա կատարեց հայերեն առաջին նախադասությունը գրելիս. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Սա Աստվածաշնչի առակների գրքի 2-րդ համարն է: Եւ թվում է` աստվածային շնորհով սբ. Մեսրոպը իր ժողովրդի առջեւ հարատեւելու, հզորանալու, տիրելու, վեհանալու բանաձեւ է դնում:
Հրանտ Մաթեւոսյանի արտաբերած մի նախադասություն վերջերս ցնցեց ինձ. «Մենք միշտ նախ պարտվել ենք «բան»-ի ասպարեզում»,- ասում էր Վարպետը, հղում անելով Հովհաննեսի Ավետարանի «Ի սկզբանե բանն էր» տիեզերական սահմանադրության վրա: Ի սկզբանե բանն էր, խոսքն էր, եւ մինչեւ գրերի գյուտը մենք, ըստ էության, բան չենք ունեցել, որովհետեւ բանն ապրեցնելու, սահմանելու, կռելու, կոփելու եղանակը գիրն է:
Բայց մի՞թե գրերի բացակայությունն էր մեր անբանության պատճառը: Ոչ, իհարկե, որովհետեւ բան կարելի էր ստեղծել նաեւ հունական, արամեական գրերով: Հայ ժողովուրդը, սակայն, զլացել է սա անել: Քերթողահայր Խորենացու սիրտը կտոր-կտոր է լինում: Իր Պատմության նախաբանում, դիմելով Սահակ Բագրատունուն, նա գրում է. «Սրա հետ միասին հետեւյալն էլ եմ նկատում, որ եթե մեզանից առաջ եւ մեր ժամանակ ապրող` Հայոց աշխարհի ցեղապետներն ու իշխանները ո՛չ իրենց ձեռքի տակ ընկած եւ հավանորեն եղած իմաստուններին հրամայեցին այսպիսի հիշատակարաններ գրել, ոչ էլ մտածեցին դրսից որեւէ տեղից ներս բերել իմաստության նպաստներ, եւ այժմ քեզ ենք տեսնում այսպիսի մարդ, ուրեմն պարզ է, որ դու պետք է ճանաչվես բոլոր քեզանից առաջ եղածներից վեհագույն եւ բարձրագույն գովեստների արժանավոր եւ պատմական այսպիսի արձանագրության մեջ դրվելու արժանի»: Խոսելով մեր թագավորների ու մյուս նախնիների անիմաստասեր բարքերի մասին, Խորենացին եզրակացնում է, որ հենց դա է բանի ասպարեզում հայ ժողովրդի ունեցած խայտառակ ձախողման պատճառը. «Բայց ինձ թվում է, որ ինչպես այժմ, այնպես էլ հին հայերը չեն ունեցել սեր դեպի գիտությունը եւ իմաստալից երգարանները»,- գրում է նա:
Եւ այսօր էլ, այսօր էլ հայ ժողովրդի պատմության մեծագույն մարգարեի կոչը հնչում է որպես ձայն բարբառոյ յանապատի. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Երիցս ճիշտ է Հրանտ Մաթեւոսյանը, սկսած վաղնջական ժամանակներից` մենք պարտվում ենք բանի ասպարեզում: Տիգրան Մեծը մեր ժողովրդի պարծանքն է` ընդհուպ կենցաղային ասպարեզում: Բայց ինչո՞ւ նա չկարողացավ պահպանել իր աշխարհակալությունը եւ ինչո՞ւ մեզ չժառանգեց աշխարհակալ ազգի արտոնություն:
Այս հարցի պատասխանը Մեսրոպ Մաշտոցը, Մովսես Խորենացին, Հրանտ Մաթեւոսյանն են տալիս: Տիգրան Մեծը ԲԱՆ չուներ տալու նվաճված հպատակներին: Ոչ գիր, ոչ գրականություն, ոչ մշակույթ, ոչ գիտություն. ոչինչ, բացարձակապես ոչինչ: Տիգրան Մեծի ժամանակներում հայ ժողովուրդը ընդամենը կապկողի դերում էր. կապկում էր հույների եւ պարթեւների կրոնը, մշակույթը, օգտագործում էր հույների լեզուն, սովորույթները եւ ուրեմն` սպառող էր եւ ոչ թե արարող: Հայ ժողովուրդը, փաստորեն, աշխարհակալության միակ շանսը ստացավ այն ժամանակ, երբ օբյեկտիվորեն չէր կարող աշխարհակալել: Սեփական ԵՍ չուներ եւ չուներ ինքնության ողնաշար: Բանի եւ Իմաստության ասպարեզում զիջում էր բոլոր մրցակիցներին եւ անգամ նվաճվածներից ոմանց` ինչպես, օրինակ, սելեւկյան հույներին, որոնց մայրաքաղաք Անտիոքն ու երկիրը նվաճել էր Տիգրան Մեծ Արքայից արքան: Գրերի բացակայությունը նման իրավիճակի պատճառներից մեկն է, բայց նաեւ հետեւանք այն բանի, որ ԲԱՆ-ի կարեւորությունը չի ընկալվել հայ ժողովրդի եւ վերնախավի կողմից: Եւ սա դառը գիտակցում է, որ ստիպում է կրկին ու կրկին անդրադառնալ մեր պատմական ճակատագրին: 4-րդ, 5-րդ դարերում հայ ժողովուրդը ընթանում էր դեպի անխուսափելի վախճան: Բայց աստվածային շնորհով մենք ձեռք բերեցինք ինքնություն` նախ 301 թվականին ընդունելով Քրիստոնեություն, որը դարձավ ազգային կրոն մեզ համար: Մենք այդպես էլ ուժեղ հեթանոսական ազգային պանթեոն չունեցանք, որովհետեւ ընդամենը դեգերում էինք հունական Զեւսի եւ պարթեւական Արամազդի արանքում եւ այստեղ էլ ստիպված էինք հիմնականում կապկել:
Զարմանալ կարելի է այն մարդկանց վրա, ովքեր Գառնիի հեթանոսական տաճարում «ազգային» ծեսեր են անում, Հայ առաքելական եկեղեցին համարելով ապազգային: Հարգելիներս, ախր Գառնիի ճարտարապետության եւ գաղափարաբանության մեջ հայկական համարյա ոչինչ չկա: Դա ուղնուծուծով հունական շինություն է եւ գիտակցություն` աննշան տեղական շտրիխներով:
Քրիստոնեությունն էլ հայկական չէ, բայց այն բանի շնորհիվ, որ հրեաները մերժեցին Մեսիային, Քրիստոնեությունը ազգային է յուրաքանչյուր Քրիստոնյա ազգի, մանավանդ` հայերիս համար, որ ինքնություն, մշակույթ, գիտություն, ԲԱՆ ձեռք բերեցինք նրա օգնությամբ:
Հա, ուրեմն, գրերի գյուտը դարձավ այն երկրորդված իրադարձությունը, որ մեզ ապրեցրեց մինչեւ օրս: Բայց հիմա արդեն, երբ պետություն ունենք եւ ինքնություն, գոյատեւման, դեգերման ռեժիմը չի կարող արդարացված համարվել: Մենք` որպես ազգ, որպես ամբողջություն, գրերի գյուտից 1600 տարի անց էլ ԲԱՆ չենք ստեղծել: Ինչ-որ ԲԱՆ ստեղծել է Հայ առաքելական եկեղեցին եւ ինչ-որ ԲԱՆ ստեղծել են անհատներ` ի հեճուկս եկեղեցու, ի հեճուկս ժողովրդի: Եւ այստեղ, պետք է խոստովանել, ԲԱՆ-ի ասպարեզում համակարգված գործունեություն մեր ժողովուրդը ծավալել է Խորհրդային Հայաստանի ժամանակահատվածում: Հենց այդ ԲԱՆ-ի վրա է հիմնված Արցախյան պատերազմում տարած հաղթանակը, որը արդյունք է Հայաստանի գրագետ անկախացման:
Հայ ժողովրդի պատմությունը, սակայն, չի հասել իր լրումին: Տիգրան Մեծից հետո մենք մի քանի անգամ անկախ պետություն ենք ձեռք բերել եւ էլի կորցրել ենք: Եւ մեր օրերը չեն վկայում, թե պատմական այդ ցիկլը հաղթահարված է այլեւս: ԲԱՆ-ի ասպարեզում մեր անբանությունը հարատեւում է: Տիգրան Մեծի նման` մեր հայացքներն ուղղված են դեպի Սելեւկյան Անտիոք, որ ուզում ենք նվաճել` մեր երբեմնի փառքը նվաճելու համար: Տիգրան Մեծի նման, սակայն, մենք տանուլ տված ենք ԲԱՆ-ի ասպարեզում, եւ Մաշտոցից այսկողմ ստեղծված ԲԱՆՆ էլ մատնված է անբանության: Աշխարհակալության, այսինքն` ուժեղ պետության մեր երազանքը ծիծաղելի է, քանի դեռ մենք խորությամբ չենք ընկալել հայերեն առաջին նախադասության պատգամը:
Գիտությունը, գրականությունը, արվեստը, մշակույթը, քաղաքաշինությունը, օրինականությունը, Քրիստոնեությունը, տնտեսությունը, կրթությունը, իմաստությունը պետք է դառնան մեր ամենօրյա ջանքերի առարկան, որովհետեւ հենց այս ամենը` իմաստությունն ու խրատը, հանճարների բանն է, որ մարդուն հնարավորություն է տալիս արմատ գցել սեփական հողում եւ ծաղկեցնել սեփական ինքնությունը: Այսօրվա Հայաստանը ԲԱՆ չունի տալու սեփական քաղաքացուն եւ հաց չունի տալու սեփական քաղաքացուն, ընթերցող չունի տալու սեփական գրողին, ասպարեզ չունի տալու սեփական գիտնականին, կրթություն չունի տալու սեփական մանուկին, ազատություն չունի տալու սեփական քաղաքացուն, իրավունք չունի տալու սեփական քաղաքացուն: Այսօրվա Հայաստանը շատ է նման այն Հայաստաններին, որ եղել են, բայց չկան, որովհետեւ տանուլ են տվել ԲԱՆ-ի ասպարեզում, որովհետեւ ունեցել են անիմաստասեր իշխաններ ու թագավորներ, տխմար եւ ինքնահավան ուսուցիչներ, կեղծավոր եւ ցուցամոլ կրոնավորներ, սովորելու մեջ ծույլ աշակերտներ, ամբարտավան եւ մեծախոս ժողովրդականներ: Այսօրվա Հայաստանի վրա էլ որպես փրկության աղոթք է հնչում սբ. Մեսրոպի ուղերձը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Նիկոլ Փաշինյան
«Արթիկ» ՔԿՀ մենախուց, 28.01.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,