> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԻՇՏՈՅԱՆԱ ՎԻԴԻՏ…

ԻՇՏՈՅԱՆԱ ՎԻԴԻՏ…

ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոյի երեւանյան համերգի հիշարժան դրվագներից մեկը դարձավ: Դոմինգոյի կատարումներին հաջորդող օվացիաների ժամանակ Քոչարյանը «Դե սպասիր» մուլտի գայլին էր հիշեցնում ինձ: Տպավորություն էր, թե ծափ զարկելուց առաջ 360 աստիճանով բացում է ձեռքերը` անհրաժեշտ ռազգոն հավաքելու համար: Անգամ սկսնակ հոգեբանը կասի, որ նման օվացիոն ակտիվության պատճառը ոչ թե հիացմունքն է, այլ սեփական հիացմունքը ուրիշներին ի ցույց դնելը, որ դահլիճում ներկա բազմաթիվ իշխանական ուռու գլուխները հետագայում իրենց համար անհասկանալի համերգի մասին տպավորություններ կիսելիս ասեն. «Բայց Քոչարյան Շավարշը օպերայից ուժեղ հասկընըմ ա»: Բայց շաբաթը ուրբաթից շուտ եկավ, Քոչարյանի պլանը չստացվեց, որովհետեւ պարզվեց, որ օպերայից Հայաստանում ամենաուժեղը Չոռնի Գագոն ա հասկընըմ:
Փայլուն համերգ էր, խոսք չկա: Բայց դրա հեռուստատեսային դիտման ընթացքում ինձ ուրիշ հարց էր հուզում. արդյոք համերգին մասնակցող Բարսեղ Թումանյանը որպես կատարող օբյեկտիվորեն շատ է զիջում Դոմինգոյին: Թումանյանը, համենայնդեպս այդ օրը, փայլուն հանդես եկավ, եւ ինքս ինձ հարց տվեցի. ինչու Հայաստանում երեք տենորների համերգաշարի նմանությամբ երբեք չի կազմակերպվել հայ օպերային երգիչների այդպիսի վեհաշուք համերգ: Այդ ասպարեզում իմ դիլետանտական գիտելիքները թույլ են տալիս հիշել առնվազն երեք անուն` Գեղամ Գրիգորյան, Բարսեղ Թումանյան, Հասմիկ Պապյան (վերջերս էլ լսեցի Վազգեն անունով մի հայ օպերային երգչի մասին, որը բազմաթիվ դերերգեր ունի եվրոպական օպերաներում), ովքեր կարող էին փայլուն հանդես գալ ցանկացած հանդիսատեսի առաջ, էլ ուր մնաց` հայաստանյան:
Ինչո՞ւ ուրեմն Հայաստանում չի կազմակերպվել նման համերգ, եւ ինչպե՞ս է Հայաստանում կազմակերպվել Դոմինգոյի համերգը: Իշխանությունը ջանք է գործադրել, մեծ փողեր ծախսել, որովհետեւ Դոմինգոյի համերգը պետք է եղել իշխանությանը որպես PR գործիք: Սա Յան Գիլան, Էմիր Կուստուրիցա, Ջո Կոկեր շարքի PR ակցիա է` բացառապես քաղաքական նպատակներով, որի խնդիրն է ցուցանել, որ Սերժ Սարգսյանը Հայաստանն այնպիսի մի երկիր է դարձրել, որ մշակութային գիգանտները իրար գլուխ են ջարդում այստեղ հանդես գալու համար: Ռ. Քոչարյանը Հայաստանը դարձրեց կովկասյան Սինգապուր, Սերժ Սարգսյանն էլ` կովկասյան Ֆլորենցիա, Միլան, Փարիզ, Լոնդոն: Բոլորը մեկում: Ահա այսօրինակ PR սխեմա իրականացնելու համար իշխանությունը տասնյակ միլիոններ է ծախսում: Դոլար, եվրո:
Պլաչիդո Դոմինգոն բրենդ է, եւ իշխանությունը այդ բրենդը օգտագործում է ինքն իրեն լեգիտիմ երեսով օժտելու համար: Բայց եթե «Մերսեդես- Բենցը» Հայաստանում ներկայացուցչություն ունի, դա դեռ չի նշանակում, որ Հայաստանը տնտեսապես ուժեղ երկիր է: Պլաչիդո Դոմինգոյի երեւանյան համերգը հերթական կեղծիքն է, որ աղավաղում է Հայաստանի, հայաստանյան մշակույթի իրական ընթացիկ պատկերը: Իսկ իրականությունն այն է, որ եթե Պլաչիդո Դոմինգոն Հայաստանում ծնվեր, Պլաչիդո Դոմինգո չէր դառնա: Հայաստանը ի վիճակի չէ Պլաչիդո Դոմինգո ստեղծել. չնայած այստեղ էլ ծնվում են օպերային բեմի պոտենցիալ տիտաններ: Գեղամ Գրիգորյանն ու Բարսեղ Թումանյանը դրա ապացույցն են: Բայց նրանց անունը գոնե Հայաստանի ներսում նույնքան հնչեղ դարձնելու մասին ոչ ոք չի մտածում, որովհետեւ նման նպատակներով քաղաքական աչոկներ չես հավաքի: Համենայդեպս` ոչ այնքան, եւ ոչ հիմա: Իսկ քյարթուների ասացվածքն ասում է` նաղդ xxxx-ը նիսյա կալբասից լավ ա:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
17.01.2011

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. LEVON
    Փետրվար 10th, 2011 at 01:43 | #1

    1+1+1+1+1+1+1+1

  2. Փետրվար 12th, 2011 at 11:41 | #2

    1+1+1+1+1+1+1+1+1+1+1

  3. MM
    Փետրվար 14th, 2011 at 01:54 | #3

    Mi ditoxutyun, Nikol jan, Mshakuytayin gigantner@ ogtagorcvum en irar glux jardelu hamar…(zororinak-Chorni Gagon)

  4. Նարեկ
    Հունիս 17th, 2011 at 02:25 | #4

    Նիկոլ ջան, ազատության աննկուն մարտիկ, նախ թույլ տուր ողջունեմ քեզ: Հուսով եմ, որ չնայած բազմազբաղ լինելուդ` կկարդաս երկարաշունչ մեկնաբանությունս: Կփորձեմ դիտարկումներս ներկայացնել սույն հոդվածի կապակցությամբ: Կիսում եմ կարծիքդ, որ աշխարհահռչակ տենոր Դոմինգոյի համերգը որևէ երաժշտական խնդիր չէր հետապնդում, այլ ընդամենը քաղաքական, կամ քո նշած PR ակցիա էր: Նախ ուզում եմ իրազեկել, որ Հայաստանից առաջ Դոմինգոն արդեն համերգային կատարումներով հանդես էր եկել Վրաստանում և Ադրբեջանում:
    Եվ իշխանական էլիտայի գավառական մտածողության արդյունքում, այն է <> հայտնվեց նաև Հայաստանում: Չգիտեմ Ադրբեջանում ինչ էր ասել, բայց այստեղ համեգից առաջ եվրոյոնջաների դիվանագիտական լեզվով նշել էր, թե Ափսոս, որ այսքան տարի անցավ, եւ այսքան երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ես հասնեմ Հայաստան…(էստեղ մտքումս ասեցի փողին մուննաթ):
    Մի երկու խոսք ԱԺ-ում Դոմինգոյի ասուլիսից ու Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից առաջ Աժ-ի բակում կայացած դիմավորման արարողության մասին: Ցավոք, Նիկոլ ջան, դու այդ ժամանակ դեռ կալանավայրում էիր և հնարավոր է մանրամասներին տեղյակ չես: Եվ ուրեմն դիմավորման արարողության ժամանակ ԱԺ-ի բակում Դոմինգոյի առջև ելույթ ունեցավ <> հաշմանդամների կամերային երգչախումբը: Ես գլուխ եմ խոնարհում վերոնշյալ երգչախմբի անդամների առջև և հիանում նրանց տոկունությամբ, նրանց անհուն սիրով դեպի դասական երաժշտարվեստը, բայց մյուս կողմից, հերիք չէ մենք արտասահմանցիներին փորձենք միայն հուզել, կամ խղճահարություն առաջացնել? Ամբողջ մամուլը այդ օրերին լցված էր այդ արտահայտությամբ, Դոմինգոն հուզվեց, երևի այդ մարդուն հրավիրել էինք, որ լացացնեինք ու տուն ուղարկեինք:
    Կարծում եմ ազատ և երջանիկ, ինչպես նաև հպարտ Հայաստանում մենք մեր արտասահմանցի հյուրերին պետք է միայն ու միայն փորձենք տպավորել,ապշեցնել,զարմացնել, բառիս վեհ իմաստով և ոչ երբեք խղճահարություն առաջացնել: Եվ հետո, ում է պետք այդ իբրև ուշադրությունը <> հաշմանդամների կամերային երգչախմբի նկատմամբ, երբ վստահաբար կարելի է ասել, որ համերգից հետո մոռացել են անգամ նրանց գոյության մասին և մեկ էլ կհիշեն, ասենք, Կարերասի ժամանելուց… Հաջորդ դրվագը, որին ցանկանում եմ անդրադառնալ` համերգի ֆինանսական կողմն է: Ըստ տարբեր գնահատականների` Դոմինգոյի հոնորարը և ընդհանուր, համերգային այլ ծախսերը մոտավոր կազմել են 5 հարյուր հազարից մինչև 5 միլիոն ԱՄՆ դոլար: Վերցնենք ամենափոքր թիվը, 5 հարյուր հազար դոլար և փորձենք հասկանալ ինչպես կարելի էր ավելի նպատակային ծախսել այդ գումարը: Չեմ ուզում ավելի հեռուն գնացող գնահատականներ տալ և ասել, եթե Գյումրիում 23 տարի առաջ տեղի ունեցած երկրաշարժից հետո դեռ անօթևան ընտանիքներ կան…և այլն: Համարենք այդ գումարը պետք է ծախսվեր մշակույթի, ավելի կոնկրետ` դասական երաժշտության ասպարեզում: Եվ ուրեմն, այդ գումարով հնարավոր էր մինիմում 5 տարի ֆինանսավորել որևէ կամերային երգչախումբ կամ նվագախումբ, որտեղ երաժիշտները կստանային մոտավորապես 120-130 հազար դրամ աշխատավարձ: Չեմ ցանկանում կոնկրետ կոլեկտիվների անուններ տալ,որպիսզի չդիտվի որպես գովազդ, բայց այսօր կան բարձրակարգ նվագախմբեր և երգչախմբեր, որոնք պետական հոգածությունից զուրկ են և կամ մի կերպ, էնտուզիազմի և երաժիշտների նվիրվածության շնորհիվ գոյատևում են, կամ արդեն դադարեցրել են իրենց գործունեությունը, իսկ լավագույն երաժիշտներն էլ բռնել արտագաղթի ճանապարհը: Եվ այսպես, ստացվեց, որ գավառական էլիտայի մեկ օրվա քմահաճույքի արդյունքում` մի որևէ երաժշտական կոլեկտիվ զրկվեց մի քանի տարի սեփական երկրում ապրելու և արարելու հնարավորությունից… Եվ ամենասարսափելին այն է, որ որոշ մշակութային գործիչներ, որոնց կազմակերպած, բազմապիսի հովանիների ներքո անցկացվող փառատոների շրջանակներում էլ մեծահամբավ երաժիշտները գալիս են Հայաստան` այստեղ այնտեղ գլուխ են գովում, թե սրան բերեցինք, նրան բերեցինք, երևի թե չհասկանալով, որ մինչ որևէ մեկին մեծ հոնորարներով <>, նույնժամ Հայաստանը լքում են տեղի լավագույն կադրերը…

    p.s.1
    Նիկոլ ջան, թույլ տուր հայտնեմ մի քանի եղբայրական դիտողություն կամ վերապահում` տվյալ հոդվածի հետ կապված: Քո դիլետանտական գիտելիքները փոքր ինչ կաղում են տվյալ պարագայում: Փոքր ինչ մասնագիտական հայացքով նայելու դեպքում` դժվար է փայլուն որակել Գագիկ Բեգլարյանի համար հիշարժան այդ համերգը,(եթե իհարկե ի նկատի չունեիր միայն Դոմինգոյի կատարումը) քանի որ Դոմինգոն իր հետ բերել էր բավականին ցածրակարգ դիրիժորի,Իսրայել Գուրսկուն, որի թերևս միակ արժանիքն այն էր(եթե իհարկե դա կարելի է արժանիք համարել),որ նրան բերել էր Դոմինգոն… Եվ հետո, չնայած ես շատ եմ համակրում Բարսեղ Թումանյան հայի տեսակը, նրա արվեստը (ի դեպ նաև հրաշալի նկարների հեղինակ է)բայց այդքան էլ տեղին չէ համեմատությունդ, թեկուզ այն պատճառով, որ բաս-ին մի քիչ սխալ է համեմատել դրամատիկ տենորի հետ :-)

    p.s.2
    Ինչ վերաբերվում է բաս Վազգեն Ղազարյանին` ունենք ավելի տաղանդավոր դասական երգիչներ…

  1. No trackbacks yet.