> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՂԱՐԱԲԱՂ ԴԱՐՁԱԾ ԻՄ ԷՐԵԲՈՒՆԻ

ՂԱՐԱԲԱՂ ԴԱՐՁԱԾ ԻՄ ԷՐԵԲՈՒՆԻ

«Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, ի տարբերություն վերջին մի քանի տարիների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դասել է անազատ երկրների շարքում:
Հայաստանցի փորձագետների մի մասը ափսոսանք է հայտնում, որ Ղարաբաղը կորցրել է իր առավելությունը Ադրբեջանի նկատմամբ` ազատության ռեյտինգում: Մյուս մասն էլ զարհուրելի անարդարություն է համարում, որ ԼՂՀ-ին կիսաազատների խմբից տեղափոխել են անազատների խումբ. իբր չէր կարելի այդպես վարվել Լեռնային Ղարաբաղի պես կուկլա պետության հետ:
Ինչ խոսք` Ղարաբաղը որպես հայրենիք, որպես Հայաստան, սրբություն է մեզնից յուրաքանչյուրի համար: Բայց սա չի նշանակում, թե սրբություն է նաեւ այնտեղ հաստատված քաղաքական ռեժիմը: Եւ, ի վերջո, եկեք դադարենք կեղծել ինքներս մեր մասին խոսելիս: Գուցե, իսկապես, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, նույնիսկ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը քաղաքական առումով մեղմ, կիսաազատ դեմքեր են: Բայց սա` թերեւս այն պատճառով, որ Ղարաբաղում ընդդիմացման, այլակարծության ոչ մի դրսեւորում չկա: Էն, որ Հայաստանը կիսաազատ երկիր է համարվում «Freedom Hous»-ի սանդղակում, հասկանալի է ինչ-որ տեղ. Հայաստանում քաղաքական ընդդիմություն կա, իշխանության համար ոչ վերահսկելի մի քանի թերթեր, ինտերնետային էջեր, հասարակական կազմակերպություններ: Ղարաբաղում որեւէ այլընտրանք, այլ կարծիք գոյություն չունի: Վերջին այդպիսի դրսեւորումը ղարաբաղյան պատերազմի վետերան, դաշնակցական, պատգամավորի թեկնածու Պավել Մանուկյանի ելույթն է եղել ԼՂՀ նախորդ խորհրդարանական ընտրություններում, բայց ԼՂՀ այն ժամանակվա ՊՆախարար Սեյրան Օհանյանը, մի խումբ գեներալների օգնությամբ, Պավլիկին սամասուդ արեց սեփական կաբինետում: Սրանից հետո Ղարաբաղում վերջնականապես հաստատվեց «ազգային համաձայնության գաղջ մթնոլորտը»: Իսկ այդ նույն Սեյրան Օհանյանը Հայաստանում դարձել է պուպուշ նախարար, որովհետեւ Հայաստանում թերթեր կան դեռեւս, որոնք թքած ունեն, թե նա քանի աստղ ունի պագոնների վրա: Ու ոչ միայն նա: Իսկ Ղարաբաղում նման թերթեր չկան: Իշխանությունն ուզում է, որ Հայաստանում էլ չլինեն:
Եւ ընդհակառակը, Ռալֆ Յիրիկյանը, որ Հայաստանում պուպուշագույն մի երեւույթ է, գիշեր- ցերեկ տեսախցիկների ուղեկցությամբ ձեռնափայտով տատիկ է ման գալիս` փողոցն անցկացնելու համար, Ղարաբաղում մոնոպոլիստ է, որ գրուզիտ է անում բաժանորդներին: Եւ մեղմացման ինչ-որ քայլեր է ձեռնարկում, երբ Հայաստանյան մամուլը բացահայտում է այս հասկանալի փաստը:
Այսպես, ահա, ոչ մի զարմանալի բան չկա, որ Ղարաբաղը համարվել է անազատ երկիր, զարմանալին այն էր, որ համարվում էր կիսաազատ:
Իսկ ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, ինչպես միշտ, հանդես է գալիս Քաջ Անդրանիկի դերում: Ասում է, որ ինքը հետեւել է նախորդ տարի ԼՂՀ-ում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքին եւ կարող է ասել, որ դրանք օրինակելի էին… նաեւ Հայաստանի համար: Սաֆարյանն ու իր ղեկավարները դեմ չէին լինի, եթե Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկում չորս կուսակցության անուն լիներ` ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ: Գիտե՞ք ինչ օրինակելի ընտրություններ կլինեին: ՀՀ քաղաքացին իրավունք կունենար ազատորեն ընտրել Սերժի, Ռոբերտի, Ռոբերտի եւ Սերժի միջեւ: Ազատորեն, գրողը տանի:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց»

16.01.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,