> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎՐՈԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԵՎՐՈԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Շարունակելով Եվրոպա-Բելառուս, Եվրոպա-Հայաստան զուգահեռների թեման չեմ կարող չնկատել մի կարեւոր հանգամանք: Եվրոպա-Հայաստան համագործակցության լավագույն օրինակ են համարվում արդարադատության եւ հատկապես քրեակատարողական համակարգի բարեփոխումները: Համենայդեպս` եվրոպացի, հայաստանցի հայտնի շրջանակները մի այնպիսի տոնով են գլուխ գովում այս առիթով, կարծես սարեր են շուռ տվել: Իսկ ի՞նչն են բարեփոխել, ինչպե՞ս եւ ինչ են ստացել արդյունքում: Զիբիլ, կատարյալ զիբիլ: Խոսքս տվյալ դեպքում քրեակատարողական համակարգի մասին է: Հա, ինչ խոսք, մի կիսատանելի Քրեակատարողական օրենսգիրք են ընդունել: Եվ ի՞նչ: Ո՞ւմ է պետք այդ օրենքը: Ես ինքս, որ Քրեակատարողական օրենսգրքի իմաստով այսօր դատապարտյալի կարգավիճակում եմ, արդեն մեկուկես ամիս զրկված եմ ամենապրիմիտիվ` նամակագրության իրավունքից, չնայած` թե Քրեակատարողական օրենսգիրքը եւ թե մնացած օրենսգրքերը երաշխավորում են այդ իրավունքը` առանց սահմանափակման: Այս օրինակը լավագույնս է բնորոշում Եվրոպա-Հայաստան համագործակցության արդյունավետությունը: Դա դատարկ, ամուլ, անօգտակար մի պրոցես է, որի նպատակները բացառապես աշխարհաքաղաքական են եւ կապ չունեն ժողովրդավարության, Մարդու իրավունքների եւ այս կարգի հիմնարար այլ արժեքների հետ: Ի դեպ, քրեակատարողական ոլորտը այս իմաստով ամենեւին էլ բացառություն չէ: Հետեւեք Ընտրական օրենսգրքի վենետիկյան փոփոխություններին եւ Հայաստանում անցկացվող ընտրությունների որակին, կոռուպցիայի դեմ պայքարի հայ-եվրոպական ճամարտակություններին եւ կոռուպցիայի վիճակին, ԵԽԽՎ` Հայաստանին վերաբերող բանաձեւերին, որոնց ընդունմանը «կողմ» է քվեարկել նաեւ Հայաստանի պատվիրակությունը, եւ դրանց կատարման ընթացքին, եւ պատկերն ավելի ամբողջական կդառնա:
Իսկ ի՞նչ կապ ունի վերը շարադրվածի հետ Բելառուսը: Կապը գուցե եւ ուղղակի չէ ու մի քիչ էլ սուբյեկտիվ: Բայց ընթերցողի հետ չեմ կարող չկիսել իմ ունեցած տեղեկությունները: Քրեակատարողական հիմնարկներում մի քանի դատապարտյալների եմ հանդիպել, ովքեր պատիժ են կրել Բելառուսի բանտերում: Նրանց պատմածները բելառուսական ՔԿՀ-ների մասին ցնցել են ինձ: Համեմատության եզրեր հայաստանյան ՔԿՀ-ների հետ ուղղակի չկան` մասնավորապես կենցաղային պայմանների եւ մի շարք իրավունքների ապահովման առումով: Հայաստանյան ՔԿՀ-ները բելառուսականների հետ համեմատ, նույնիսկ գոմ համարել չի կարելի: Եթե, իհարկե, ինձ ճիշտ են պատմել, իսկ պատմողները խաբելու ոչ մի պատճառ չունեին:
Ո՞րն է այս ամենի եզրակացությունը. Բելառուսը դասական բռնապետություն է, Լուկաշենկոն` սովորական բռնապետ, որն ինքն իրեն համարում է բռնապետ, բայց հարգում է ինքն իր բռնապետությունը: Հայաստանում հաստատված է ավազակապետություն, որը ճամարտակում է ժողովրդավարության, Մարդու իրավունքների, ազատությունների մասին: Իրականում, սակայն, շատ ավելի եղկելի է իր բնույթով ու բովանդակությամբ, որովհետեւ, ի տարբերություն Բելառուսի, սեփական էությունը խոստովանելու ուժ եւ համարձակություն չունի: Սրա համար գուցե թե օբյեկտիվ պատճառներ կան. բելառուսական բռնապետությունը ֆինանսավորում է Բելառուսը, հայկական բռնապետությունը, գոնե մասամբ, ֆինանսավորում է Եվրոպան: Մասամբ էլ Ամերիկան: Բելառուսը կառուցում է միջազգային ստանդարտներին համապատասխանող բանտեր եւ դա անում է ոչ թե դատապարտյալների, այլ սեփական պետության արժանապատվության սիրույն: Հայաստանը եվրոամերիկյան փողերով դատարանների շենքեր է կառուցում, որտեղ կայացվում են ինկվիզիցիային հարիր դատավճիռներ: Չմոռանանք` ինկվիզիցիան նույնպես Եվրոպական արժեք է:
Հ.Գ. Բելառուսում էլ թերեւս` քաղաքական բանտարկյալները ավելի վատ վիճակում են, քան քրեականները: Այսպես է նաեւ Հայաստանում եւ այս առումով երկու երկրներում մեծ տարբերություններ չկան: Տարբերությունները երկու երկրներին տրվող եվրոգնահատականների մեջ է:
Նիկոլ Փաշինյան
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
13.01.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,