ՄԻ ՔԱՆԻ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Նոյեմբերի լույս 11-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում երկու դիմակավորված անձանց կողմից ինձ վրա կատարված հարձակման քննարկումներին հետեւելիս որոշ հարցերի շուրջ պարզաբանմամբ հանդես գալու անհրաժեշտություն զգացի: Ահավասիկ` տվյալ նյութը նման պարզաբանումների շարադրում է:
1. որտեղի՞ց իմացաք
ՀՀ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը իրականում ինքն իրեն հիմար վիճակի մեջ է դրել` հայտարարելով, թե հետաքննության ընթացքում պարզվել է, որ «Կոշ» ՔԿՀ-ից ոչ մի արտաքին զանգ չի եղել միջադեպի գիշերը, ու եթե զանգ չստանալով` դրսում գտնվող մարդիկ ահազանգել են տեղի ունեցածի մասին, նշանակում է` եղել է նախապես պլանավորված սցենար: Գեւորգ Դանիելյանը, ի՞նչ է, մտածում է, թե Հայ ազգային կոնգրեսը, կամ իմ հարազատները, կամ ես ինքս իր հույսի՞ն պիտի մնայինք անվտանգության հետ կապված հարցերում եւ չպիտի՞ արագ արձագանքման մեխանիզմներ ստեղծեինք: Եթե այսպես է մտածում` ավելի վատ իր համար: Դեպքի մասին արտաքին աշխարհին ահազանգել է այն մարդը, որի միակ գործառույթն ու պարտավորությունը տվյալ խնդրի համատեքստում հենց միմիայն դա անելն է` արտակարգ իրավիճակի պայմաններում: Ու եթե Գեւորգ Դանիելյանը խոստանա հրաժարական ներկայացնել` դիլետանտիզմի հիմքով` ես կբացահայտեմ այն մեխանիզմը, որով արտաքին աշխարհը տեղեկացել է ինձ վրա տեղի ունեցած հարձակման մասին: Եթե ապացույցներս անառարկելի լինեն` Դանիելյանը թող հրաժարական տա, եթե ոչ, այսինքն` կասկածելի լինեն ապացույցներս, ես ներողություն կխնդրեմ:
2. սպեցնազ
Մամուլում արդեն հրապարակումներ են եղել, թե ես հայտարարել եմ, որ ինձ վրա հարձակվողները հատուկջոկատայիններ են եղել: Բացեք եւ նորից կարդացեք դեպքի մասին իմ գրածներն ու հայտարարությունները: Ես ասել եմ, որ հարձակվողներին տեսնելուց հետո գլխումս ծագած առաջին միտքն այն էր, որ նրանք հատուկջոկատայիններ էին: Այն, որ նրանց հագուստը` դիմակներ, բաճկոններ` հատուկջոկատայինի էին, համոզված եմ 99.9 տոկոսով: Բայց թե ովքեր էին դրանց մեջ` հատուկջոկատայիններ, թե դատապարտյալներ` ինչպե՞ս կարող եմ իմանալ: Իմ ունեցած նախնական տվյալներն, ի դեպ, բավարար են հարձակվողներին լրիվությամբ բացահայտելու համար: Հարցն այն է, սակայն, թե ով պետք է իրականացնի բացահայտումը, եթե երկրիս իշխանավորները արդեն իսկ հայտարարել են, թե միջադեպի մասին իմ ահազանգը կեղծ է:
3. խո՞ւց, թե սենյակ
Ինձ հետ կապված հրապարակումներում` տարածքը, որտեղ ես պահվում եմ այլ դատապարտյալների հետ, հաճախ խուց են անվանում: Իրականում դա խուց չէ, որովհետեւ այդ տարածքի դուռը չի փակվում եւ օրվա մեջ բաց է 24 ժամ: Դռան վրա նույնիսկ փական չկա, եւ ՔԿՀ ցանկացած դատապարտյալ այդ սենյակ կարող է մուտք գործել իր ուզած ժամանակ: Նույնը եւ ՔԿՀ աշխատակիցները: Այսինքն` իմ քնելատեղը եւ բոլորի քնելատեղը ՔԿՀ բնակելի գոտում գտնվող ամեն մեկի համար մատչելի է, ինչպես բնակելի գոտու` զոնի ողջ տարածքը: «Կոշ» ՔԿՀ մուտք գործելու առաջին իսկ պահից ես տեղի ղեկավարությանը տեղյակ եմ պահել, որ իմ պահման պայմանները չեն համապատասխանում ՀՀ Քրեակատարողական օրենսգրքով հաստատված չափորոշիչներին: «Կոշ» ՔԿՀ պետը ամեն անգամ ինձ խնդրել է մի քիչ էլ համբերեմ:
Հ.Գ. Երեկ վերջապես հետաքննության մարմինը` «Կոշ» ՔԿՀ օպեր-բաժինը, ինձնից ստացավ նոյեմբերի լույս 11-ի գիշերը ինձ վրա տեղի ունեցած հարձակման իրեղեն ապացույցները` վերմակի ծրարը, որի վրա սապոգի եւ արյան հետքեր կան եւ գիշերազգեստի տաբատը, որի վրա նույնպես արյան հետքեր կան:
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ














APRES
DU HIMA PAK SHAXMAT CHXAXAS
Nikol jan bolorn el giten yev havatum en qez, ays takanqneri gorcoxutyunnere du arden vaxuc bacahaytel es, dra hamar en varvac.
dimaci Nikol jan…