> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՎ ԷԼԻ ԱՅԴ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ…

ԵՎ ԷԼԻ ԱՅԴ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՄԱՍԻՆ…

Ժամանակակից աշխարհում հաճախ ենք լսում, որ Մարդը բարձրագույն արժեք է: Կարելի է նույնիսկ ասել, որ Մարդը ժամանակակից աշխարհում հռչակվել է որպես հիմնական գաղափարախոսություն: Այդպես է նաեւ Հայաստանում, որի Սահմանադրության մեջ ընդգծված է, որ Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքներն ու ազատությունները բարձրագույն արժեք են: Բայց եթե ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու համար ընթերցես իր երկրի Սահմանադրության 3-րդ հոդվածը, որտեղ գրված է այդ մասին, այդ քաղաքացին ահա, կծիծաղի քեզ վրա: Եւ ճիշտ կանի, որովհետեւ այսօր դե ֆակտո հաստատված հայաստանյան արժեհամակարգում Մարդը տեղ չունի ոչ միայն հիմնական սանդղակում, այլեւ նույնիսկ հավելվածում: Եւ սա է այն հրեշավոր թյուրիմացությունը, որ մեր երկրին թույլ չի տալիս զարգանալ: Հայաստանում քաղաքական, տնտեսական, իրավական որոշումները կայացվում են ոչ թե հանուն, այլ ի հեճուկս Մարդու: Եւ այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, հետեւողականորեն շարժվում է ինքնաոչնչացման ակնհայտ ճանապարհով:
Այսօր Հայաստանում ով ասես ճամարտակում է համակարգային բարեփոխումների մասին, մինչդեռ երկրին ընդամենը մեկ կետանոց բարեփոխում է անհրաժեշտ. բոլոր որոշումները պետք է կայացվեն ոչ թե ի հեճուկս, այլ հանուն Մարդու: Հանուն ՀՀ քաղաքացու: Բայց որպեսզի մենք հերթական անգամ չտրվենք ճոռոմաբանությանն ու մոլորություններին, նախ պետք է ճշտենք, թե ով է այդ Մարդը, որովհետեւ Միշիկը նույնպես` Սերժ Սարգսյանի փեսան, մարդ է, եւ շատ որոշումներ կայացվում են հանուն նրա: Կամ` Նեմեց Ռուբոն, Թոխմախի Իզուրը:
Մեր ասած Մարդը, սակայն, պայմանական կերպար է, բայց` իրական: Նա ապրում է Հայաստանում: Նա Հայաստանի Հանրապետության ամենակարեւոր քաղաքացին է, բայց նրա անունը եւ կոնկրետ հասցեն ոչ ոք չգիտի: Նրան հնարավոր չէ տարբերակել ՀՀ այլ քաղաքացիներից:
Բայց` Հայաստանի Հանրապետության ճակատագիրը այդ մեկ Մարդու ճակատագրից է կախված: Ինչպիսին այդ Մարդու վիճակն է, նույնպիսի վիճակում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, եւ եթե նա հանկարծ որոշի հեռանալ Հայաստանից եւ հեռանա, դա կնշանակի Հայաստանի Հանրապետության գոյության ավարտ: Սա, ըստ էության, խաղ է, էքսպերիմենտ, եւ այս փորձարկման միջոցով ուզում եմ ընթերցողին ներկայացնել այդքան թմբկահարվող համակարգային փոփոխությունների մասին իմ պատկերացումները:
Եւ ահա` Հայաստանի Հանրապետության նախագահի (չկարծեք, թե Սերժ Սարգսյանին նկատի ունեմ, նկատի ունեմ իսկական նախագահին, որը ընտրված կլինի ժողովրդի կողմից) աշխատասենյակում պետք է հայտնվի Մարդու արձանիկը, եւ ամեն օր աշխատանքի գալով` նախագահը պետք է իմանա, գիտակցի, որ իր միակ առաքելությունը Մարդու ֆինանսական, տնտեսական, բարոյական, հոգեբանական, առողջական, կրթական, քաղաքական, իրավական, քաղաքացիական վիճակը բարելավելն է, նրա անվտանգությունն ապահովելը: Այստեղ է, որ գերկարեւորություն է ստանում Մարդու ինկոգնիտո, անհայտ լինելը: Ոչ ոք չի կարողանա նույնականացնել նրան, իմանալ, թե ով է նա: Այսինքն` նախագահը չի կարողանա նրան իր մոտ կանչել, շաքարի ներկրման բիզնեսը նրան շնորհել ու այդպիսով հարցը փակված համարել: Բայց չմոռանաք, եթե այդ Մարդը որոշի լքել Հայաստանը, ուրեմն Հայաստանը կործանվում է, եթե այդ Մարդը թույլ է, խեղճ է ու աղքատ, ուրեմն` թույլ է, խեղճ է ու աղքատ նաեւ Հայաստանը: Եթե այդ մարդը բարեկեցիկ է, պաշտպանված ու երջանիկ, ուրեմն այդպիսին է նաեւ Հայաստանը: Սա է խաղի իմաստը. նախագահը Մարդու վիճակի վրա ազդեցություն կարող է ունենալ միայն իր լիազորությունների շրջանակում կայացրած որոշումների բերումով, այնքանով, որքանով այդ որոշումները կազդեն Մարդու վիճակի վրա, այնպես, ինչպես ազդում են բազմաթիվ հայաստանցիների վրա: Իրավիճակի նման ընկալման պարագայում նախագահի անելիքը չափազանց պարզ կլինի:
Որպեսզի Մարդը շարունակի ապրել Հայաստանում, նա պետք է աշխատանք ունենա:
Նրա աշխատավարձը պետք է հնարավորինս բարձր լինի, որ նա կարողանա ապահովել սեփական բարեկեցությունը:
Բայց խնդիրը միայն նրա անձնական բարեկեցությունը չէ, քանի որ հենց նրա բարեկեցությունից է կախված մնացած բոլորի բարեկեցությունը.
Այսպես` գյուղացու վիճակը կախված կլինի նրանից, թե Մարդը ինչ պարբերականությամբ կգնա շուկա:
Նկարչի վիճակը կախված կլինի նրանից, թե Մարդը կգնի՞ նրա նկարած նկարները, թե՞ ոչ:
Դերձակի վիճակը կախված կլինի նրանից, թե Մարդը ինչ պարբերականությամբ նրա մոտ հագուստ կպատվիրի:
Հացթուխի վիճակը կախված կլինի նրանից, թե օրական քանի հաց կգնի իրենից Մարդը եւ այսպես շարունակ: էջ 1
Բայց այստեղ խնդիրը ոչ միայն Մարդու կատարած առեւտրի հաճախականությունն է, այլեւ ծավալը: Այսինքն` գյուղացու, նկարչի, դերձակի, հացթուխի բարեկեցությունը կախված է ոչ միայն Մարդու նյութական ապահովվածությունից, այլեւ նրա ընտանիքի անդամների թվից: Սա նշանակում է, որ նախագահը պետք է Մարդուն ոչ միայն ընտանիք կազմելու, այլեւ հնարավորինս շատ երեխաներ ունենալու ազդակներ հաղորդի, վստահություն ներշնչի նրան այս մասին մտածելիս: Երեխաների թվի մեծությունը ոչ միայն կխթանի գյուղատնտեսության, արվեստի, արհեստի, սննդի արտադրության զարգացումը, այլեւ կբարձրացնի երկրի պաշտպանունակությունը, որովհետեւ մեկի փոխարեն երկու տղա կուղարկի Մարդը բանակ: Նրա աղջիկներն էլ, որ մեկի փոխարեն երկուսն են, կրկնակի անգամ ավելի շատ ընտանիքի սյուն կդառնան եւ կրկնակի անգամ ավելի շատ երեխաներ կունենան: Այդ կրկնակի շատ երեխաները կրկնակի անգամ ավելի շատ կխթանեն գյուղատնտեսության, արվեստի, արհեստի, սննդի արտադրության զարգացումը: Կրկնակի ավելի տղաներ կլինեն զորակոչային տարիքի:
Բայց. որպեսզի Մարդը, այնուամենայնիվ, որոշի շատ երեխաներ ունենալ, նրան անհրաժեշտ է վստահություն, որ այդ երեխաները անհրաժեշտ են Հայրենիքին եւ իր համար նրանք կլինեն երջանկության, եւ ոչ թե դժբախտության պատճառ: Այսինքն` Մարդը ինչ-որ չափի, 50+1 % վստահություն պետք է ունենա, որ իր դուստրերը ընտանիքի մայր կդառնան, եւ ոչ թե կմնան փողոցի հույսին:
Տղաները կվերադառնան բանակից: Համենայնդեպս` պետությունը ամեն ինչ կանի նման արդյունքի հասնելու համար, պայմանով, որ Մարդն էլ իր անելիքը կանի սրա համար: Նա իր որդիներին եւ դուստրերին հաղորդակից կդարձնի Քրիստոնեական բարոյականության, հայրենասիրության, օրինապահության, քաղաքավարության արժեքներին, բայց նախագահն էլ չպետք է բռնաբարության համար նախկինում դատված, բեսպրեդելի մարմնացում իր մերձավորին դարձնի հանրային §իդեալ¦ եւ կանանց դիրքն էլ հանրային սանդղակում չպիտի կախված լինի նրանից, թե ով որ օլիգարխի կամ նախարարի բոզն է:
Այս թվարկումը կարելի է անվերջ շարունակել` հասնելով նախակրթարաններին, դպրոցին, բուհին, ոստիկանությանը, տեղական ինքնակառավարման մարմիններին: Չեմ շարունակում թվարկումը, որովհետեւ դրանից էությունը չի փոխվում, եւ ընթերցողը ինքն էլ ինքնուրույն կարող է միտքը զարգացնել իր ուզած ուղղությամբ: Հասկանում եմ նաեւ, որ վերը թվարկած օրինակների մեջ երբեմն թույլ եմ տվել բացարձակացումներ: Սա չի խանգարում գործին, որովհետեւ միջին, բավարար իրականություն ունենալու համար պետք է ունենանք բացարձակ նպատակներ: Ասելիքիս կարեւորագույն իմաստն այն է, սակայն, որ Մարդը ի վերջո պետք է ոչ թե ճամարտակությունների առարկա լինի Հայաստանում, ինչպես է այսօր, այլ պետական, իշխանական ծառայության օբյեկտ, նա, ում անվտանգությանն ու բարեկեցությանն է ծառայում պետությունը, իշխանությունը:
Այսօր Հայաստանում ուղիղ հակառակ վիճակն է, եւ պետությունը, իշխանությունը ամեն ինչ անում են Մարդու կեցությունը մեր երկրում անհնար դարձնելու համար: Եւ այդ պրոցեսում իշխանությունը կարծես ասում է Մարդուն.
- Այ Մա՞րդ. էս փողոցում առեւտուր ես անում, յոլա՞ գնում: Արգելում եմ փողոցում առեւտուր անելը:
- Այ Մա՞րդ. էս վրացական համարով ավտո ես քշում քեզ լա՞վ զգում: Արգելում եմ վրացական համարով ավտո քշելը:
- Այ Մա՞րդ. էս Ամերիկայում ապրող եղբորիցդ դոլար ես ստանում ապրո՞ւմ: Արժեզրկում եմ դոլարը:
- Այ Մա՞րդ, էս բողոքո՞ւմ ես իմ գործողությունների դեմ: Արգելում եմ բողոքելը:
- Այ Մա՞րդ. էս ուզում ես օբյեկտիվ լրատվությո՞ւն ստանալ, ուզում ես ճշմարտությո՞ւնը իմանալ. արգելում եմ ազատ հեռուստաեթերը:
- Այ Մա՞րդ. էս ուզում ես լա՞վ ապրես: Ուրեմն կամ պիտի իմ ղազը դառնաս, կամ էլ ռադ եղիր Հայաստանից: Հայաստանում միայն ես, իմ բոզերն ու իմ ղազերն ենք լավ ապրելու:
Սա է, ցավոք, մեր իրականությունը: Եւ, ցավոք սրտի, մեր իրականության մեջ հենց այս արձանագրումն է պակասում. նախեւառաջ: Մտավորական-հասարակական գործիչ, իշխանամետ-ընդդիմադիր` խոսում են, խոսում, խոսում ու ոչինչ չեն ասում` բուն թեմայի մասին: Իսկ թեման մեկն է` Մարդը պետք է դառնա պետության-իշխանության ցանկացած գործողության շարժառիթ, Մարդու անվտանգությունն ու բարեկեցությունը: Հարցերի հարցն է. ինչպե՞ս հասնել նման վիճակի: Պատասխանը մեկն է. Մարդը պետք է լկամ գցի իշխանության բերանը եւ իր ձեռքը վերցնի սանձը: Ինչպե՞ս: Ինչպես ուզում է, ինչպես կարող է, որովհետեւ Մարդու կամքը օրենք է Հայաստանում, եւ իշխանությունը պետք է ծառայի այդ օրենքին: Մարդը պիտի կարողանա ստիպել իշխանությանը այդ անել: Եթե ոչ` ուրեմն Հայաստանը դատապարտված է կործանման:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց, 10.02.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,