> ՀՈԴՎԱԾՆԵՐ > ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՊԱՇՏՊԱՆ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՊԱՇՏՊԱՆ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը երեկ իր պաշտպան փաստաբան Վահե Գրիգորյանի միջոցով հայտարարություն է տարածել` ի պատասխան ՔԿՎ խոսնակ Արսեն Բաբայանի հերթական սուտ հայտարարության: «2010 թվականի նոյեմբերի 16-ին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը հայտարարել է, թե իբր Նիկոլը երկարատեւ տեսակցությունից հետո հրաժարվել է մուտք գործել բնակելի գոտի, եւ իբր իր բանավոր դիմումի հիման վրա ՔԿՀ վարչակազմը իրեն մեկուսացրել է անվտանգության նկատառումներով: Նիկոլը միանշանակ պնդում է, որ այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել հետեւյալը. երկարատեւ տեսակցությունից հետո ՔԿՀ-ի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահ Ֆահրադ Մարտիրոսյանը, անվտանգության ապահովման բաժնի պետ Արտավան Բաղդսարյանն իրեն արգելել են մուտք գործել բնակելի գոտի` պատճառաբանելով, թե օպերատիվ տեղեկություններ ունեն, որ իր կյանքի եւ անվտանգության համար բնակելի գոտում սպառնալիքներ կան, ուստի իրենք որեւէ պարագայում թույլ չեն տալու մուտք գործել բնակելի գոտի, եւ իրեն առաջարկել են դիմում գրել, համաձայն որի` ինքը խնդրում է, որ իրեն տեղափոխեն բնակելի գոտուց առանձին տարածք` անվտանգության ապահովման նկատառումներով: Նիկոլը պատասխանել է. «Օպերատիվ տեղեկությունը դուք ունեք, իմ անվտանգության պատասխանատուն, ըստ օրենքի` դուք եք, դուք էլ ապահովեք այդ ամենը», եւ հրաժարվել է դիմում գրել: Հետո իրեն առաջարկվել է արձանագրություն կազմել, ըստ որի, ինքը խնդրում է իրեն տեղափոխել: Նիկոլը հրաժարվել է նաեւ նման արձանագրության կազմմանը մասնակցել: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՔԿՀ պետին, հետաքրքրվել է, թե որն է իրեն մեկուսացնելու պատճառը: Իրեն պատասխանել են, որ իր անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով են իրեն մեկուսացրել: Բայց մեկուսացնելով հանդերձ, իր նկատմամբ կիրառել են պատժախցում գտնվող դատապարտյալի նկատմամբ կիրառվող սահմանափակումները: Այն, ինչ արդարադատության նախարարությունը հայտարարել է, միանշանակ սուտ է, Նիկոլը որեւէ դիմում չի գրել, ոչ բանավոր եւ ոչ էլ գրավոր որեւէ մեկին չի խնդրել իրեն տեղափոխել»- Նիկոլ Փաշինյանի հետ երեկ տեսակցելուց հետո նրա խոսքերն է փոխանցել փաստաբան Վահե Գրիգորյանը:
Վահե Գրիգորյանը տեղեկացրել է նաեւ, որ երեկ «Կոշ» ՔԿՀ-ի վարչակազմը խոչընդոտել է իր եւ Նիկոլ Փաշինյանի տեսակցությանը: Փաստաբանը Նիկոլ Փաշինյանի հետ տեսակցելու դիմում է ներկայացրել ժամը 15.30-ին, որը, ըստ ՔԿՀ-ի գրանցման, մուտքագրվել է 15.38-ին: Սակայն տեսակցության հնարավորություն տվել են մոտ 40 րոպե սպասեցնելուց հետո: Իսկ արդեն ժամը 17.10-ին ՔԿՀ-ի աշխատակիցները ընդհատել են տեսակցությունը` հայտարարելով, թե տեսակցության ժամն ավարտվել է: «Այսօրվա առանձնատեսակցությունը դադարեցնելը Նիկոլի պաշտպանական իրավունքի խախտում է: Այդպիսով խոչընդոտել են նաեւ նրա` ԵԴ ներկայացվելիք դիմումը պատրաստելու աշխատանքներին: Նա այս պահին չի կարող գրագրություն ունենալ, նա զրկված է ԶԼՄ-ների հետ անմիջական շփվելու հնարավորությունից, եւ, այսպիսով, անօրինական ձեւով խստացվել է նրա պահման ռեժիմը»,- տեղեկացրել է Վահե Գրիգորյանը:

  • Print this article!
  • E-mail this story to a friend!
  • Facebook
  • TwitThis
  • Google
  • MySpace
  • Technorati
  • LinkedIn
  • del.icio.us
  • Digg
  • StumbleUpon
  • Tumblr

ՀՈԴՎԱԾՆԵՐ , , ,


  1. Մեկնաբանություն դեռ չկան:
  1. No trackbacks yet.