> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԲԱՐԵՎ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ԹԱԽԻԾ…

ԲԱՐԵՎ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ԹԱԽԻԾ…

Եվրո` դե ինչպես չասես, յոնջաները Բելառուսում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո խորը հոգոց հանեցին, թե բա իզուր ենք մենք` յոնջաներս, էս ինչ եմ ասում` եվրոպացիներս, վստահությամբ վերաբերվել բարեփոխումներ անելուն ուղղված` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ձեւական քայլերին: Ողբում է, վնգստում է Եվրոպան Բելառուսում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ: Ինչ խոսք, Բելառուսում նախագահական ընտրությունները ապօրինի են եղել, բայց այստեղ, ի տարբերություն Հայաստանի, մարդ չեն սպանել: Բայց եվրովնգստոցը ինչ-որ շատ տպավորիչ է ստացվում:

Պատճառը ամենեւին էլ ընտրությունների խայտառակ ընթացքը չէ, այլ այն պարզ իրողությունը, որ Լուկաշենկոն որոշել է փակել ԵԱՀԿ առաքելությունը Բելառուսում: Հայաստանյան ավազակապետությունը նման քայլ չարեց, այլ ընդհակառակը, 2008թ. նախագահական ընտրություններից առաջ գործարքի գնաց ԵԱՀԿ-ի հետ. ՀՀ-ն, ի հեճուկս Ռուսաստանի խորհրդի, ԵԱՀԿ-ին հրավիրում է դիտարկել ընտրությունները, ԵԱՀԿ-ն էլ` սրա փոխարեն համը չի հանում ընտրական գործընթացը գնահատելիս: Այդպես էլ եղավ. չնայած 2008թ. նախագահական ընտրությունները պսակվեցին սպանդով ու պետական հեղաշրջմամբ, ԵԱՀԿ դիտորդները մնացին եվրոյոնջային վայել դիրքերում: Հարկավոր է արձանագրել, ի վերջո, որ Արեւմուտքի համար ժողովրդավարությունը Հայաստանում ոչ մի նշանակություն չունի: Արեւմուտքը մեր տարածաշրջանում, այդ թվում եւ Հայաստանում մի խնդիր է հետապնդում. որ ՀՀ-ն վերջնականապես եւ անվերադարձ չդառնա Ռուսաստանի ֆորպոստը: Քանի դեռ ավազակապետությունը շարունակում է որոշակի կոնտակտների եւ համագործակցության գնալ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ` Արեւմուտքը թքած ունի ժողովրդավարության վրա էլ, օրինականության վրա էլ, Մարդու իրավունքների վրա էլ: Իսկ Սերժ Սարգսյանը Եվրոպայի հետ Արեւելյան գործընկերություն է անում, նախարարություններում կաբինետներ է տալիս ժորժիկներին, զորավարժություններ է անում ՆԱՏՕ-ի հետ եւ էլի, էլի այսպիսի բաներ: Հա, նաեւ ասում է արեւմտյան միսիոներներին, որ եթե իրեն շատ ճնշեն, ինքն անվերադարձ ու աներկբա կդառնա ռուսական գուբերնատոր: Արեւմուտքի ջերմացումն, ի դեպ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ սկսվեց այն ժամանակ, երբ վերջինս բացահայտ հակամարտության գնաց Ռուսաստանի հետ: Երկար չտեւեց: Շեյխիկ Իլհամն էլ Արեւմուտքին ձեռնտու է նույն պատճառով. դիմադրում է Ռուսաստանին, նաեւ իսլամիստներին: Ջայնամ, թե ամեն օր չի բռնաբարում ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, Մարդու իրավունքները: Քավ լիցի. որեւէ բանում չեմ մեղադրում Արեւմուտքին. սա ո՞վ է, որ մի բան էլ մեղադրեմ: Այն շարժվում է իր քաղաքական շահերին համապատասխան: Պարզապես ցավալի է, որ ժողովրդավարություն, խոսքի ազատություն, Մարդու իրավունքներ կոչվող բարձր արժեքները վեր են ածում մի մեծ կապիկության:

Հ.Գ. Հիշո՞ւմ եք, չէ՞, որ ԱՄՆ պետքարտուղար Հ. Քլինթոնը 2010-ի երեւանյան այցի ժամանակ մտահոգություն արտահայտեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի վերափոխված տարբերակի կապակցությամբ: Սերժ Սարգսյանն էլ խոստացավ, որ էլի կբարեփոխեն օրենքը: Մեր վատագույն կանխատեսումներն իրականացան: «Ա1+»-ի եւ ԱԼՄ-ի հարցը լուծեցին, հիմա կբարեփոխեն օրենքը, որը հաճախականությունների բաշխման մասով առաջիկա 10 տարիներին չի օգտագործվի: Շուտով կփոփոխեն նաեւ Ընտրական օրենսգիրքը, եւ ընտրությունները կկեղծեն ոչ թե հին, այլ նոր Ընտրական օրենսգիրքը բռնաբարելով: Կարեւորը` վենետիկյանները գոհ կմնան:

Նիկոլ Փաշինյան
«Արթիկ» ՔԿՀ մենախուց
12.01.2011թ.

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,