> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ

ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ

Ցյուրիխյան ուրացումից, Սփյուռքի միասնական թուքումուրին արժանանալուց, ֆուտբոլային դիվանագիտության խայտառակ ձախողումից հետո Սերժ Սարգսյանը որոշել է ռեաբիլիտացվել` Հռոմի պապից ավելի սփյուռքահայամետ երեւալու ճանապարհով: Եւ ահա` սուրբ կույս Հրանուշի շուրթերով հերթական սրբատառ կոնդակն է շրջանառության մեջ դրել, թե բա երկպալատ դարձնենք զխորհրդարանս մերոյ, սփյուռքի երեւելիներին նստեցնենք պալատում վերոյ: Ծափ-ծլնգոց` մեջը զնգոց, կարճ ասած:
Էն, որ ՍՍ-ն սփյուռքահայամետ գործերի սիրահար է, պարզ էր բոլորին: Նրա գործունեության շնորհիվ սփյուռքահայերի թիվը անշեղորեն աճում է եւ վստահաբար` դեռ կաճի: Ու քանի որ «Առաջ Հայաստան» կարգախոսը ենթադրում է, որ իշխանությունը պետք է լինի սեփական ժողովրդի կողքին, ժամանակն է Հայաստանի պետական մարմինները մանրից տեղափոխել Գլենդել, որտեղ արդեն Սաշիկը շենքեր է կառուցում` թերեւս այդ նպատակների համար: Տիկին Հրանուշը հո չասա՞ց, որ Հայրենի խորհրդարանի վերին պալատը Երեւանում է գործելու: Լոսում, միմիայն Լոսում: Սա ամենեւին էլ նորություն չէ հայոց պատմության մեջ. 1918 թվականին Թիֆլիսում Հայաստանի անկախությունը հռչակած Հայ ազգային խորհուրդը առանձնապես չէր շտապում Երեւան տեղափոխվել: Խորհրդի որոշ անդամներ նույնիսկ կարծում էին, որ Վրաստանի մայրաքաղաքից շատ ավելի հեշտ կլինի կառավարել նորանկախ Հայաստանը:
Իսկ Սերժ-Հրանուշ տանդեմի հերթական կոնդակի կարեւորությունն այն է, որ այդպիսով ոչ միայն ընդունելի է համարվում Հայաստանում չբնակվելով` Հայաստանի խորհրդարանի անդամ լինելու, այսինքն` հայաստանյան կյանքը կարգավորող օրենքներ ընդունելու հնարավորությունը, այլեւ դա ներկայացվում է որպես ազգանպաստ գաղափար: Իսկ գուցե Հայաստանում գործող ընտրատարածքներն է՞լ տեղափոխենք արտերկիր. միեւնույն է, այստեղ ընտրություններ անցկացնելու պրակտիկան ոչ մի լավ բան չի բերում երկրին…
Ընթերցողը հարց կտա. իսկ ի՞նչ է, մենք դե՞մ ենք, որ Սփյուռքը մասնակցի Հայաստանի քաղաքական կյանքին: Դեմ չենք, քավ լիցի, դեմ չենք: Ուղղակի զարմանում ենք, որ ոչ ոք չի նկատում, որ Սփյուռքը վաղուց արդեն մասնակցում է, եւ այդ մասնակցությունը ամենեւին էլ ձեւական չես համարի. ո՞վ է Րաֆֆի Հովհաննիսյանը, եթե ոչ սփյուռքահայ: Իսկ Հրանտ Մարգարյանը, իսկ Վարդան Օսկանյանը. ի՞նչ է, նրանք Գեղարքունիքի մարզո՞ւմ են ծնվել-մեծացել: Մարդիկ իրենք որոշել են, որ պիտի մասնակցեն Հայաստանի քաղաքական կյանքին, մշտական բնակության են տեղափոխվել այստեղ, ընդունել են ՀՀ քաղաքացիություն եւ սրտների ուզածի չափ մասնակցում են հայաստանյան պրոցեսներին, ինչը ինքնին ողջունելի է: Սա է Սփյուռքի մասնակցության միակ հնարավոր ֆորմատը Հայաստանի քաղաքական կյանքին եւ կառավարմանը: Մնացածը եղկելի սփյուռոպոպուլիզմ է, որը սնուցում է մեր ժողովրդի դարավոր դժբախտությունը` պանդուխտի հայեցակարգին առավելություն տալով քաղաքացու հայեցակարգի նկատմամբ: Ուզո՞ւմ եք Սփյուռքը լիարժեք մասնակցի հայաստանյան կյանքին. քաղաքացիություն տվեք Ժիրայր Սեֆիլյանին, բանտից ազատ արձակեք Սարգիս Հացպանյանին:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
09.02.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. MM
    Փետրվար 25th, 2011 at 10:45 | #1

    Inch xosqer gtnem, vor qez mecarem?…DU UXAKI HRASHQ ES! NIKOL!

  2. Փետրվար 25th, 2011 at 14:39 | #2

    +1!!!!!11111111

  3. Grigorian
    Փետրվար 25th, 2011 at 19:34 | #3

    halala Nikol jan!

  4. LEVON
    Մարտ 1st, 2011 at 02:32 | #4

    1+1+1+1+1+1+1+1

  1. No trackbacks yet.