> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԱԽԱՐԱՐ ԴԱՐՁԱ՞Ր, ՍԵՐԳՈ ՋԱՆ…

ՆԱԽԱՐԱՐ ԴԱՐՁԱ՞Ր, ՍԵՐԳՈ ՋԱՆ…

Սերգո ԿարապետյանԳյուղատնտեսության նորանշանակ նախարար Սերգո Կարապետյանի արտասանած ճառերը` նախարարական առաջին աշխատանքային օրվա առաջին ժամերին, շատ էին հիշեցնում Իլֆի եւ Պետրովի հռչակավոր հերոս Շուրա Բալագանովի դամբանականը` Պանիկովսկու շիրիմի վրա: Չէ, խնդիրն այն չէ, թե Գյուղատնտեսության նախարարությունում ինչ-որ մեկը մահացել էր: Պարզապես` ինչպես Բալագանովի ճառը կապ չուներ հանգուցյալ Պանիկովսկու հետ` «Միջազգային իրադրությունը, մեր պատասխանը Չեմբեռլենին, հարաբերությունը»,- այնպես էլ նախարար Կարապետյանի նախարարամուտի խոսքերը կապ չունեին գյուղնախարարությունում ստեղծված վիճակի հետ: Մասնավորապես, ասվում է, որ նախկին նախարար Գերասիմ Ալավերդյանը պաշտոնանկ է արվել 2010թ. ընթացքում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աննախադեպ անկման պատճառով: Հարցն այն է, ահա, որ նոր նախարարի ոչ խոսքը, ոչ էլ` առավելեւս դեմքի արտահայտությունը հայ հանրությանը վստահություն չներշնչեցին, թե նա որեւէ բան գիտի գյուղոլորտի անկման պատճառների մասին եւ առավելեւս` թե նա պատկերացում ունի` ինչ պետք է անել իրավիճակը հաղթահարելու համար: Փոխարենը նորանշանակ նախարարը չկարողացավ խուսափել այն տխմար պաթոսից, որը Հայաստանում ուղեկցում է ցանկացած նորանշանակ բարձրաստիճանի. նախագահի ցավը տանեմ (Սերժին նկատի ունեն), վարչապետ ջան` մեռնեմ կյանքիդ, ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է, հասնենք Սասուն, մտնինք Վան` Մուշ, Ալաշկերտ, Արդահան, կադրային ջարդ (Երեւանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը նույնիսկ ասաց` կադրային ցեղասպանություն) չի լինելու, բայց ես ունեմ իմ,- հո, հո, հո,- պահանջները, եւ ովքեր այդ պահանջներին (թե՞ պահանջները) չկարողանան բավարարել` չեն աշխատի, իսկ ովքեր բավարարեն այդ յուրօրինակ պահանջները, որոնք հասկանալիորեն տարբերվում են նախկին նախարարի (կամ քաղաքապետի) պահանջներից, այլապես հարցը հատուկ շեշտելու անհրաժեշտություն չէր լինի,- ահա սրանց հետ նոր նախարարը կաշխատի, կչարչարվի, կքրտնի` վասն հայրենյաց: Նորանշանակաց այս տեքստերին, թերեւս, մնում է ավելացնել. դասիս ֆանտաստիշ: Սերգո Կարապետյանը, ի դեպ, միակը չի լինի Հայաստանում, որ նախարարական պորտֆել ստանալով` կամ չի իմանա, կամ չի կարողանա անել այն, ինչն իրական առաջընթացի կհասցնի ղեկավարած ոլորտը: Հայաստանում նման վիճակում բոլոր նախարարներն ու պաշտոնյաներն են, որոնց հիմնական դերակատարումը արտասահմանից եկած օգնությունը վերեւների ասած ձեւով բաշխելն է, փողով-մողով մարդկանց գործի նշանակել-ազատելը, մրցույթներում սեփական ախպերությանը հաղթող ճանաչելը, երեխա-թոռներին ինիստիտուտ-բան ընդունել տալը, եւ բազում եւ բազմազան անվճար հյուրասիրությունների մասնակցելը եւ սեփական հասցեին անհամեստ-գովասանական կենացներ լսելը: Իսկ մինչ այդ` Հայաստանի ժողովուրդը չի կարողանում բավարարել կարենկարապետյանների, սերգոկարապետյանների պահանջները եւ արտագաղթում է խուճապահար` դեպի երկրներ, որտեղ աշխատում են ավելի անշնորք եւ պակաս հայրենասեր նախարարներ-բաներ: Ու թե այսպես շարունակվի, ՀՀ բնակչությունը շուտով կազմված կլինի մարդկանցից, ովքեր իրենց կյանքի ընթացքում գոնե մի քանի ամիս հասցրել են նախարար աշխատել` հատկապես «Օրինաց երկրի» քվոտայով:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
10 հունվար, 2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , ,