ԴԱՏ ԱՐԹԻԿՈՒՄ
«Արթիկ» ՔԿՀ վարչական շենքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Եվա Դարբինյանի նախագահությամբ, սկսվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վերաքննիչ բողոքի քննարկումը: Մինչ դատական նիստի մեկնարկը Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ստորեւ ներկայացնում ենք ամբողջությամբ.
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
14.02.2011թ. «Արթիկ» ՔԿՀ, մենախուց
Իմ նկատմամբ կիրառված բանտային ապօրինությունների ցանկը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում շարունակում է համալրվել:
Շուրջ երկուսուկես ամիս զրկված եմ նամակներ ուղարկելու հնարավորությունից, իրավունք, որ երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով, ՔԿՀ-ների ներքին կանոնակարգով: Ի հեճուկս ՀՀ օրենքների, «Արթիկ» ՔԿՀ վարչակազմը հրաժարվում է ընդունել կամ ուղարկել իմ նամակները, ինչն անելը նրա ուղղակի պարտավորությունն է: Նաեւ ինձ հնարավորություն չի տրվում որեւէ փաստաթուղթ փոխանցել իմ փաստաբաններին, նույնիսկ այնպիսիք, որ կազմված են Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի հղած հարցերին ի պատասխան: Արտաքին աշխարհի հետ իմ շփումների սահմանափակումները շարունակում են ահագնանալ` ի հեճուկս ՀՀ օրենսդրության պահանջների: Այս ամենի մասին ահազանգել են զանգվածային լրատվության միջոցները, իրավապաշտպան կազմակերպություններ, իմ փաստաբանները, հարազատներս, ես` ինքս: Այդ ահազանգերի արդյունքում ապօրինությունները ոչ միայն չեն դադարել, այլեւ ավելի են ահագնացել: Սա անառարկելի ապացույցն է այն բանի, որ դրանք հրահանգավորված են Հայաստանի իշխանությունը բռնազավթած վերնախավի կողմից: Սերժանտական վարչախմբին հանգիստ չի տալիս այն միտքը, որ նույնիսկ արտառոց միջոցների գնով հնարավոր չի եղել կասեցնել իմ լրագրողական եւ քաղաքական գործունեությունը:
Աղաղակող ապօրինությունների միջոցով վարչախումբը հույս ունի ինձ ստիպել դադարեցնել լրագրողական եւ քաղաքական գործունեությունս, որպիսի պահանջը արդեն բացահայտ ներկայացվում է` փորձ անելով ինձ պարտադրել ազատություն մուրացողի կարգավիճակ:
Սույն հայտարարությամբ հարկ եմ համարում եւս մեկ անգամ փաստել ի լուր հանրության.
- ինձ պայմաններ պարտադրելու` սերժանտական իշխանության փորձերը դատապարտված են ձախողման: Իմ կյանքը դրված է հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի մղվող պայքարի զոհասեղանին: Հանուն Ճշմարտության, Ազատության, Օրինականության, Մարդու իրավունքների, Խոսքի ազատության պայքարելու եմ մինչեւ վերջ` անկախ նրանից, ազատության մեջ կլինեմ, թե բանտում:
Այս պայքարին իմ նվիրվածությունը հնարավոր չէ սասանել` որեւէ սպառնալիքի կամ ապօրինության ներքո: Ինձ հնարավոր չէ լռեցնել, ինձ հնարավոր չէ կասեցնել…
Մեր պայքարը անկասելի է, մեր Հաղթանակը անխուսափելի է:
Հայաստանի բոլոր քաղաքացիներին կոչ եմ անում հանուն սեփական իրավունքների, արժանապատվության եւ բարեկեցության պայքարել անզիջում, պայքարել մինչեւ վերջ:
Եւ ուրեմն` Կեցցե Ազատությունը,
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














AZATUTYAN DU ZINVOR KAMIS GRVEL AYN ORIC(2008PETRVAR)..KECCE NIKOL@!!!!
1+1+1+1+1+1+1+1