> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԵՐԿՈՒ ՈՒՐԱԽԱԼԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԿՈՒ ՈՒՐԱԽԱԼԻ ՆՈՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի` ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիները պետք է իրար շնորհավորեն կոալիցիոն նոր հայտարարություն-հուշագրի ստորագրման կապակցությամբ, որովհետեւ այն երկու նորություն է պարունակում ներքաղաքական կյանքի համար, երկուսն էլ` լավ: Առաջին նորությունն այն է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոչ թե դարձավ, այլ բացահայտեց Արթուրիկի իր էությունը, երկրորդ լավ նորությունն այն է, որ դա արեց ոչ թե ընտրություններից հետո, այլ դրանից առաջ: Համաձայնեք` ընտրություններից առաջ բացահայտված Արթուրիկը ոչ մի վտանգ չի ներկայացնում հանրության համար, այլ ընդհակառակը` օգնում է թացը չորից տարբերակել: Եթե 2008թ. նախագահական ընտրություններից առաջ եւ ոչ թե հետո հանրությունը գլխի ընկներ, որ Արթուրիկը բառիս բուն իմաստով Արթուրիկ է, հիմա երկրում բոլորովին այլ քաղաքական իրավիճակ կլիներ եւ բոլորովին այլ իշխանություն: Այսպիսով` կոալիցիոն նոր հուշագիր-հայտարարության առաջին դրական արդյունքն այն է, որ սերժանտական իշխանությանը չհաջողվեց կրկին ու կրկին լղոզել քաղաքական դաշտը, մանավանդ որ մյուս տարբերակներն էլ չաշխատեցին. նկատի ունեմ ինքնակարմրաքարտավորներին:
Բայց կարեւոր է նաեւ, որ նոր կոալիցիոն փաստաթղթով ներիշխանական պարանոյան չհաղթահարվեց. միեւնույն է` քոչարյանական եւ սարգսյանական թեւերը փոխադարձաբար գիտեն, որ հարմար պահի պատրաստ են հոշոտել միմյանց: Իսկ ո՞վ է ասել, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ն դուրս չի գալու կոալիցիայից: Քոչարյանական պլանը ի սկզբանե պարզ է. նա ուզում է 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ համամասնական ցուցակ ներկայացնել Գագիկ Ծառուկյան, Ռալֆ Յիրիկյան (վերջինս ՀՀ քաղաքացիություն ունի՞), Սիրուշո եռյակի առաջնորդությամբ, մի միլիարդի չափ փող դնել ընտրությունների վրա, սրան կգումարվի նաեւ վերը նշված եռյակի մշտնջենական ինքնագովազդը, եւ ահա ՀՀԿ-ն կմնա բորդյուրին: Սերժ Սարգսյանն էլ մտածում էր, որ եթե իրեն չհաջողվի այս պլանը կասեցնել եւ 2013-ի համար երաշխիքներ ստանալ, ուրեմն հիմա` անսպասելիորեն պետք է լուծարել խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակել` խորհրդարանական, քանի որ ժամանակն աշխատում է իր դեմ:
Իրականում, սակայն, նա բլեֆ էր անում եւ խորհրդարանը չէր լուծարի, որովհետեւ ցանկացած ընտրություն անկանխատեսելի է Հայաստանում: Բայց կոալիցիոն նոր փաստաթղթով արդյոք նա երաշխիքներ ստացա՞վ նախագահական հաջորդ ընտրությունների համար: Իհարկե ոչ: Հուշագրի տեքստից ակնհայտ է դառնում, որ Քոչարյանի ԲՀԿ-ն լսել անգամ չի ուզում Սերժ Սարգսյանի անունը, փոխարենը օգտագործում է «գործող նախագահ» արտահայտությունը: Իսկ հաջորդ նախագահական ընտրությունների շեմին «գործող նախագահ» կարող է լինել Հովիկ Աբրահամյանը. հիշեցնենք` ՀՀ Սահմանադրությամբ նախագահի հրաժարականի կամ` սատանի ականջը խուլ, մահվան դեպքում նախագահական լիազորությունները անցնում են ԱԺ նախագահին, իսկ եթե հնարավոր չէ` վարչապետին: Հենց այս կարգավիճակն է փափագում Ռոբերտ Քոչարյանը:

Հ.Գ. Այս ամենի համատեքստում կրկին պսպղաց ԱԺ փոխնախագահի` խոզի մռութի եւ խոճկորի ծնոտի մեծ մասնագետ Սամվել Նիկոյանի գլուխը: Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե ինչու ԲՀԿ-ն իր համագումարի ժամանակ չհայտարարեց Սերժ Սարգսյանին սատարելու մասին, Նիկոյանը հայտարարեց. «Համագումարը այն տեղը չէ, որտեղ հայտարարություններ են անում»: Դե իհարկե, ինչպես կարելի է նման կարեւոր հայտարարություններ անել համագումարներում: Քաղաքական հայտարարությունների համար ավելի հարմար տեղեր կան. սաունաներն, օրինակ, վետերոկները եւ բոզանոցները, բոզանոցնե՛րը` գրողը տանի:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
18.02.2011

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,


  1. Рад
    Փետրվար 23rd, 2011 at 19:20 | #1

    Du demqes Nikol djan. +1

  2. Փետրվար 25th, 2011 at 14:19 | #2

    Nikol,jes qez sirum em!!!!!!!!!!!!!!

  3. LEVON
    Մարտ 1st, 2011 at 02:34 | #3

    1+1+1+1+1+1+1+1

  1. No trackbacks yet.