> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՁՎԵՐԻ ԵՎ ԲԴԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

ՁՎԵՐԻ ԵՎ ԲԴԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Երբ գալիս է դեկտեմբերի 31-ը, լրագրողական, քաղաքագիտական, ասուլիսային ամենատարածված ժանրը դառնում է նախորդ տարվա ամփոփումը: Ամփոփում ասելով, ահա, շատ դեպքերում հասկացվում է նախորդ տարվա ընթացքում տեղի ունեցած հիշարժան իրադարձությունների թվարկումը: Նույնիսկ այսպիսի տեխնիկական վերաբերմունքը ոչ մի դրական բան չի ասում «Հայաստան-2010»-ի մասին: Չնայած` մոտեցման հարց է. ոմանք, օրինակ, Չոռնի Գագոյի հրաժարականը Երեւանի քաղաքապետի պաշտոնից, պատրաստ են նշանակությամբ համեմատել Նոյի աղավնու վերադարձի հետ` ձիթենու կանաչ ճյուղը կտուցին: Բայց նույնիսկ այսպիսի համեմատություն անողները երբեւէ հանդես չեն եկել ջրհեղեղի մասին ահազանգերով: Եւ դժվար է հավատալ, որ Չոռնի Գագոյի փոխարինումը Բելի Կարենով որեւէ հարց է լուծել մեր երկրում: Հա` էն էի ասում. իսկ ինչու մենք մեր ապրած հերթական տարին չենք ամփոփում պետության ու ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման վիճակագրության հիման վրա:

2010-ի իրական իմաստը հասկանալու համար մենք ընդամենը պետք է պատասխան գտնենք մի պարզ, պրիմիտիվ, բայց եւ բովանդակալից հարցի. ի՞նչ խնդիր ուներ Հայաստանը, միջին վիճակագրական հայաստանցին 2010 թվականի հունվարի 1-ին, որ այլեւս չունի 2011 թվականի հունվարի 1-ին: Այսինքն` 2010 թվականի 365 օրերի ընթացքում ինչ պրոբլեմներ է լուծել ՀՀ կառավարությունը, ո՞ր ցավի դարմանն է գտել: Այսինքն` հայաստանյան պրոբլեմների օրակարգը քանի՞ կետով է կրճատվել, կամ 2010թ. հունվարի 1-ին առկա պրոբլեմների օրակարգի քանի՞ տոկոսն է կրճատվել: Ամփոփեք, փորձեք այսպես ամփոփել նախորդ տարին եւ կհամոզվեք, որ բովանդակ Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականի ընթացքում զբաղված է եղել մի գործողությամբ, որ բնորոշվում է մեկ բառով. օնանիզմ: Եւ ընդհանրապես, ինչո՞ւ են պաշտոնական քարոզիչները ամեն օր չարչարվում «Հայլուրի» նոր թողարկում պատրաստելու համար: Թող հաղորդումները կրկնեն ըստ սեզոնայնության: Հունվարը մեզ մոտ ավանդաբար օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների դեմ պայքարելու շրջան է: Փետրվարը` նանոտեխնոլոգիաների վերընթացի մասին խոսելու ամիս: Մարտին ինտեգրվում ենք Եվրոպային, ապրիլին լուծում հայ-թուրքական հարաբերությունները, մայիսին փնթփնթում ծիրանի բերքի ոչ այնքան առատ լինելու մասին, հունիսին խոստանում, որ հաջորդ տարի ավելի լավ կլինի, հուլիսին սկսում արշավ Անթալիայում չհանգստանալու ուղղությամբ, օգոստոսին բողոքում Սեւանի դոմիկների կանարյան գներից, սեպտեմբերին զարկ ենք տալիս հայեցի դաստիարակությանը, հոկտեմբերը կյանքի որակի եւ մեկ պատուհանի ամիս է, նոյեմբերին խորը շունչ ենք քաշում, որ Ղարաբաղը, ի հեճուկս սպասումների, էլի չծախեցին, դե, դեկտեմբերին էլ ազգովի հաշվում ենք սեփական ձվերը: Ու գալիս է հունվարը, որը մեզ մոտ ավանդաբար օլիգոպոլիաների եւ մոնոպոլիաների դեմ պայքարելու շրջան է: Ինչ խոսք` 2011-ի դեկտեմբերը գուցե լինի ոչ թե ձվերի, այլ բդերի վերաիմաստավորման շրջան: Սրանից, սակայն, էությունը չի փոխվում: Ի՞նչ տարբերություն` ձվերի՞ ֆոնին ես օնանիզմով զբաղվում, թե բդերի: Օնանիզմը, միեւնույն է, չի վերացնում չբավարարվածության զգացումը եւ ընդամենը խորհրդանշում է, որ ի վիճակի չես հաղթահարել ինքդ քեզ, ի վիճակի չես հաղթահարել քո հիմար վիճակը, որի անունն է` առաջ Հայաստան:
Նիկոլ Փաշինյան
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
11.01.2010թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,