ԿՐԻՄԻՆԱԼԻ ԵՎ ԱՎԱԶԱԿԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՕՊԵՐԱՑԻԱՆ
«Կոշ» քրեակատարողական հիմնարկում Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Մնոյանի նախագահությամբ ավարտվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի` ընդդեմ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Տիգրան Նավասարդյանի հայցադիմումի քննարկումը: Անակնկալ տեղի չունեցավ: Մնոյանը, համալրելով Նիկոլի դեմ քաղաքական հետապնդում իրագործող պաշտոնյաների շարքը, մերժեց քաղբանտարկյալի հայցադիմումը` համարելով, որ ՔԿՀ պետն իրավասու է իր հայեցողությամբ կատարած թվաբանությամբ Նիկոլի ազատազրկման ժամկետը ավելացնել: Իսկ մինչ դատական նիստը կսկսվեր, Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց:
«Վերջին օրերին մենք ականատես եղանք կրիմինալի եւ ավազակապետության համատեղ օպերացիային: Ինձանից ի՞նչ էին պահանջում` պահանջում էին, որ հոդվածներ չգրեմ եւ դրոշ չունենամ իմ գլխավերեւում: Հիմա ինձ տարել են պատժախուց, որտեղ թուղթ ու գրիչ ունենալն արգելվում է, դրոշ արգելվում է եւ որեւէ այլ առարկա արգելվում է: Այսինքն, ավազակապետությունը, տեսնելով, որ կրիմինալի միջոցով չի կարողանում իր նպատակներին հասնել, գործի է դնում «օրենքը»: Ես ցանկանում եմ հայտարարել հետեւյալը. ինձ պատժախուց են տարել արդարադատության նախարարության կողմից իմ մասին անարգել ստեր տարածելու համար: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության լածիրակի` իմ վերաբերյալ արած բոլոր հայտարարությունները առնվազն 70 տոկոսով սուտ են: Այն հայտարարությունը, թե ես իբր հրաժարվել եմ մուտք գործել քրեակատարողական հիմնարկի բնակելի տարածք, չի համապատասխանում իրականությանը: Ինձ արգելել են մուտք գործել բնակելի գոտի իմ անվտանգության նկատառումներով: Ավելին, ամսի 16-ին ես դիմում եմ գրել ՔԿՀ պետին, որ ինձ թույլ տա տեղափոխվել բնակելի գոտի: ՔԿՀ պետը, որպեսզի հիմք ունենար այդ դիմումի պահանջները չկատարելու համար, որոշում է կայացրել ինձ տույժի ենթարկելու մասին: Ինձ պատժախուց տեղափոխելու որոշումը զավեշտալի է, եւ ընդհանրապես ինձ պատժախցում փակելու նպատակը ինձ լռեցնելն է:
2008-ի մարտի 1-ից հետո սա միակ ժամանակաշրջանն է, որ ես հոդված գրելու հնարավորություն չունեմ: Ես պատժախցում արտաքին աշխարհի հետ ոչ մի շփում չունեմ: Եթե անգամ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացնի, ես այդ մասին տեղյակ չեմ լինի: Իմ կարծիքով, այս ժամանակաշրջանը արդարադատության նախարարությունը պետք է փորձի օգտագործել անարգել իմ մասին տարբեր տեսակի ստեր տարածելու համար: Այնպես որ, ցանկացած տեղեկատվության հանդիպելիս, որը կտարածի արդարադատության նախարարությունը, անհրաժեշտ է հաշվի առնել սա: Ես հայտարարել եմ եւ հայտարարում եմ, հանուն ազատ եւ երջանիկ Հայաստանի` պայքարելու եմ մինչեւ վերջ, անկախ նրանից, բանտում կլինեմ, թե ազատության մեջ, պատժախցում կլինեմ, խցում կլինեմ, զոնում կլինեմ, թե որտեղ: Ուրեմն Սերժիկը թող իմանա` ինձ որեւէ մեթոդով կանգնեցնել հնարավոր չի: Ես պայքարելու եմ մինչեւ վերջ եւ սեփական ձեռքերով կերտելու եմ Սերժիկի վարչակազմի տապալումը»,-ասաց քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը:













