> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՈՎ Է ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՂԸ

ՈՎ Է ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՈՂԸ

Մեր խմբագրություն են հասել «Հայկական ժամանակի» գլխավոր խմբագիր, «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նամակները, որոնք նա ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի ներկայությամբ հանձնել էր ՔԿՀ վարչակազմին: Բոլոր ծրարները «ՀԺ» էին ուղարկվել Արդարադատության նախարարության կողմից, փոստով` մեկ փաթեթի մեջ: Ծրարները, որոնց սոսնձի հատվածում Նիկոլ Փաշինյանը իր ստորագրություններն է դրել, բացված եւ կրկնակի սոսնձված էին: Թե ով է դրանք բացել, ու այն էլ` այդքան անտաղանդ ձեւով, դժվար չէ կռահել: Դա օրենքի խախտում է, որովհետեւ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի (Դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ) 5-րդ կետը սահմանում է.«Նամակագրությունն իրականացվում է ուղղիչ հիմնարկի վարչակազմի միջոցով եւ, առանց նամակագրության բովանդակությանը ծանոթանալու, ենթակա է արտաքին զննման՝ արգելված առարկաների կամ նյութերի փոխանցումը բացառելու նպատակով»: Կարծում ենք, սակայն, տվյալ դեպքում պետք է ներողամիտ լինել, քանի որ «ՀԺ»-ի բոլոր ընթերցողները անհամբերությամբ էին սպասում Նիկոլ Փաշինյանի հոդվածներին, եւ նրանք, ովքեր «պաշտոնի բերմամբ» ունեին այդ հնարավորությունը, ակնհայտորեն չեն ցանկացել առաջինը կարդալու մոլուցքը փոխարինել ՀՀ օրենքի տառը պահպանելու իրենց պարտավորությամբ: Ստորեւ ներկայացնում ենք մեր ստացած հոդվածներից առաջինը.

ՆԱՄԱԿ ՍԵՐԺԱՆՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Իսկապես, դժվար էր պատկերացնել, որ Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը այդքան արագ կբացահայտի սերժանտական չինովնիկի իր դեմքը: Բայց նա դա արեց` նախարարի պաշտոնում իր առաջին ասուլիսում, որ հրավիրել էր` նույնիսկ չսպասելով նշանակման հարյուր օրվա լրանալուն: Ինքը իրեն խելոք է համարում, իմաստուն. դեմքին նայեք` միանգամից կհասկանաք: Եւ ուրեմն` փաթթած ունի հարյուր օրը եւ ցանկացած պահի պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի:

Այսպես, ահա, իմ շուրջ ստեղծված վիճակի կապակցությամբ այնպիսի հայտարարություններ արեց, որ նույնիսկ եփած հավը, որ ստացել էի վերջին հանձնուքով, սկսեց քահ-քահ ծիծաղել:

Թովմասյանը նախ ասաց, որ իմ նամակագրության խոչընդոտների առնչությամբ ծառայողական քննություն է անցկացրել, որի արդյունքում պարզել է, որ իրականում ես ոչ մի նամակ էլ չեմ հանձնել «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին: Լավ քննություն է անցկացրել ինքն իրեն սահմանադրագետ հորջորջող սույն պերսոնը: Պատկերացնո՞ւմ եք` քննություն են անցկացրել իմ նամակների մասին, բայց նամակների պոտենցիալ հեղինակին ոչինչ չեն հարցրել: Այսինքն` ինձ չեն հարցրել` ես նամակ գրե՞լ եմ, թե՞ ոչ, բայց եզրակացրել են, որ ոչ մի նամակ էլ չեմ հանձնել: Իսկ կարող ա՞, պարոն նախարար, չիշիկ ունեմ, թե՞ քունս տանում է:

Մտքի տիտան Թովմասյանը չի հասկանում նաեւ, թե ինչու ս/թ հունվարի 9-ին, իրավապաշտպան Արթուր Սաքունցի ներկայությամբ ես «Արթիկ» ՔԿՀ ներկայացուցիչներին ընդամենը 1 ծրար եմ հանձնել եւ ոչ թե 15: Հայտնի ֆիլմի հերոսը կասեր. «Կակ գավարիտ նաշ դառագոյ շեֆ, եսլի չելավեկ իդիոտ, էտը նադոլգը»: Թովմասյանի տրամաբանությամբ ստացվում է, որ դեկտեմբերի 1-ից նամակներ գրելով, ես դրանք պետք է ոչ թե սահմանված կարգով ուղարկելու միջոցներ ձեռնարկեի (բանտում գտնվող մարդը, ի դեպ, չի կարող անձամբ փոստ այցելել, ոչ էլ փոստատարը կարող է իրեն այցելել. սրա համար էլ, ՀՀ օրենսդրությունը նախատեսում է, որ բանտում գտնվող անձը իր նամակները հանձնի ՔԿՀ ներկայացուցչին, որն էլ պարտավոր է այդ նամակները հասցնել փոստին), այլ հավաքեի դոշակիս տակ, որ երբեւէ Արթուր Սաքունցը ինձ այցելեր, ու ես տասնյակ նամակները նրա ներկայությամբ հանձնեի: Այդ ժամանակ էլ պիտի ասեիք, որ գրել է, բայց հատուկ չի հանձնել նամակները, որ աղմուկ-աղաղակ բարձրացնի: Իսկ Սաքունցի այցի պահին իմ ձեռքի տակ այդ մի հատիկ նամակը կար այն բանի շնորհիվ, որ դեկտեմբերի 23-ից ինձ մոտից արդեն ծրարներ չէին վերցնում: Դեկտեմբերի 23-ից հետո մինչեւ հունվարի 10-ն էլ հոդվածներ չեմ գրել, որովհետեւ դեկտեմբերի 23-ի դրությամբ արդեն «Արթիկ» ՔԿՀ ներկայացուցիչներին հանձնել էի 10 նամակ, որոնց մեջ թվով 11 հոդվածներ կային, իսկ «ՀԺ»-ն ընդամենը 5 համար թողարկելուց հետո պետք է արձակուրդ գնար: Հունվարի 10-ից, ահա, ամեն օր հոդվածներ գրեցի եւ որպես արդյունք հիմա դարակումս 6 ծրար ունեմ (այս հոդվածը գրելուց հետո կդառնա 7), որոնք չեն ուղարկում, որովհետեւ «Արթիկ» ՔԿՀ ներկայացուցիչները հրաժարվում եմ դրանք վերցնել: Նախկինում վերցրածներն էլ չգիտեմ ինչ են արել:

Թովմասյանի ասուլիսի ամենահանճարեղ հատվածը, սակայն, այն էր, որ նա ինձ առաջարկեց ծրարներս իրեն ուղարկել, եւ ինքը դրանք անձամբ կհասցնի «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն: Ահա, երբ ստացա հունվարի 18-ի թերթերը եւ ռադիոյով լսածս մի հատ էլ սեփական աչքերով կարդացի, բռնեցի ու գրեցի հետեւյալ դիմումը, որ մեջբերում եմ բնօրինակի ճշգրիտ նմանությամբ.

«ՀՀ արդարադատության նախարար
Հ. Թովմասյանին, «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող
քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանից

Դիմում

Պարոն Թովմասյան.
Անսալով ձեր խորհրդին, որով դուք հանդես եք եկել ս/թ հունվարի 17-ին ունեցած ասուլիսում, սույն դիմումին կից ձեզ եմ ներկայացնում թվով վեց` փակ, նամականիշով ծրարներ, որոնցում հունվարի 10-ից 17-ը իմ գրած հոդվածներն են: Այդ ծրարները ես չեմ կարողացել սահմանված կարգով հանձնել «Արթիկ» ՔԿՀ վարչակազմին` ի կատարումն ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված իմ նամակագրության իրավունքի:

Պարոն Թովմասյան.
Հույս ունեմ` դուք, ձեր խոստման համաձայն, այս ծրարները անձամբ կհասցնեք «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրություն: Կամ էլ` կհանձնարարեք ձեր տեղակալներից որեւէ մեկին: Ծայրահեղ դեպքում ՔԿ վարչության պետին` հաշվի առնելով խնդրի բացառիկ կարեւորությունը:

Կանխավ շնորհակալություն
Ն. Փաշինյան, քաղբանտարկյալ
18.01.2011թ. ժամը` 16.50

Հ.Գ. Տեղյակ եմ պահում ձեզ, որ իմ եւս 10 նամակներ գտնվում են «Արթիկ» ՔԿՀ վարչակազմի ներկայացուցիչների մոտ: Այդ ծրարները նրանք վերցրել են սկսած 2010թ. դեկտեմբերի 2-ից, բայց սահմանված կարգով չեն ուղարկել ըստ հասցեի»:

Ահա այսպիսի դիմում գրեցի եւ համապատասխան անձանց տեղյակ պահեցի, որ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված դիմում ունեմ, թող գան ընդունեն: Հիմա արդեն հունվարի 19-ի ժամը 20.57 է, բայց ոչ ոք չի եկել ընդունելու, չնայած մի քանի անգամ ապսպրել եմ ՔԿՀ ղեկավարությանը: Բա` Հրայր Թովմասյան: Առաջ նամակներս չէին ուղարկում, հիմա էլ` տեսնում եք, թե ինչը չեն ուղարկում: Չնայած ես գիտեմ, որ դուք գիտեք, որ դուք եւ ձեր վերադասն եք ՔԿՀ-ին հրահանգել` չվերցնել կամ չուղարկել իմ նամակները: Բայց ես շարունակում եմ գրել: Հնարավոր է` Թոմաս Համարբերգը այցելի ինձ, եւ ես մտադիր եմ այս դիմում-նամակները նրա օգնությամբ տեղ հասցնել: Եթե ընթերցողը թերթում կարդում է այս հոդվածը, ուրեմն պլանս գործել է:

Նիկոլ Փաշինյան
«Արթիկ» ՔԿՀ մենախուց

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , , ,


  1. LEVON
    Փետրվար 3rd, 2011 at 02:08 | #1

    1+1+1+1+1+1+1+1

  2. MM
    Փետրվար 14th, 2011 at 01:59 | #2

    Nikol du hrashq es!!!!!!!!!!!!!!!!

  1. No trackbacks yet.