> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԱԹԱՐ ՍԱՐՔԵՔ, ԱԹԱՐ…

ԱԹԱՐ ՍԱՐՔԵՔ, ԱԹԱՐ…

Սերժ Սարգսյանը, փաստորեն, կատարեց հանրության եւ իշխանության միջեւ առկա չհասկացվածության պատը քանդելու խոստումը: Պատը քանդված է, բայց իշխանության անվտանգության նկատառումներով անվտանգության ճաղավանդակ է կառուցված դրա փոխարեն, ինչը մեկ քայլ առաջ է նախորդի համեմատությամբ: Առաջիկայում, թերեւս, վալչոկ կբացվի ճաղավանդակի վրա. մնում է որոշել միայն, թե ո՞ր կողմից այն պետք է բացվի:
Ամեն դեպքում իշխանությունը հույս ունի, որ սոցիալական բունտ չի լինի: «Պետք չէ իջնել կանաչի ծախողի մակարդակի»,- ժողովրդին հորդորում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Դեռ մեկ տարի առաջ բնական գազի թանկացումից բողոքող քաղաքացիներին այդ նույն Բոստանջյանը ԲՀԿ-ական լուծում էր առաջարկում. «Աթար վառեք»,- խորհուրդ էր տալիս նա, թերեւս հաշված ունենալով, թե գազի թանկացումից որքան հավելյալ օգուտ կունենա իր կուսակցական բոսը եւ որքան բաժին կհասնի իրեն: Իսկ այսօր արդեն, խորհուրդ է տալիս չիջնել կանաչի վաճառողի մակարդակի: Այդ խորհուրդը նա լավ կանի իր որոշ կուսակցական ղեկավարների եւ կոալիցիոն գործընկերների ուղղի, որոնց ինտելեկտուալ մակարդակն ու դեմքի արտահայտությունը դեռ շատ պիտի եվրոբարեփոխվի կանաչի վաճառողի սանդղակին հասնելու համար: Մինչդեռ Հայաստանում քիչ չեն այնպիսիք, ովքեր կանաչի են վաճառում բարձրագույն կրթության դիպլոմը, երբեմն` նույնիսկ գիտական կոչումները գրպաններում դրած: Ի՞նչ ունի նրանց մակարդակի դեմ Վարդան Բոստանջյանը, եւ ո՞ւմ մակարդակն է նրա համար գերադասելի` կուսակցական որոշ ընկերների՞, ովքեր խոշորացույցով ոռ են ման գալիս` այդ տաքուկ տեղում տեղավորվելու համար: Ո՞վ է Վարդան Բոստանջյանի համար ավելի նախընտրելի` ճաքած էրեսով էն ջահել տղա՞ն, որին կանաչի ծախելու եւ ընտանիք պահելու հնարավորությունից զրկել է հերթական մի դուրսպրծուկ, թե՞ նորահայտ կուսակցական ընկեր Վահան Բաբայանը, որը չգիտեմ` 30 տարեկան արդեն կա՞, թե՞ ոչ, բայց արդեն հասցրել է առնվազն 6 անգամ փոխել կուսակցական պատկանելությունը` այս ընթացքում հասցնելով լինել Հայաստանի Քրիստոնյա-դեմոկրատական, «Հանրապետություն», Երիտասարդական, ՄԻԱԿ. հետո էլի` Երիտասարդական, հիմա էլ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: Սա է Վարդան Բոստանջյանի այլընտրանքը կանաչի վաճառողների մակարդակին, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ 21-րդ դարի մեկնարկին Հայաստանը դեռ չի կարողանում լուծել այնպիսի իշխանություն ունենալու խնդիրը, որի միջին վիճակագրական ներկայացուցչի համախառն մակարդակը գոնե մի քիչ բարձր լինի կանաչի վաճառողի մակարդակից: Եթե աթարագործը ամբողջ կյանքում սրան-նրան քծնելով դոկտորի կոչում է ձեռքբերել, դա դեռ չի նշանակում, թե բարոյապես դադարել է աթարագործ լինելուց:
«Արթիկ» ՔԿՀ մենախուց, 30.01.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,