> ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ > ԳԵՐԽՆԴԻՐԸ ՆԻԿՈԼԻՆ ԼՌԵՑՆԵԼՆ Է

ԳԵՐԽՆԴԻՐԸ ՆԻԿՈԼԻՆ ԼՌԵՑՆԵԼՆ Է

Նիկոլ ՓաշինյանՆերկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի ելույթը երեկ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Պատժախցում գտնվելու պատճառով Նիկոլ Փաշինյանը զրկված է եղել ելույթին գրավոր պատրաստվելու հնարավորությունից` չունենալով ոչ միայն դրա համար անհրաժեշտ փաստաթղթերը, այլեւ նույնիսկ` թուղթ ու գրիչ:

«Հարգելի դատարան, տվյալ իրավիճակում մենք ինչի՞ հետ գործ ունենք. մենք գործ ունենք հետեւյալի հետ, որ 2010 թվականի ապրիլի 30-ին իմ դեմ կայացված վճիռը մտել է օրինական ուժի մեջ, եւ դատարանը քանի որ որոշել էր, որ պատժի չկրած մասը կիսով չափ պիտի կրճատվի, Տիգրան Նավասարդյանը իմ բանտում գտնվելու ժամանակաշրջանը` հուլիսից մինչեւ ապրիլ, հանել է եւ մնացած մասը կիսել է, ստանալով վերջնական պատիժը` հաշվարկելով 3 տարի 10 ամիս 29 օր: Բայց մենք ունենք շատ կարեւոր մի իրավիճակ. որ փաստորեն իմ իրավունքների օգտագործումը, այն փաստը, որ ես իմ իրավունքներից օգտվել եմ, աշխատել է իմ դեմ: Ի՞նչ նկատի ունեմ. այսինքն եթե իմ գործով դատավճիռը արագ ուժի մեջ մտներ, իմ պատժաչափը փաստացի այլ կլիներ: Եթե, ենթադրենք, սեպտեմբերի 1-ի դրությամբ մենք ունենայինք օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իմ պատժաչափը կկրճատվեր կիսով չափ եւ արդյունքում կլիներ 3 տարի ասենք 7 ամիս: Բայց տեղի չի ունեցել: Ինչո՞ւ:

Որովհետեւ նախաքննությունը ավարտվել է օգոստոսի առաջին օրերին: Ես քանի որ պատժախցում փաստաթղթեր ունենալու հնարավորություն չեմ ունեցել, էս տվյալները մոտավոր կասեմ, լրիվ ճշգրիտ չի լինի: Օգոստոսին ավարտվել է իմ գործով նախաքննությունը: Հաջորդ քայլով, գործերի ծանոթացման փուլում ես օգտվել եմ պաշտպան ընտրելու իմ իրավունքից: Երբ իմ նախկին պաշտպանների հետ մենք պայմանավորվել ենք, որ իրար հետ չենք աշխատում, ես գործում ներգրավել եմ նոր պաշտպաններ: Նոր պաշտպանները, բնականաբար, գործին ծանոթանալու համար ժամանակ են վերցրել: Մի ամիս իրենք ծանոթացել են գործի նյութերին, որից հետո նշանակվել է դատական նիստ: Առաջին ատյանի դատարանում շաբաթը մի անգամ նիստ է նշանակվել, եղել է, որ մի շաբաթ նիստ չի եղել, տարբեր պատճառներով: Այսինքն, եթե տեսականորեն կարող էր դատական գործը ավարտվել մի շաբաթում կամ 10 օրում, հոկտեմբերին սկսվել է եւ ավարտվել է, ավարտվել է… հունվարի 19-ին է ավարտվել իմ դատավարությունը, եւ հարց եմ տալիս, ինչո՞ւ է դատարանը հոկտեմբերին նշանակել դատական նիստ, թող ավելի շուտ նշանակեր, կամ ինչո՞ւ է իմ դատավարությունը տեւել այդքան երկար: Ասենք, մի մասի պատճառն այն է, որ ես պաշտպանվելու իմ իրավունքից օգտվել եմ: Երկրորդը, դատաքննությունը ավարտվել է դեկտեմբերի 25-ին կամ 26-ին, դատարանը դատավճռի հրապարակումը նշանակել է հունվարի 19-ին: Ինչո՞ւ է հունվարի 19-ին նշանակել, թող ավելի վաղ նշանակեր:

Եթե արդյունքում էդ ամեն ինչը պետք է իմ իրավունքների խախտում դիտվեր: Այսինքն, իրավիճակը ճիշտ ենք չէ՞ հասկանում, ինչքան արագ ավարտվեր իմ դատավարությունը, էնքան իմ օգտին կլիներ: Եթե ուրեմն մեր օրենսդրությունը այնպիսին է, որ էսպես պետք է լիներ, թող արագ անեին իմ դատը: Բացի այդ, ամսի 19-ին առաջին ատյանի դատարանը կայացրել է դատավճիռ: Ինչո՞ւ չի անդրադարձել համաներմանը: Չէ՞ որ համաներման ակտով հստակ գրված է, որ դատարանը պարտավոր էր դա անել, օրինական ուժի մեջ չմտած գործերով դատարանը պարտավոր էր ինքը կիրառել համաներման ակտը: Չի արել: Սրանից հետո մենք ի՞նչ ենք արել, մենք թույլ չենք տվել, որ առաջին ատյանի դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ եւ դիմել ենք վերաքննիչ դատարան: Բայց ի՞նչ իմանայինք մենք, որ Վերաքննիչ դատարան դիմելով, իմ բանտարկության ժամկետը երկարացնում ենք: Այսինքն, եթե մենք վերաքննիչ դատարան չդիմեինք, եւ այդ վճիռը, օրինակ, մտներ ուժի մեջ անմիջապես մեկ ամիս հետո` փետրվարի 19-ին, իմ ազատազրկման ժամկետը, բանտարկության ժամկետը համապատասխան չափով պակաս կլիներ: Մի ամիս էլ այդտեղ ենք ավելացնում: Հետո վերաքննիչ դատարանում նիստը տեւել է ահագին երկար: Հետո՞ ինչ ենք արել: Հետո դիմել ենք վճռաբեկ դատարան: Բայց աշխարհի ո՞ր երկրում է այդպիսի բան լինում, որ երբ դու բողոքարկում ես վճիռը, բողոքարկման արդյունքում քո բանտարկության ժամկետը ավելանում է: Նման բան ժամանակակից ոչ մի երկրում չի լինում: Իսկ ո՞վ է ասել, որ Վճռաբեկ դատարանը պետք է էդքան ուշ կայացներ որոշում: Թող շատ արագ կայացներ որոշումը, որպեսզի իմ դատավճիռը վերջնական օրինական ուժի մեջ մտներ ոչ թե ապրիլի 30-ին, այլ ապրիլի 20-ին, օրինակ: Ոչ մի արգելք չկար: Եւ հետո, եկեք դիտարկենք մի ուրիշ, տեսական իրավիճակ, եթե այս ողջ ընթացքում ես կալանքի տակ չլինեի: Այսինքն խափանման միջոց ընտրված լիներ ստորագրություն չհեռանալու մասին, ես էս բոլոր պրոցեսները անցնեի, երբ գար համաներում կիրառելու պահը: Համաներում կիրառելու պահին պետք է թողնեին, որ ես մի օր ազատազրկում կրեմ, որից հետո էն 7 տարի մինուս մի օրը պետք է հաշվարկվեր որպես պատժի չկրած մաս ու կիսվեր: Արդյունքում մենք պետք է ստանայինք 3 տարի 6 ամիս ազատազրկում: Մի ասացվածք կա, « Раньше сядешь, раньше выйдешь»:

Իմ դեպքում էդպես չի գործում էդ ասացվածքը, ես շուտ նստել եմ, ուշ պիտի դուրս գամ: Աբսուրդ է, այսինքն, ստացվում: Սրանից հետո հրաշք է տեղի ունենում, մի մե՜ծ հրաշք է տեղի ունենում. դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վարդան Ավետիսյանը միջնորդում է Տիգրան Նավասարդյանին, ասում է` ապօրինի է որոշումդ, որոշումդ համապատասխանեցրու օրենքին: Ուրիշ հրաշք է տեղի ունենում. Տիգրան Նավասարդյանը` քրեակատարողական հիմնարկի պետը, առյուծի սիրտ է ուտում, բռնում, դատախազության միջնորդությունը մերժում է: Սրա հրաշքը ոչ միայն այն է, որ գլխավոր դատախազությունը` Աղվան Հովսեփյանի ղեկավարած, կարող է էնպիսի միջնորդություն կայացնել, որ իմ անձին օգուտ լինի… Եթե դատախազությունը միջնորդեր, որ մի 6-7 ամսով էլ կամ էդքան տարով ավելացրեք պատիժը, ես դա կհասկանայի, բայց բռնել-միջնորդել են` 6 ամսով պակասեցրեք պատիժը: Դա հրաշք է: Ու տեղի է ունենում երկրորդ հրաշքը. Տիգրան Նավասարդյանը դատախազության, հլը պատկերացրեք, է՞, Աղվան Հովսեփյանի դատախազության միջնորդությունը բռնում ու մերժում է: Այ ըտենց ուժեղ տղա է Տիգրան Նավասարդյանը… Հասկանալի է, չէ՞ մեզ բոլորիս, որ էս հրաշքների մեջ պետք է քաղաքական դրդապատճառ փնտրել: Ո՞րն է այդ քաղաքական դրդապատճառը: Եթե էս 3 տարի 10 ամիս 29 օր, 3 տարի 6 ամիսը կոնկրետացնենք կոնկրետ ժամանակաշրջանի վրա, ուրեմն հանելուկը կլուծվի միանգամից: Եթե իմ պատժաչափը լինում է 3 տարի 6 ամիս, եւ եթե մի ուրիշ հրաշք է տեղի ունենում, եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը հասնում է հերթական նախագահական ընտրությունների, իսկ Սերժ Սարգսյանի իշխանությունը, բնականաբար, հաշվարկները պիտի կառուցի իր համար լավատեսական սցենարով, եթե էդ հրաշքը տեղի է ունենում, եւ Հայաստանում տեղի են ունենում հերթական նախագահական ընտրություններ, ուրեմն 3 տարի 6 ամսի դեպքում ես բանտից դուրս եմ գալիս 2013 թվականի հունվարի 1-ին: Դա նախագահական ընտրությունների քարոզարշավի ամենաբուռն շրջանն է: Այսինքն, էդ ժամանակ տեղի են ունենում քարոզարշավ, հանրահավաքներ եւ այլն, եւ այլն: Իսկ հանրահավաք, արդեն հասկանում եք… Հանրահավաք արտահայտության եւ իմ անուն-ազգանվան համադրությունը ինչպիսի զգացմունքներ է առաջացնում Սերժիկ Սարգսյանի նուրբ հոգում` կարծում եմ, բոլորս գիտենք: Ահա, երբ որ մենք գործում ենք, առաջնորդվում ենք, իրադարձությունները զարգանում են այն տարբերակով, որ 3 տարի, 10 ամիս, 29 օր է, ես ըստ էս դատավճռի` դուրս եմ գալիս բանտից 2013 թվականի մայիսի 31-ին կամ 30-ին: Այդ ժամանակ իշխանության համար լավատեսական սցենարով ավարտված են լինում ոչ միայն նախագահական ընտրությունները, ոչ միայն հրապարակված են լինում արդյունքները, այլեւ երդմնակալության արարողությունն է տեղի ունենում, եւ երկու օր առաջ սպառված է լինում կառավարություն ձեւավորելու համար օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետը: Էս է ամբողջ պատմությունը. Այսինքն խնդիրը, ճիշտ հասկանանք, ես ընդամենը փաստերն եմ արձանագրում, եւ այդ փաստերը շատ խոսուն են, եւ ակնհայտ է, որ բավականին ուշ են գլխի ընկել կամ չգիտեմ ինչ-ինչ պատճառներով իմ նկատմամբ կրկնակի մեղադրական դատավճիռ է կայացվել: Մեկը` հունվարի 19-ին, որով առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել, որ ինձ 7 տարի ազատազրկման դատապարտի, եւ երկրորդ դատավճիռը կայացրել է Տիգրան Նավասարդյանը` իմ` օրենքով սահմանված պատժաչափը մոտավորապես 6 ամսով ավելացնելով: Եւ սրա հիմքում կարող է լինել միայն մեկ դրդապատճառ, դա քաղաքական դրդապատճառն է: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը եւ իր իշխանությունը, Աղվան Հովսեփյանը եւ մյուսները ամեն ինչ անում են, բոլոր հնարավոր միջոցները գործադրում են, որ ես հնարավորինս ուշ բանտից դուրս գամ: Իսկ եթե տարբերակ լինի, դուք վերջին շրջանում իմ շուրջ տեղի ունեցող իրադարձություններին ծանոթ եք, եթե հնարավոր լինի իմ եւ հանրության զգոնությունը բթացնել, ամեն ինչ պետք է անեն, որ ես բանտից դուրս չգամ կամ ինքնուրույն դուրս չգամ, ինձ հանեն բանտից: Այսինքն դա նրանց պլանների մեջ է մտնում եւ ակնհայտ է, եւ իմ անվտանգության հետ կապված վերջին շրջանում բանտում առաջացող խնդիրները սա են վկայում: Սերժ Սարգսյանը եւ իր վարչակազմը, ինչպես բոլոր մյուս քաղբանտարկյալների հետ, այդ թվում նաեւ ինձ հետ ունի խնդիր, եւ նրանք բոլոր հնարավոր միջոցները գործադրում են ինձ լռեցնելու համար: Սա էլ հերթական հոգեբանական ճնշման ձեւ է, որպեսզի ես իբր հոգեբանական ինչ-որ ցնցումների, տվայտանքների մեջ ընկնեմ` վեց ամիս ավել, վեց ամիս պակաս, կամ` պատժախուց, կամ` վայ էս կրիմինալը, վայ էն մեկը, էն մեկը, էն մեկը: Ես ուզում եմ հիասթափեցնել Սերժ Սարգսյանին եւ նրա այդ երազանքը կիսողներին եւ էլի ուզում եմ ասել, որ ինձ լռեցնել հնարավոր չէ: Ինչպես ասել եմ նախկինում, հիմա էլ եմ ասում. հանուն Ազատ եւ Երջանիկ Հայաստանի պայքարելու եմ անդադար, պայքարելու եմ մինչեւ վերջ եւ որեւէ ակնթարթ չեմ կասկածել, որ մեր այդ պայքարը ի վերջո հասնելու է հաղթական հանգրվանի: Այսքանը»:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ԵԼՈՒՅԹՆԵՐ, ՀՈԴՎԱԾՆԵՐ , , , ,


  1. Anushik
    Նոյեմբեր 23rd, 2010 at 10:26 | #1

    himi el lrenq exbarq, himi el?

  1. No trackbacks yet.